«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2007-02-17 | #31, 2007-02-20 | #32, 2007-02-21


ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի աղջիկների մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: Մինչեւ 17 տարեկանների մրցավեճում Հայաստանի հավաքականը վիճակահանությամբ ընդգրկվել է ընտրական 5-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Դանիայի եւ Մակեդոնիայի ընտրանիները: Ընտրական մրցաշարը կանցկացվի Մակեդոնիայում հոկտեմբերի 16-21-ը: Իսկ ահա մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում վիճակահանությունը միեւնույն` ընտրական 7-րդ խմբում ընդգրկեց Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին: Ընդ որում` այդ խմբի հանդիպումները տեղի կունենան Ադրբեջանում: Նույն խմբում են նաեւ Ուկրաինայի եւ Շոտլանդիայի հավաքականները: Բնականաբար, մեր հավաքականի համար լուրջ խնդիր է ստեղծվում Ադրբեջանում խաղերին մասնակցելը:

Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերում ուժեղագույնը ճանաչված երկուական հավաքականները, ինչպես նաեւ 3-րդ տեղ գրաված հավաքականներից լավագույն արդյունքի հասած երկու ընտրանիները: Ընդ որում` 3-րդ տեղ գրաված թիմերի ցուցանիշները հաշվարկելիս հաշվի չի առնվի խմբի հետնապահի հետ հանդիպման արդյունքը: Մինչեւ 17 տարեկանների ընտրական մրցաշարն անցկացվում է առաջին անգամ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4