«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2007-02-17 | #31, 2007-02-20 | #32, 2007-02-21


ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է ԱՄԵՆԱՅՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԲԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՄԲ

260 կմ-ից առայժմ համաձայնեցված է 111 կմ-ը

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի

Հայաստանի եւ Վրաստանի ընդհանուր սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հայկական եւ վրացական հանձնաժողովների համանախագահների երեկվա հանդիպումը հերթականն էր այս գործընթացի նմանօրինակ քննարկումների շարքում: Սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի համանախագահ, ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ դրական է գնահատում սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համանախագահների հերթական հանդիպումը, որ տեղի ունեցավ փորձագետների մասնակցությամբ: «Մենք լուրջ աշխատանք ենք տանում եւ կարծես թե այս փուլն էլ հաջողությամբ երեւի կավարտենք: Հավանաբար հունիսին կլինի հանձնաժողովների համատեղ նիստ, որտեղ վերջնական որոշակիություններ կմտնեն», նշեց պրն Ղարիբջանյանը:

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի փոխարտգործնախարարը, մեր եւ Վրաստանի անկախություն ձեռք բերելուց հետո, մոտավորապես 1991 թվականին սկսվել են սահմանազատման ու գծման աշխատանքները, բայց որեւէ առաջընթաց չի գրանցվել: «Միայն անցյալ տարի մենք ունեցանք լուրջ հանդիպում եւ համաձայնեցվեց ընդհանուր 260 կմ ձգվածությամբ սահմանից 111 կմ-ը: Այս փուլում, այսինքն մինչեւ ամառ կայանալիք հանդիպումը, երեւի համաձայնեցվի նաեւ մնացածի մեկ երրորդը: Եվ, կարծում եմ, մինչեւ տարվա ավարտը մենք հնարավորություն կունենանք խոսելու լուրջ փաստաթղթի մասին», ասաց Գեղամ Ղարիբջանյանը:

Խնդրահարույց հատվածների համաձայնեցման հնարավոր դժվարությունների առնչությամբ «Ազգի» հարցին Հայաստանի փոխարտգործնախարարը պատասխանեց. «Երկու հարեւանների միջեւ էլ նման խնդիրներ կան տնամերձի հարցում: Այնպես որ, սահմանային հարցում այդպիսի խնդիրներ անշուշտ կան եւ փորձում ենք ինչ-որ լուծումներ գտնել»:

Այս բանակցությունների հիմքը 1938 թվականին ստորագրված փաստաթուղթն է, որտեղ արված նշումներն ու այն ժամանակ գծագրված քարտեզը ներկա աշխատանքների փաստաթղթային հիմքն են: Բայց, ըստ պրն Ղարիբջանյանի, գոյություն ունի նաեւ իրականություն: «Տեղեր կան, որ անտառ է հատվել, տեղեր կան, որ մի փոքր առաջ կամ հետ են գնացել: Այս հանձնաժողովի խնդիրն է, որ այդ ամեն ինչը բերվի համաձայնեցման եզրի եւ կարողանանք գնալ առաջ»:

Վրացական կողմը ներկայացնող նույնօրինակ հանձնաժողովի համանախագահ, Վրաստանի փոխարտգործնախարար Գեորգի Մանջղալաձեն ներկա դրությամբ անլուծելի կամ անհամաձայնություն առաջացնող խնդիրներ չի տեսնում: «Կան, իհարկե, ինչ-որ տեխնիկական պահեր, որոնք մենք ներկա պահին համաձայնեցնում ենք», մեզ հետ զրույցում մանրամասնեց Վրաստանի փոխարտգործնախարարը` առանց պարզաբանելու, թե որոնք են դրանք: «Կարծում եմ, մեր բանակցային գործընթացը բավականին դինամիկ զարգանում է եւ այդպես էլ կշարունակվի հետագայում», հույս հայտնեց պրն Մանջղալաձեն:

Ադրբեջանական կողմի հետ սահմանազատման աշխատանքներում Դավիթ Գարեջայի ճարտարապետական համալիրի տարածքային պատկանելիության մասին վեճի հիշատակմանը Վրաստանի ԱԳ փոխնախարարը նշեց, որ Ադրբեջանի հետ նմանօրինակ գործընթացում առկա են ինչ-որ առանձնահատուկ խնդիրներ, բայց գործընթացը դինամիկ զարգանում է: «Կան տարբեր մոտեցումներ, բայց մենք բավականին ակտիվորեն համաձայնեցնում ենք այդ հարցերը: Հույս ունենք, որ Ադրբեջանի հետ եւս հետագայում կունենանք նորմալ զարգացում»: Վերադառնալով սահմանների հստակեցման հայ-վրացական համագործակցությանը` Գեորգի Մանջղալաձեն նշեց, որ բավականին մանրակրկիտ եւ մանրամասն քննարկվում է յուրաքանչյուր տեղամաս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4