«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2007-02-23 | #35, 2007-02-24 | #36, 2007-02-27


ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏ ԶԱՀՐԱՏԻՆ

Շաբաթ օրը, փետրվարի 24-ի հետմիջօրեին, Պոլսի հայոց Սբ. Աստվածածին մայր եկեղեցում տեղի ունեցավ ժամանակակից հայ գրականության մեծագույն դեմքերից Զահրատի հուղարկավորության արարողությունը, Կ. Պոլսո հայոց պատրիարք, ամենապատիվ Մեսրոպ արք. Մութաֆյանի արարողապետությամբ: Այս կապակցությամբ, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը հեռախոսով «Ազգին» հաղորդեց մի շարք մանրամասնություններ:

Հայաստանից արարողություններին մասնակցել է գրողների միության պատվիրակությունը բանաստեղծ Էդվարդ Մելիտոսյանի գլխավորությամբ: Պատվիրակությանը մաս են կազմել գրականագետ Սուրեն Դանիելյանը եւ բանաստեղծ ու երգիչ Վահրամ Թադիկյանը, իսկ Զահրատի ընտանիքի հատուկ հրավերովՙ գրականագետ-արվեստաբան Յուրի Խաչատրյանը: Հալեպից հուղարկավորությանը մասնակցել է գրող-հրապարակախոս Թորոս Թորանյանը, իսկ Մ. Նահանգներիցՙ դաշնակահար-երաժշտագետ Շահան Արծրունին, Սեւծովյան համագործակցության երկրների կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը: Ներկա է գտնվել նաեւ Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլն իր տեղակալներով:

Մայր աթոռ Սբ. Էջմիածինը ներկայացված է եղել Ներսես արք. Պոզապալյանի կողմից: Եկեղեցում դամբանախոսել է Մութաֆյան սրբազանը, իսկ պատրիարքարանի շքամուտքինՙ Ներսես սրբազանը ներկայացրել է Ամենայն հայոց հայրապետի եւ Մայր աթոռի ողջ միաբանության վշտակցությունը:

Զահրատի մարմինն ամփոփվել է Շիշլիի հայոց գերեզմանատան մտավորականների բաժնում, որտեղ դամբանական ելույթներ են ունեցել հայրենի մտավորականները, ընթերցվել է արտգործնախարար Վ. Օսկանյանի ցավակցականը, հնչել Մխիթարյան վանատնիցՙ հայր Հակոբոս Չոփուրյանի խոսքը, մինչ երիտասարդներն ասմունքել են բանաստեղծի գործերից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4