«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2007-02-17 | #31, 2007-02-20 | #32, 2007-02-21


Ո՞ՒՄ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ

ԳԱԱ գրականության շենքի առաջին հարկի միջանցքներում առ այսօր թափված է հուլիսից այստեղ տեղափոխված Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գույքը: Ինստիտուտին հատկացված սենյակներից միայն մի քանիսն են կարգին վիճակում, ջեռուցվում է միայն տնօրենի սենյակը: Այդ պատճառով 50-60 գիտաշխատողներից քչերն են աշխատանքի գալիս, թե ե՞րբ կավարտվի ամիսներ ձգձգվող վերանորոգումը, չգիտի նաեւ Գեւորգ Ջահուկյանի մահից հետո տնօրեն նշանակված նախկին փոխտնօրեն Լավրենտի Հովհաննիսյանը: Նոր շենք տեղափոխվելու պատճառը, ինչպես մեր թերթը բազմիցս գրել է, հինը քանդելու կառավարության թույլտվությունն էրՙ տեղում Ամենայն հայոց կաթողիկոսի գրասենյակ կառուցելու եւ Ս. Կաթողիկե եկեղեցին տեսանելի դարձնելու մտադրությամբ: «Մեզ թույլ չտրվեց սպասել մինչեւ բոլոր սենյակների վերանորոգումն ավարտվի: Ավերակ, կիսավերակ սենյակներ են, միայն 8-9 սենյակներ են մի քիչ նորմալ վիճակում, սակայն 60-ից ավելի աշխատողների համար դրանք բավարար չեն: Նստելու տեղ չունենալու պատճառով շատերը գործի չեն գալիս: Անցած տարվա նոյեմբերին խոստացան լրացուցիչ սենյակներ տալ նաեւ երկրորդ հարկում: Այդ դեպքում մեր պայմանները, իհարկե, կլավանան, բայց ինչպես ասում ենՙ տառապանքս փորձ ունի եւ համոզված չեմ, որ այդ սենյակները զբաղեցնող իրավաբանները շուտ դուրս կգան այնտեղից կամ դուրս գալուց հետո նոր տեր չի հայտնվի»:

2007-ըՙ հայոց լեզվի տարի, փետրվարի 21-ըՙ մայրենիի միջազգային օր

Հայաստանի ԿԳ նախարարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունն այս տարի հայտարարել է հայոց լեզվի տարի: Փետրվարի 21-ին ամբողջ աշխարհի հետ մենք էլ կնշենք մայրենիի միջազգային օրը: «Հայոց լեզվի տարի է հայտարարված, մենք էլ պիտի ինչ-որ բան անենք, բայց ես դրա նպատակն ու արդյունքը չեմ տեսնում, որովհետեւ ստեղծվել է մի վիճակ, որ կարծես պետությունն էլ է անտարբեր իր լեզվի նկատմամբ, ժողովուրդն էլ: Դրա համար մեղավոր ենք բոլորս, լրատվամիջոցները, հեռուստատեսությունը: Հեռուստահաղորդումներ կան, որոնց լեզուն ուղղակի գարշելի է: Պետությունը չի կարող մասնավոր հեռուստաընկերությունը փակել կամ խիստ նկատողություն անել: Մարդիկ պիտի իրենք հարգանք ունենան լեզվի նկատմամբ: Այդ լեզուն ընդօրինակում են երեխաները, հետեւաբար ավելի զգույշ պիտի լինենք: Այսօրվա աշակերտները Բալզակ չեն կարդում, նրանք անընդհատ լսում են, իսկ եթերի լեզուն ուղղակի սարսափելի էՙ գրականը բարբառայինից չտարբերող ռուսախոս դերասանների խոսք, այն էլ ոչ ճիշտ շեշտադրությամբ, կիսամերկ երգչուհիների չգիտես ինչ տեքստերով երգեր եւ այլն»:

