«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2007-02-24 | #36, 2007-02-27 | #37, 2007-02-28


ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՋԱՎԱԽՔԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԴԵՄ

Վրաստանի Սամցխե Ջավախքի ֆինանսական ոստիկանությունը 2006 թ. դեկտեմբերի վերջին քրեական գործ է հարուցել «ՄՕՍ-99» ընկերության տնօրեն Ռաֆայել Դարբինյանի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Ջավախք-ինֆոն», սեփական աղբյուրների համաձայն, Դարբինյանին ներկայացնում են հարկային պահանջ, տուգանքներ, որոնք վերջինս պատրաստվում է բողոքարկել: «ՄՕՍ-99» ընկերությանը պատկանող 150 կվտ ՀԷԿ-ը Թափառման գետի վրա կառուցվել է 1999 թ. Ջավախքում տիրող էներգետիկ ճգնաժամի տարիներին: «Ջավախք-ինֆոյի» վկայությամբ, Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը թղթածրար է պատրաստել մեկ այլ ջավախահայ գործարարի նկատմամբ: Նշենք, որ նույն աղբյուրների փաստմամբ, Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը քրեական գործ է հարուցել նաեւ Հայաստանից Ջավախք «Ավշար» օղու, «Կոտայք» գարեջրի ներմուծող Սամվել Մանուկյանի նկատմամբ: Դեռեւս հունվարի 30-ին Ախալքալաքում ձերբակալվել էին «Ջերմուկ» եւ «Կիլիկիա» ներկրողներ Մերուժան Կալոյանը եւ Արմեն Ուզունյանը:

Ի դեպ, Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու հրամանագրով զբաղեցված պաշտոնից ազատվել է Նինոծմինդայի շրջանային ոստիկանապետ Սամվել Իգիթյանը: Նրա փոխարեն նշանակվել է Արսեն Կարապետյանը: Կարապետյանը մինչ այդ աշխատում էր Ազգային անվտանգությանը կից հակակոռուպցիոն վարչության Սամցխե Ջավախքի տարածաշրջանային բաժանմունքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4