«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2007-02-13 | #27, 2007-02-14 | #28, 2007-02-15


ԲԵՌԼԻՆԱԼԵԻ ԱՄԵՆԱՑՆՑՈՂ ՖԻԼՄԸՙ «ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿԸ»

Տավիանիների ֆիլմը Թուրքիայի ամենամութ արատիՙ Հայոց ցեղասպանության մասին է

«Մորից Բլայբթրոն մի ֆիլմում, որ ցնցել է Բեռլինալեն»: Փետրվարի 13-ին այս վերնագրով հոդված է հրապարակել «Բեռլիներ ցայթունգը»ՙ ենթավերնագրում նշելով, որ խոսքը «Արտույտների ագարակը» ցեղասպանության մասին պատմող դրամային է վերաբերում:

Կան ֆիլմեր, որ չես ուզում տեսնել, բայց պարտավոր ես: Այսպիսին է Պաոլո եւ Վիտտորիո Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմը, գրում է գերմանական լրատուն: (Չորեքշաբթիՙ փետրվարի 14-ին, ժամը 21.30-ին այն ցուցադրվեց Բեռլինի «Ֆիլմփալաստում»ՙ Բեռլինալեի հատուկ ֆիլմեր (Sektion Berlinale Special) բաժնում: Ֆիլմը ցուցադրվելու է նաեւ այսօր փետրվարի 15-ինՙ ժամը 17.45-ին, Cubix-ում):

Այժմ արդեն «Արտույտների ագարակը» նկատվում է փառատոնի ամենացնցող ֆիլմը, ծանուցում է «Բեռլիներ ցայթունգը»: Բեմադրիչները սարսափելի, սոսկալի հստակությամբ պատմում են Թուրքիայի պատմության ամենամութ արատներիՙ 1915-ին հայերի զանգվածային սպանությունների մասին: Ֆիլմում սոսկալի տեսարաններ կարելի է տեսնել, որոնցում մայրերը հարկադրյալ ջախջախում են իրենց երեխաներին, անտանելի վայրագություններ, որպիսին դիտապաստառին հազվադեպ կարելի է տեսնել: Գլխավոր դերակատարներից մեկըՙ Մորից Բլայբթրոն խաղում է թուրք զինվոր Յուսսուֆի դերը, ով գլխատում է իր սիրեցյալինՙ հայուհի Նունիկինՙ փրկելով նրան խարույկի բաժին դառնալուց:

Մինչ այսօր թուրքական կառավարությունը ուրանում է Հայոց ցեղասպանությունը, գրում է թերթը: Թուրքերի կողմից բարձրաձայն ասված այլակարծությունը պատժվում է, ինչպես պատահեց գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքի պարագայում, ով հարցազրույցներից մեկում հաստատել է, որ հայերի զանգվածային սպանություններ են տեղի ունեցել, ծանուցում է «Բեռլիներ ցայթունգը»ՙ շարունակելովՙ դրա հիման վրա «թուրքական ինքնությունը ստորացնելու» մեղադրանք է ներկայացվել նրան, իսկ թրքահայ քննադատական կեցվածք ունեցող լրագրող Հրանտ Դինքի սպանությունից հետո վախից լքել է երկիրը (Օրհան Փամուքը փետրվարի 2-ին մերժել էր նախօրոք ծրագրված այցը Գերմանիա եւ Բելգիա, այնուհետեւ մեկնել Նյու-Յորք, ուր գտնվում է հիմա- Ան. Հ.): Եվրոպական ֆիլմարտադրության հիշյալ օրինակն ուստի ճիշտ ժամանակին է հայտնվում: «Այս ֆիլմը Թուրքիայի դեմ չէ», ասում է «Արտույտների ագարակի» բեմադրիչներից մեկըՙ Պաոլո Տավիանին, հակառակը: Սա մի ֆիլմ է բոլոր նրանց համար, ովքեր Թուրքիայում զբաղվում են պատմությամբ: Ինչ էլ լինի, Ստամբուլում 100 000 մարդ բողոքի ցույցի էր դուրս եկել Հրանտ Դինքի սպանության դեմ», գրում է «Բեռլիներ ցայթունգը»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4