ՆԱՏՕ-ն Թուրքիային խնդրել է օդային տարածքը եւ ցամաքային սահմանները բացել ի դեպս հակաիրանական ռազմական գործողության ձեռնարկման: Թուրքիայի պատասխանն առայժմ հայտնի չէ, հաղորդում է CNN-Turk գործակալությունը:
Փորձագետների կարծիքով, պատասխանը հազիվ թե դրական լինի: Վերջերս թուրք-իրանական հարաբերությունները զարգանում են հաջողությամբ: Թուրք արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը վերջերս հայտարարեց, որ Անկարան «այլեւս չի վախենում իսլամական հեղափոխության արտահանումից»:
2003 թ. Թուրքիայի կառավարությունը հրաժարվել էր մասնակցել հակաիրաքյան պատերազմին, այն անվանելով «ոչնչով չարդարացված արկածախնդրություն»:
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան երեկ հայտարարեց, որ արաբական երկրները Իսրայելին թույլ չեն տա իրենց օդային տարածքն օգտագործել Իրանին հարվածներ հասցնելու համար:
Ավելի վաղ իսրայելական «Հաարեց» թերթը գրել էր, թե Քաթարը, Օմանը եւ ԱՄԷ-ն իբր համաձայնել են, որ Իսրայելի օդուժն օգտվի իրենց օդային տարածքից: Ամր Մուսայի խոսքերով, այդ երկրների ղեկավարներն իր հետ հեռախոսազրույցի ժամանակ հերքել են այդ տեղեկատվությունը: