«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2007-02-24 | #36, 2007-02-27 | #37, 2007-02-28


ԱՄԵՆԱՇԱՏԸ ՄԵՋԲԵՐՎՈՂ «ԱԶԳԻ» ԿԱՅՔԷՋՈՒՄ ԿԱՐԴԱՑՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 13 ՄԻԼԻՈՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Ավելանում են թերթի ինտերնետային տարբերակի հայաստանցի ընթերցողները

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մի քանի օր առաջ «Ազգի» ինտերնետային կայքէջի առնչությամբ եւս մեկ բացարձակ ցուցանիշ գրանցվեց: Մասնավորապես, կայքէջում 2001 թվականի հունվարից ի վեր արդեն կարդացվել է ավելի քան 13 մլն հոդված` շուրջ 2 մլն 400 հազար ընթերցողների այցելությամբ: Ամսական «Ազգի» կայքէջն այցելում են ավելի քան 55 հազար ընթերցողներ` ծանոթանալով մոտ 245 հազար հրապարակման: Օրական մեր կայքէջում այցելուները ծանոթանում են մոտ 10 հազար նյութի` 2100-2800 ընթերցողի պարագայում:

Հետաքրքրական է, որ անցյալ տարվա համեմատությամբ այս տարվա ամանորյա տոներից հետո օրական այցելուների թիվն ավելացել է 300-400-ով, ինչն ամենայն հավանականությամբ կապված է նախընտրական իրավիճակի հետ: Ընդ որում, ավելացել է հայաստանցի ընթերցողների թիվը: եթե անցյալ տարիներին «Ազգի» կայքէջում հրապարակվող նյութերին Հայաստանից ծանոթանում էին ընդհանուր ընթերցողների մոտ 15 տոկոսը, ապա այդ ցուցանիշն արդեն կազմում է 25 տոկոս: Կարելի է ենթադրել, որ կայքէջի օրական հյուրերի թվի 400-ով ավելացումը կատարվում է ի հաշիվ հայաստանցի ընթերցողների: Դրան զուգահեռ, կայքէջում ավելանում է նաեւ սփյուռքի այցելուների թիվը, սակայն ավելի փոքր չափերով: Ավելի հավանական է, որ սփյուռքի մեր հայրենակիցներն այնքան էլ հետաքրքրված չեն սպասվող խորհրդարանական ընտրություններով: Ամեն դեպքում, կանխատեսումների համաձայն, ընտրությունների ընթացքում ակնկալվում է օրական 5 հազար ընթերցողների այցելություն:

Յուրօրինակ ցուցանիշներ են ստացվում նաեւ թերթի տարբեր լեզուներով ինտերնետային էջերի այցելությունների դիտարկման դեպքում: Նախ, հայերեն էջն ունի ավելի քան երկու անգամ շատ այցելու, քան ռուսերեն, անգլերեն եւ թուրքերեն էջերը միասին, այսինքն` ընթերցողների 70 տոկոսը «Ազգի» հրապարակումներին ծանոթանում է հայերենով:

Ինչ վերաբերում է կայքէջի ընթերցողների աշխարհագրությանը, ապա մեզ ընթերցում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ կա ինտերնետ եւ հայեր են պարում: «Ազգը» մնում է թերթերի ինտերնետ տարբերակների առաջատարը, եւ յուրօրինակ ցուցանիշ է, որ մեր հիմնական ընթերցողը մնում է սփյուռքը: Սա նաեւ հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ կայքէջը ընդհանուր առմամբ բավարարում է սփյուռքահայերի տեղեկատվություն ստանալու պահանջը:

Ինչպես կայքէջի գոյության ողջ ընթացքում, այնպես էլ ներկայումս, «Ազգի» ընթերցողը ակտիվորեն մասնակցում է Հայաստանի քաղաքական կյանքին` ֆորում բաժնի միջոցով: Հաճախ էլ կայքէջի օգնությամբ անհրաժեշտ տեղեկությունները ժամանակին հաղորդվում են` մեծապես օգտակար լինելով, մասնավորապես, վերջին օրինակներից կայքէջում հրապարակված Իսրայելում բնակվող հայերին երկրից դուրս գալու կոչ անող նամակով ահազանգը փոխանցվեց եւ ժամանակին:

Կարելի է նշել մեր կայքէջի այցելությունների եւս մեկ առանձնահատկություն: «Ազգի» կայքէջում մեկ ընթերցողը ընթերցում է առնվազն 5 հրապարակում, ինչը թերթերի ինտերնետային տարբերակների համար բավականին բարձր ցուցանիշ է: Անցյալ տարվանից գործող «Մշակույթ» ինտերնետային հավելվածը եւս աչքի է ընկնում այցելությունների զգալի թվով: Եվ չնայած culture.azg.am էջը նորացվում է ամեն երկու շաբաթը մեկ, բայց հետաքրքրությունը գնալով մեծանում է:

Եվս մեկ դրական ցուցանիշ. «Ազգը» շարունակում է մնալ ամենաշատ մեջբերվող հայկական տեղեկատվական աղբյուրներից մեկը, որի նյութերը վերահրապարակում են ե՛ւ ռադիոյի, ե՛ւ հեռուստատեսության, ե՛ւ արտերկրի տպագիր լրատվամիջոցները, այդ թվում` ադրբեջանական, թեեւ հաճախ մոռանալով տարրական էթիկայի մասին` որոշ լրատվական միջոցներ դժվարանում են հղում կատարել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4