«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2007-02-24 | #36, 2007-02-27 | #37, 2007-02-28


ՀԱՅ ՀՐՇԵՋՆԵՐԸ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ...

Հայաստանի փրկարար ծառայության ՓՈւՎ Ավան համայնքի թիվ 12 հրշեջ փրկարարական տեղամասում տոնական տրամադրություն էր: ԱՄՆ դեսպանությունը նշում էր Հայաստանի հրշեջ կայաններին ջեռուցման սարքավորումների տրամադրման ծրագրի ավարտը: Ծրագրի արժեքի մի մասը` 262.079 ԱՄՆ դոլար տրամադրել է ԱՄՆ կառավարությունը, իսկ 5 միլիոն դրամը` ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունը: Այդ ծրագրի շրջանակներում ջեռուցման սարքավորումներ են տեղադրվել Հայաստանի 48 հրշեջ կայաններում: 46 կայաններում գազով աշխատող էներգաարդյունավետ ջեռուցիչների տեղադրման եւ մեկուսացման շնորհիվ էներգիայի տարեկան տնտեսումը կհասնի 360 մՎտ-ի, իսկ տարեկան գումարի տնտեսումըՙ 66.000 ԱՄՆ դոլարի: ՀՀ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց ծրագիրը իրականացնողներին եւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրիին հանձնեց ՀՀ փրկարար ծառայության դիպլոմը եւ փրկարարի համազգեստ: Պարոն Գոդֆրին սիրով ընդունեց նվերը, անմիջապես հագավ ու կատակեց. «Ես քաղաքաբնակ եմ ու ցավում եմ, որ այս հագուստով որսի չեմ կարող գնալ: Ես շրջել եմ Հայաստանի տեսարժան վայրերով ու հիացած եմ չքնաղ բնությամբ»:

Նա անդրադառնալով ծրագրին, շնորհակալություն հայտնեց հայ փրկարարներին ու հրշեջներին, նշելով. «Դուք հերոսներ եք. լինի երկրաշարժ, հրդեհ թե այլ աղետ, դուք առաջինն եք օգնության հասնում, մարդկանց փրկում»: Ըստ պրն Գոդֆրիի, ծրագիրը կարագացնի երկրի հրշեջ կայանների արձագանքումը ձմռանը, ինչպես նաեւ կբարելավի հրշեջների կենսապայմանները: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ամբողջ երկրի հրշեջներին իրենց մատուցած հանրային ծառայության համար:

«Ազգի» այն հարցին, թե ո՞րն է լինելու համագործակցության հաջորդ քայլը, պրն Գոդֆրին ասաց. «ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող էներգետիկ արդյունավետության ծրագիրը AEAI կազմակերպությունը ՀՀ-ում իրականացնում է 2001 թ. մայիսից, որը ներառել էր նաեւ 40 պիլոտային ծրագրեր քաղաքային, բնակարանային, արդյունաբերության, առեւտրի եւ գյուղատնտեսության բնագավառում: ՀՀ փրկարարական ծառայության հետ համագործակցելով մենք հպարտանում ենք, եւ այն ծրագրի մեծ մասն է կազմում: Այն ամենը, ինչ անելու ենք առաջիկայում, կապված կլինի հանրային իրազեկման կենտրոնի ձեւավորման եւ արտակարգ իրավիճակների տեղեկատվական աշխատանքների կարգավորման հետ»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4