Բեռլինաբնակ բռնցքամարտիկ Ալեքսանդր Աբրահամը երեկՙ փետրվարի 14-ին ազատ է արձակվել կալանավայրից, ուր գտնվում էր 2006 թ. հոկտեմբերից: Այս մասին մեզ հեռախոսով տեղեկացրեց Ալեքսանդրի դատապաշտպան Ստեփան Թաշչյանը:
Հիշեցնենք, որ դատախազությունը նրան եւ մեկ ուրիշ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկիՙ 21-ամյա Մանուել Չարրին մեկուսարան էր ուղարկել, քանի որ 2006 թ. օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ին Բեռլինի կենտրոնում ծագած ծեծկռտուքը վերածվել էր դանակահարության: Ամիսներ անց Ալեքսանդրին ձերբակալելու համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ հարցաքննության ժամանակ, երբ քննիչը հարցրել էր, թե հնարավոր է, որ Չարրից բացի Ալեքսանդրն էլ մի քանի հարված հասցրած լինի, 35-ամյա տուժողը, որ 3 անգամ միայն Չարրի անունն էր հնչեցրել, 4-րդ անգամ կասկած էր հայտնել, թե միգուցե նա միակը չի եղել: «Ազգում» ժամանակին գրել էինք նաեւ նրա դատապաշտպան Ստեփան Թաշչյանի այն համոզումը, թե «Ալեքսանդր Աբրահամը դանակահարողից 20 մետր հեռու է եղել»:
2006-ինՙ Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ ճանաչված Արթուր Աբրահամի եղբորըՙ Ալեքսանդրին ազատ են արձակելՙ դանակահարության մեջ նրա մասնակցության հիմքերի բացակայության համար:
Ա. Հ., Գերմանիա