Ո՞ւմ ձեռնտու չէ

Խորհուրդը, որի նախագահը լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանն է, վաղուց նիստեր չի գումարում: Այդ խորհրդի անդամներն են անվանի լեզվաբան Հովհաննես Բարսեղյանը, փիլիսոփա Համլետ Գեւորգյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Լիլիթ Արզումանյանը, բուհերի հայոց լեզվի ամբիոնի վարիչները: «Ես էլ եմ ընդգրկված այդ խորհրդում, որն արդեն 1 տարուց ավելի նիստեր չի գումարում: Նախկինում այն կոչվում էր տերմինաբանական, եւ ես դրա դերն ավելի բարձր եմ գնահատում, քան լեզվի տեսչությանը: Անկեղծ ասած, վերջինիս դերը չեմ պատկերացնում, իրականում մեզ պետք է մտածված ու կշռադատված որոշումներ ընդունող եւ դրանք կիրառելի դարձնող խորհուրդը, որը նախկինում ամիսը մեկ քննարկում էր լեզվական հարցեր, դիտողություններ անում, գնահատականներ տալիս: Վերջին նիստում առաջարկեցինք խորհրդի կարգավիճակը բարձրացնելու նպատակով այն դարձնել նախագահին կամ վարչապետին կից, սակայն մինչ օրսՙ ոչ մի արձագանք: Գուցե կան մարդիկ, որոնց ձեռնտու չէ խորհրդի գործունեությունը, չգիտեմ: Փաստորեն խորհուրդը դադարել է գոյություն ունենալուց, եթե նիստեր չեն գումարվում, ուրեմն այդպես է: Պաշտոնապես չի վերացվել, բայց այդպես է ստացվում»:

Մշուշապատ հեռանկարներ

Ինստիտուտը հովանավորներ չունի, արդեն մի քանի տարի միջազգային ոչ մի գիտաժողովի չի մասնակցում, միջազգային կապերը գրեթե դադարել են: Բաժինները նույնն ենՙ ժամանակակից հայոց լեզու, լեզվի պատմություն, բարբառագիտություն ու կիրառական լեզվաբանություն: «Այս պայմաններում միջազգային ճանաչում ձեռք բերելը դժվար է, դրա մասին խոսելն անիմաստ է: Կիրառական լեզվաբանության բաժինը զուրկ է արդիական սարքավորումներից, կիրառական հնչյունաբանության միակ մասնագետըՙ Ամալյա Խաչատրյանը տարիներ առաջ գնաց արտասահման, չունենք նաեւ էթնոլեզվաբանության մասնագետ, որը մեզ համար շատ կարեւոր է: Մեծ հեռանկարներ չեմ տեսնում, որովհետեւ չեմ տեսնում պետական այն հոգածությունը, որ պիտի լիներ լեզվի եւ ընդհանրապես հումանիտար գիտությունների նկատմամբ: Ճիշտ է, վերջերս 20-30 տոկոսով աշխատավարձը բարձրացվեց, բայց դա շատ քիչ է: Առաջին հերթին պետք է հրատարակել գիտական աշխատանքները, որովհետեւ եթե գիտաշխատողի աշխատանքը չհրատարակվի, լավն ու վատը չես կարող տարբերել: Պատկերացրեք, որ ժամանակին Ջահուկյանի աշխատանքները չհրատարակվեին: Հիմա իհարկե Ջահուկյաններ չկան, բայց գիտաշխատողներ կան, որոնք 10-15 տարվա անտիպ մենագրություններ ունեն»:

Անտիպ է նաեւ Ջահուկյանի գլուխգործոցըՙ «Արմատական բառարանը», որի վերջին մի քանի բառերը չհասցրեց ավարտին հասցնել: Հիմա պետական համալսարանն է դրանով զբաղվում, գուցե նրան էլ հաջողվի հրատարակել մեծանուն լեզվաբանի գիտական վերջին աշխատանքի 2 հատորները: Լեզվի ինստիտուտն անցած տարի անցկացրել է « Ջահուկյանական ընթերցումներ», զեկուցումները հրատարակել առանձին գրքույկով, նույնը մտադիր է անել ամեն տարի: Իսկ երկրորդ հարկում իրենց հատկացված սենյակներից մեկը (եթե, իհարկե, դրանք ազատվեն), կկոչվի Գեւորգ Ջահուկյանի անունով, այսինքնՙ թանգարանի դեր կունենա:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4