«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2007-03-01 | #39, 2007-03-02 | #40, 2007-03-03


ԱՅՍՕՐ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 129-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է

1878 թվականին Բուլղարիայում ռուս-թուրքական պատերազմի հետեւանքով Սան Ստեֆանոյի պայմանագրով Բուլղարիան անկախություն ստացավ եւ ազատագրվեց թուրքական 500-ամյա լծից: Այդ օրվանից անցել է 129 տարի եւ ամեն անգամ գարնան գալը ավետող «մարտինեցով» բուլղարացիները նշում են իրենց երկրի ազատագրման տարեդարձը: Արտասահմանյան երկրների հետ ընկերակցության միության շենքում տոնի առիթով կազմակերպվել էր միջոցառումների շարք, որը բացման խոսքով ողջունեց Արտասահմանյան երկրների հետ ընկերակցության միության նախագահի տեղակալ Վահան Եղիազարյանը: Ճեմասրահում ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Ֆան Դիմիտրովի մասնակցությամբ բացվեց «Բուրգասյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված էր 2006-ին Բուրգասում կայացած «Ազգագրական պարի փառատոնին» «Կանազ» անսամբլի մասնակցությանը: Լուսանկարիչ Հրայր Բաբայանի ներկայացրած 40 լուսանկարներում պատկերված էին Բուրգասի հայկական մշակույթին եւ փառատոնին նվիրված կադրեր: Բուլղարիայի եւ ՀՀ-ի պետական հիմները հնչեցնելուց հետո ելույթներ ունեցան Հայաստան-Բուլղարիա ընկերության նախագահ Էդվարդ Գրիգորյանը, Հայաստանի հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, որոնք բարձր գնահատեցին հայ-բուլղարական դարավոր բարեկամությունն ու պատմական էքսկուրսով ներկայացրեցին բուլղար ժողովրդի անցած դառն ու դաժան պայքարի ճանապարհը, որը ի վերջո պսակվել է հաղթանակով: Միջոցառման կազմակերպիչներին շնորհակալական խոսք ասաց դեսպան Դիմիտրովը եւ բարձր գնահատեց 500 տարի եւ ավելի ձգվող երկու ժողովուրդների բարեկամությունը, որոնք միասին հայտնվել էին ծանր պայքարի խաչմերուկում:

Այսօր մեր երկրում ապրում է 25 բուլղարացի, իսկ Բուլղարիայում 45.000 հայ, նշեց դեսպանը եւ պատասխանելով «Ազգի» այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հայ-բուլղարական բարեկամությունը, ասաց. «Միանշանակ շատ դրական, այն ձգվում է դեռ 5-րդ դարից, երբ բուլղարական մի ջոկատ մասնակցում էր պարսիկների դեմ պատերազմին... Մեր երկու ժողովուրդների համերաշխությունը շատ կարեւոր դեր ունի, եւ մենք մեկ-մեկուց շատ սովորելու բան ունենք», նշեց պրն Դիմիտրովը:

Միջոցառումը ավարտվեց գեղարվեստական մասով, որի ընթացքում ներկաներին բաժանվեց գարնան գալը ավետող «մարտինեցներ»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4