«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2007-02-23 | #35, 2007-02-24 | #36, 2007-02-27


ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Մեքսիկական Մորելիա քաղաքում ավարտվեց շախմատի Լինարեսի մրցաշարի առաջին շրջանը: Վերջին երկու տուրերում Արոնյանն այնքան էլ վստահ չխաղացՙ վաստակելով ընդամենը կես միավոր: 6-րդ տուրում նա սպիտակներով ոչ-ոքի խաղաց Թոփալովի հետ, իսկ հաջորդ պարտիայում սեւերով պարտվեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Ընդհանրապես վերջինիս հետ Արոնյանի խաղը մի տեսակ չի ստացվում:

Առաջին շրջանից հետո աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են Վիշվանաթան Անանդը եւ Մագնուս Կառլսենը: Անանդը նախ ոչ-ոքի խաղաց Իվանչուկի հետ, ապա հաղթեց Լեկոյին: Իսկ մրցաշարի ամենակրտսեր մասնակից Կառլսենը ոչ-ոքի ավարտեց պարտիաները Լեկոյի եւ Սվիդլերի հետ:

Մյուս պարտիաներում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Մորոզեւիչ-Սվիդլերՙ 0,5-0,5, Թոփալով-Մորոզեւիչՙ 1-0: Առաջին շրջանից հետո մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Վասիլի Իվանչուկՙ 4, Լեւոն Արոնյան, Պյոտր Սվիդլերՙ 3,5-ական, Վեսելին Թոփալով, Պետեր Լեկոՙ 3-ական, Ալեքսանդր Մորոզեւիչՙ 2:

Եվ այսպես, ավարտվեց մրցաշարի առաջին շրջանը եւ մի փոքր դադարից հետո մասնակիցները կրկին կնստեն խաղասեղանների շուրջ, այս անգամ արդեն իսպանական Լինարես քաղաքում: Մեկնարկը կտրվի մարտի 2-ին: Երկրորդ շրջանի անդրանիկ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ: Կկայանան նաեւ Լեկո-Իվանչուկ, Անանդ-Թոփալով եւ Մորոզեւիչ-Կառլսեն պարտիաները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4