«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2007-02-23 | #35, 2007-02-24 | #36, 2007-02-27


ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ՄԱՔՐՈՒՄԸ ԿՍԿՍՎԻ ՆՈՐ ԿՈՅՈՒՂԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԻՑ

Երեւանը Skateboard կունենա

«Այս տարի Երեւանում կիրականացվեն 52 մլրդ 200 մլն դրամի շինբարեկարգման, վերակառուցման ու վերանորոգման աշխատանքներ: Այդ գումարի 2 մլրդ 300 մլն դրամը կծախսվի մայրաքաղաքի փողոցների նորոգումների համար», քաղաքապետարանի երեկվա ամենշաբաթյա ճեպազրույցն այսպես սկսեց շինբարեկարգման վարչության պետ Ֆրունզիկ Բասենցյանը: Այս տարի կապիտալ կվերանորոգվեն «Սեբաստիա» եւ «Սասունցի Դավիթ» փողոցները, եւ այստեղ վերջնականապես կապամոնտաժվեն արդեն չգործող տրամվայի գծերը: Ոլորտի ծրագրային աշխատանքների մեջ են նաեւ 8 վթարային շենքերի ամրացումները: Երեւանում այս պահին 74 երրորդ աստիճանի վթարային շենքեր կան, որոնց թիվը դժվար թե պակասի, ինչքան էլ ամրացումներ արվեն: Ամրացումներին զուգընթաց տասնամյակներ կապիտալ նորոգումների չենթարկված շենքերն աստիճանաբար փոխում են իրենց կարգավիճակը` լրացնելով վթարայինների քանակը:

Արդիականացվող փողոցների հետ ժամանակակից տեսք ու շահագործման պայմաններ, լուսագունային նոր լուծումներ, նորացված ջրամատակարարման համակարգ կունենան Հանրապետության հրապարակի շատրվանները` այս տարի իրականացվող կապիտալ վերակառուցման շնորհիվ: Ընդհանրապես, Երեւանում 26 գործող շատրվաններ կան: Հրապարակի շատրվաններից հետո նրանք բոլորն էլ հերթով կարդիականացվեն: Ցավոք, ջրային կառույցների վերակառուցման ծրագրում խոսք չկա ցայտաղբյուրների վերականգնման մասին, որոնք Երեւանի կերպարի յուրօրինակ նրբագիծն էին:

Այս տարվա նորույթը Նոր Նորքի Նանսենի փողոցում, թիվ 62 դպրոցին կից սքեյթբորդի (skateboard) հրապարակի հիմնադրումը կլինի, որի նախաձեռնության հեղինակը, Բասենցյանի վկայությամբ, Երեւանի քաղաքապետն է: Այն կգրավի 1200 քառ.մ տարածք, կկահավորվի Մոսկվայից բերված սարքավորումներով, կունենա բուժկետ եւ սպասարկման տաղավար: Արդեն շինարարական աշխատանքների մրցույթ է հայտարարվել, եւ լավատեսական կանխատեսումներով, սեպտեմբերին այն արդեն պատրաստ կլինի:

Սկզբում կոյուղի կկառուցվի, հետո լիճը կազատեն տիղմից

Ավարտվել են նաեւ Երեւանյան լճի մաքրման նախագծային քննարկումները: Ի դեպ, լճի հարեւանությամբ կառուցված ամերիկյան դեսպանատունն իր կողմից Երեւանյան լճի հետազոտություններ է կատարել: Աշխատանքները կսկսվեն ոչ թե անմիջապես լճի հատակի մաքրումից, այլ Հրազդան գետի հունով նոր կոյուղատարի կառուցումից: Կոյուղագիծը կսկսվի Դավիթաշենից եւ կհասնի մինչեւ Աերացիայի կայան: Հիշեցնենք, որ լճի հատակում արդեն իսկ տասնյակ տոննաների հասնող տիղմ է կուտակվել, որն առատ է նաեւ թունավոր միացություններով: Գիտնականներից ոմանք առաջարկում են այն օգտագործել գյուղատնտեսության մեջ` դեկորատիվ ծառ ու բույս աճեցնելիս իբրեւ պարարտանյութ, ոմանք էլ այս տարբերակը մերժում են:

Կոյուղագծի կառուցումը երկար սպասված փրկություն կլինի լճի համար, որի մեջ ամբողջությամբ թափվում է առանց կոյուղատարների կառուցված, ափամերձ ապօրինի շինությունների ողջ աղբը: Երեւանյան լճի մաքրումն ու կոյուղատարի կառուցումը ֆինանսավորվելու է Երեւանի զարգացման միջնաժամկետ ծրագրով:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4