«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2007-02-24 | #36, 2007-02-27 | #37, 2007-02-28


85 ՏԱՐՎԱ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ «ԿՈՒՄԱՅՐԻ» ԹԵՐԹԸ ՏԱՐԱԾՔԻՑ ԶՐԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» շաբաթաթերթը կանգնել է խմբագրության եւ տպարանի տարածքը կորցնելու վտանգի առաջ: 1921 թ. հիմնադրված եւ սկզբում «Բանվոր» անունը կրած շաբաթաթերթը իր 85 տարվա կենսագրությունից հետո այսօր կարող է լուրջ խնդիրներ ունենալ, որը վատ ավարտ է խոստանում, եթե բավականաչափ սրտացավություն չցուցաբերվի:

«Կումայրի» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աղասի Աբրահամյանը «Ազգի» հետ զրույցում ներկայացրեց խնդիրը: Նրա խոսքով, երկրաշարժից հետո թերթի խմբագրությանն ու տպարանին է տրամադրվել ավերված թիվ 21 դպրոցի մի քառահարկ մասնաշենքը: Մասնաշենքը 220 հազար ռուբլով վերականգնվել է երկրաշարժի համար հատկացված օգնության ֆոնդից եւ տրամադրվել թերթին ու տպարանին: Արդեն մի քանի տարի մարզպետարանը պահանջում է ազատել խմբագրության եւ տպարանի տարածքը` իհարկե փոխհատուցմամբ: Տարածքի անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ նյույորքցի մեծահարուստ Հովհաննես Օյունջյանը ցանկացել է դպրոցի հիշյալ մասնաշենքը անապահով ընտանիքների երեխաների համար քնարան դարձնել: Մարզպետարանն էլ պահանջում է ազատել տարածքը, որպեսզի մեծահարուստ պապիկը կարողանա իրականացնել իր բարի ցանկությունը:

Գլխավոր խմբագրի խոսքով, այդ կոնֆլիկտը ձգվում է արդեն 9 տարի: «Մարզպետ Ռոմիկ Մանուկյանը ասում էրՙ հատուցում կլինի, խմբագրությանն ու տպարանին հո դուրս չե՞նք հանի», ասաց Ա. Աբրահամայանը` հավելելով, որ որպես փոխհատուցում 25 հազար դոլար են առաջարկել: Գլխավոր խմբագիրն ընդգծեց, որ ինքը պատրաստ է նորմալ հատուցման դեպքում դուրս գալ զբաղեցրած տարածքից, բայց այդ 25 հազար դոլարով հնարավոր չէ ոչինչ անել, այժմ թերթի նորմալ աշխատանքի եւ տպարանի համար պահանջում է 120 քմ բարեկարգ տարածք: «Ես զիջում եմ, բայց այդպես զիջելով կհասնեմ մի շան բնի», նկատեց նա:

Մարզպետարանն արդեն դիմել է դատարան, որը, խմբագրի խոսքով, հօգուտ մարզպետարանի «խայտառակ վճիռ է կայացրել` մեզ ձայն չեն տվել, բայց այդ օրը վճիռ են կայացրել»: 1400 տպաքանակ ունեցող թերթը անկախ հասարակական, քաղաքական, սոցիալական եւ մշակութային թերթ է` առանց գովազդների: Շաբաթաթերթը իր գոյությունը պահպանում է դրամաշնորհների միջոցով, սակայն այս պատմությունը որեւէ մրցույթի մասնակցելու ժամանակ չի թողնում :«Այս վիճակը ո՞նց կարող է չանդրադառնալ մեր գործունեության վրա: «Կումայրին» ոչ մարզպետարանինն է, ոչ քաղաքապետարանինը եւ նրանցից ֆինանսներ չի ստանում: Փորձում ենք հնարավորինս անկախ լինել ու գոյատեւում ենք մրցույթներին մասնակցելով եւ դրամաշնորհներ ստանալով: Իսկ այս քաշքշուկի պատճառով չեմ էլ կարողանում մրցույթների մասնակցել», սրտնեղեց գլխավոր խմբագիր Աղասի Աբրահամյանը` միաժամանակ լավատեսորեն ավելացնելով. «Թերթը ծանր ժամանակներ է ապրում, բայց չի կորցնում իր դեմքը: Մենք բարոյական պատասխանատվություն ենք ստանձնել թերթն առաջ տանելու»:

