«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2007-02-24 | #36, 2007-02-27 | #37, 2007-02-28


ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵՑ

Դա «Շեն կոնցեռնն» է

«2 տարի առաջ սկսած ծրագիրը տվել է իր առաջին դրական արդյունքը: «Շեն կոնցեռնը» թողարկել է արժեթղթեր, որոնք տեղաբաշխվել են: Պետությունը ճանաչել է այդ պարտատոմսերի շրջանառությունը, ինչը նշանակում է, որ դրանք հուսալի են»: Այսպես սկսեց երեկ հրավիրած մամուլի ասուլիսը Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ըստ ԿԲ նախագահի, Կենտրոնական բանկի կողմից արդեն վարկանշվել են 45 ձեռնարկություններ, որոնց հետ աշխատանքներ կտարվեն աջակցելու նրանց կողմից պարտատոմսերի թողարկմանը: Ձեռնարկությունների կողմից պարտատոմսերի թողարկումն ու դրանց տեղաբաշխումը կնպաստի արդյունավետ դրամավարկային քաղաքականության իրականացմանը: Հաջորդ կարեւոր նշանակությունը ֆինանսական շուկայի զարգացումն էՙ ձեռնարկություններին խթանելով օգտվելու նրա ընձեռած հնարավորություններից, միաժամանակ շահագրգռելով նրանց ստվերից դուրս գալ եւ աշխատել բաց ու թափանցիկ: Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ մի քանի այլ ձեռնարկություններ նույնպես ցանկանում են թողարկել իրենց պարտատոմսերը: Նշվեց նաեւ, որ «Շեն կոնցեռնի» պարտատոմսերով իրականացվում են ռեպո գործարքներ եւ այս ընթացքով շարունակելու դեպքում նրա բաժնետոմսերը ապագայում կվաճառվեն բորսայում:

ԿԲ նախագահը ընդգծեց, որ եթե շուկայի մասնակիցների վստահությունը բարձր է լինում պարտատոմսեր թողարկող ձեռնարկության նկատմամբ, ապա բարձրանում է նրա նկատմամբ հետաքրքրությունը, որն էլ հնարավորություն է տալիս ձեռնարկությանը օգտվելու ֆինանսական շուկայի էժան ռեսուրսներից: Այդպիսով, ձեռնարկությունը հայտնվում է նաեւ շուկայի մասնակիցների մշտական հսկողության ներքո: Դա թույլ չի տալիս, որ նա կրկին մտնի ստվերային դաշտ, քանի որ հանցավոր համաձայնության գալ շուկայի բոլոր մասնակիցների հետ, անհնար է:

«Շեն կոնցեռնի» նախագահ Սամվել Բեգլարյանը հայտնեց, որ ձեռնարկությունը սեփականաշնորհվել է 1995 թ.-ին եւ արտադրում է շինանյութեր: Այդ ընթացքում ֆինանսավորում է ստացել Համաշխարհային բանկից, Լինսի հիմնադրամից եւ Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ): Վերջինիս հետ համագործակցությունը շրջադարձային է եղել, որից հետո արտադրությունը ավտոմատացվել է եւ խնդիր է դրվել աշխատել թափանցիկ: Ընկերության նախագահի հավաստմամբ, ներկայումս իրենք եռամսյակային հաշվետվություններ են ներկայացնում ազգային եւ միջազգային ստանդարտներով, որոնք ստուգվում են աուդիտի կողմից: Ինչ վերաբերում է պարտատոմսերի այս թողարկմանը, ապա դա ավելի շատ շուկային ծանոթանալու նպատակ է հետապնդում: Սակայն եկող տարի ավելի մեծ ծավալի թողարկում է նախատեսվում, քանի որ ընկերությունը կարիք ունի երկար եւ էժան փողերի:

Այն հարցին, թե շինարարության ոլորտում առկա ստվերի պայմաններում դժվար չէ՞ գործել բաց եւ թափանցիկ, Սամվել Բեգլարյանը պատասխանեց, որ դժվար է, բայց «մեր արտադրած ապրանքներն ավելի որակյալ են եւ դուրս են մղում թուրքական ապրանքները Հայաստանից, նաեւ Վրաստանից»:

Անդրադառնալով ՎԶԵԲ-ի հետ համագործակցությանը, «Շեն կոնցեռնի» նախագահը հայտնեց, որ Եվրոբանկը 1 մլն 250 հազար դոլար ներդնելով, դառնում է ընկերության 36 տոկոսի սեփականատերը: Այդ գումարով կառուցվել է ընկերության վերջին գործարանը:

ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Արտաշես Տոնոյանը հայտնեց, որ բացի «Շեն կոնցեռնից», Եվրոբանկը ներդրումներ է կատարել եւ հանդիսանում է եւս 4 հայկական ձեռնարկությունների փայատերը:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը վերոնշյալ իրադարձությունը կարեւորում է մի քանի առումներով: Նախՙ բանկային համակարգն է ավելի ներգրավվում տնտեսության իրական հատվածում: Դա նաեւ խթան է բանկերի հետ ձեռնարկությունների շփումն ավելացնելու համար: Եվ ամենակարեւորը, որ պարտատոմսերի թողարկումն ու վաճառքը ներդրումների լուրջ աղբյուր է: «Մեր ձեռնարկությունների սեփականատերերը պետք է հասկանան, որ որոշ չափով հրաժարվելով իրենց մենատիրությունից, լրացուցիչ գումարներ կստանան, որ թափանցիկ եւ բաց գործունեությունն ավելի արդյունավետ է, քան ստվերում գործելը», շեշտեց նախարարը:

USAID-ի ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Ռոբերտ Սինգլթրին նույնպես ողջունեց այս իրադարձությունը եւ հայտնեց, որ իր ղեկավարած ծրագիրը հետաքրքրված է օժանդակելու նման ձեռնարկություններին գործարքների իրականացման ամբողջ գործընթացըՙ սկսած պարտատոմսերի թողարկումից մինչեւ դրանց գրանցում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4