Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը չորս տարի առաջ ստեղծել է պետությունների ժողովրդավարությունը թվաբանորեն արտահայտելի դարձնող բանաձեւ: Մեկ ամիս համագործակցելով տարբեր գիտնականների հետՙ կատարելագործել է բանաձեւն ու գտել դեպի կատարյալ ժողովրդավարություն տանող ուղին: Գաղափարն արտոնագրված է ու Արեւմուտքում շրջանառության մեջ դրված: Սակայն, ինչպես կարծում է Պարույր Հայրիկյանը, առանձնապես չի հետաքրքրում մեր քաղաքական գործիչներին, բայց անհրաժեշտ է հասարակությանը. «Տեղեկացնում եմ հայ հանրությանըՙ կա խորհրդարանական համակարգ, որի կիրառման դեպքում ոչ մի ընտրողի ձայն չի կորում, այսինքնՙ բոլոր ընտրողներն իրենց ձայներով մասնակցում են պառլամենտի աշխատանքներին»: Երեկ հրապարակած տեղեկությունների համաձայն, բանաձեւը կատարյալ է համարում ամենամյա ընտրությունները, որոնցում ընտրողը ոչ թե ձայն, այլ երաշխավորագիր է տալիս պատգամավորության թեկնածուին: Բանաձեւը հանգամանալից ներկայացվելու է Սահմանադրական իրավունքի կենտրոնումՙ հավանաբար մարտին:
ՀՀԿ-ն սեփականում է ԱԻՄ-ի կենսագրությունը
Հանրապետականը սեփականում է ԱԻՄ-ի կենսագրությունը: Սրանում վստահ է Պարույր Հայրիկյանը եւ հավատացած է, որ ԱԻՄ-ը հայ իրականության միակ կազմակերպությունն է, որին բախտ է վիճակվել հասնել իր առջեւ դրած կարեւորագույն նպատակի իրականացմանը:
Այսօր էլ ԱԻՄ-ում համարում են, որ այն, ինչ սկսվում է ընտրություն համարել չի կարելի, եւ այդ միջոցառումներում գաղափարակիր բոլոր քաղաքական ուժերը պետք է ժողովրդավարական ճակատ ստեղծեն ու Հայաստանի բարոյաքաղաքական եւ սոցիալական ճգնաժամից դուրս բերելու համար պայքարեն: ԱԻՄ նախագահը չբացառեց, որ. «Ճակատը կհայտարարի, թե 2007 թվականի խորհրդարանական ընտրություններն ընտրություն չեն, քանի որ ամենեւին ուղղված չեն երկրում փոփոխություններ իրականացնելու, հետեւաբար ճակատը կհայտարարի նաեւ, որ այդ ընտրություններին մասնակցելու անհրաժեշտություն չկա»: ԱԻՄ-ն ինքն արդեն իսկ որոշում է կայացրել ընտրություններին չմասնակցելու եւ ընտրություններին միայնակ մասնակցողներին էլ համարում է ներկայիս իշխանավորների կամակատար, որոնք նպաստում են կանխորոշված իշխանազավթումն իրականացնելուն: Սակայն Պարույր Հայրիկյանն անձամբ, նման գնահատականը բնական համարելով, չի բացառում յուրաքանչյուր կուսակցության սխալվելու իրավունքը, այդ թվում եւ իրավիճակը գնահատելու մեջ ԱԻՄ-ի սխալվելու հավանականությունը. «Չնայած վերջին 100 ամյակներում հայ ժողովրդի համար բախտորոշ հարցերում միակ ճիշտ կազմակերպությունն ենք եղել, բայց դա մշտապես ճիշտ լինելու երաշխիք լինել չի կարող»:
Հայաստանում գործում է ռուսական գաղտնի գործակալությունը
Հայաստանում մեծամասշտաբ ու հիմնավոր կերպով գործում է ռուսաստանյան գաղտնի գործակալությունը եւ ջանում ավելի ընդգրկուն դարձնել իր ներկայությունն ու գործունեությունը մեր երկրում: Պարույր Հայրիկյանը վաղուց է այս համոզման եւ երեկ էլ հերթական անգամ բարձրաձայնեց այդ մասին, ի պատասխան համապատասխան հարցի պնդելով, որ Արամ Կարապետյանը (ՆԺԿ նախագահ) չի կարող լինել այդ գործակալության գործակալ, քանի որ ակնհայտորեն ռուսամետ քաղաքական գործիչ է: Նույն տրամաբանությամբ էլ մեկնաբանեց ակնհայտորեն արեւմտամետների գործակալ չլինելու հարցը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