Շաբաթաթերթի շուրջն ստեղծված իրավիճակի մասին փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ մարզպետարանից: «Ազգին» ընդունեցին Շիրակի մարզպետի խորհրդական Ժորա Սիմոնյանն ու մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Տիգրան Ղարիբյանը: Ժորա Սիմոնյանի ներկայացմամբ, 2005 թ. «Գյումրիի տպարան» ԲԲԸ-ի եւ «Կումայրի բանվոր» ՍՊԸ-ի համար տարածքներ ձեռք բերելու նպատակով Հ. Օյունջյանը առաջարկել է 25 հազար դոլար` նախկինում առաջարկած 20 հազար դոլարի փոխարեն: Այդ գումարից 13 հազարով նախատեսել են 3 սենյականոց բնակարան գնել թերթի խմբագրության համար, իսկ տպարանի համար էլ պետք է հատկացվեր 7 հազար դոլար, ինչպես նաեւ դրամական կամ շինանյութի տեսքով օգնություն մարզպետարանի կողմից: Մարզպետի խորհրդականը հավաստիացրեց, որ բնակարան գնելու առաջարկը եղել է թերթի խմբագրինը, եւ նա էլ բնակարանը գտել է, սակայն հետո զղջացել է իրենց անհայտ պատճառներով: Իսկ տպարանի տերն էլ հրաժարվել է ազգային ակադեմիայի շենքում տարածք ստանալու առաջարկից: Ժ. Սիմոնյանը նշեց, որ 2006 թ. պրն Օյունջյանը հայտնել է, թե տպարանի համար ինքը կհատկացնի 10, իսկ խմբագրության տարածքի համար` 15 հազար դոլար:

Իրավաբան Տիգրան Ղարիբյանը նշեց, որ գործը քննվել է տնտեսական դատարանում, որին հաջորդել է պատասխանող կողմերի հակընդդեմ հայցը: Դատարանը բավարարել է մարզպետարանի հայցը, իսկ վճռաբեկն էլ չի ընդունել պատասխանող կողմերի բողոքարկումը: Խմբագիրն ու տպարանի տերը հունվարի 18-ին նորից են դիմել վճռաբեկ դատարան: Այդ ատյանը այս անգամ կքննի գործը, թե ոչ, դեռ պարզ չէ, բայց, իրավաբանի խոսքով, իրենք սպասում են տարածքներն ազատելուն:

Աղասի Աբրահամյանը հավաստիացրեց, որ մարզպետարանի մատնանշած այդ 13 հազար դոլարով հնարավոր չէ բնակարան գտնել, եւ ինքն էլ համաձայնել է բնակարան տեղափոխվելու առաջարկին` միայն եթե տպարան էլ գտնեին, սակայն չեն գտել: «Եթե ուզում են, թող շենք գտնեն տան»: Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ երաշխիք չկա, թե այդ գումարը կա. «Նրանց առաջարկած 25 հազար դոլարը օդի մեջ է, կա միայն բարերարի ֆաքսով ուղարկած նամակը»:

«Անկախությունից հետո տեղի ունեցած սեփականաշնորհման գործընթացից մամուլը կարծես թե ընդհանրապես դուրս մնաց եւ հիմա համարյա թե չկա որեւէ թերթ, որն ունենա իր տարածքը: Այս կոնֆլիկտը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունները չեն ցանկանում, որ թերթն իր սեփական տարածքն ունենա, մինչդեռ «Կումայրիի» դեպքը կարող էր լավ նախադեպ դառնալ, որ տարածքը սեփականաշնորհվի եւ դառնա թերթի տարածքը», «Կումայրի» թերթի եւ մարզպետարանի միջեւ ծագած պատմությունը այսպես է դիտարկում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Գյումրի-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4