«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2007-02-23 | #35, 2007-02-24 | #36, 2007-02-27


ՔԱՄԻՆ ԳԻՏԻ, ԹԵ ՈՒՄ ՍԱՐՔԱԾ ԿՏՈՒՐՆ Է Ի ԶՈՐՈՒ ԹՌՑՆԵԼՈՒ

Այն բանից հետո, երբ Թբիլիսիի օդանավակայանի նորակառույց տերմինալի շենքում փետրվարի 18-ին, շինարարության ավարտից քիչ անց եկած առաջին անձրեւը «տեղաց» նաեւ շենքի ներսում, շինարարությունն իրականացրած թուրքական «Ուրբան» ընկերությունը պարզամտորեն փորձեց բացատրել ստեղծված իրավիճակը, թե տերմինալի տանիքի առումով փորձարկումներ չէին անցկացվել: Իսկ երբ փետրվարի 24-ին Վրաստանի մայրաքաղաքում սկսված ուժեղ քամու հետեւանքով նորակառույց տերմինալի շենքի մի զգալի հատվածն ուղղակի մնաց առանց տանիքի, թբիլիսյան օդանավակայանի կառավարումը ստանձնած թուրքական Տեպե-Ակֆեն-Վի ընկերությունը ստիպված եղավ ներողություն խնդրել, պատճառաբանելով, թե նախագծման աշխատանքների ժամանակ հաշվի չեն առել Թբիլիսիի քամոտ լինելու հանգամանքը եւ խոսեց տանիքը փոխելու մասին:

Այն օրը, երբ Վրաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Թուրքիայի վարչապետի մասնակցությամբ Թբիլիսիում ստորագրվեց Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի նախագծի շրջանակային համաձայնագիրը, նույն պաշտոնյաները, նույն փետրվարի 7-ին, մասնակցեցին նաեւ 10 օրում եղանակային պայմանների պատճառով արդեն վերանորոգման ենթակա, բայց 62 մլն դոլար արժեցած նույն այդ տերմինալի բացման հանդիսավոր արարողությանը:

Նշենք, որ Թբիլիսիի օդանավակայանի կառավարումը ստանձնած ընկերությունը նոր օդանավակայան է կառուցում նաեւ Բաթումում: Այսպես կոչված թբիլիսյան նորակառույց տերմինալն ու Բաթումի օդանավակայանը կպահանջեն մոտ 100 մլն ԱՄՆ դոլար:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4