Երեկվա ընտրացուցակային նորությունները
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Թեեւ մենք արդեն ներկայացրել էինք «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակի առաջին տասնյակի անունները, բայց երեկ ԿԸՀ կայքում պաշտոնապես հայտնված 112 հոգանոց ցանկում հետաքրքրական հայտածումներ կային, որոնց մենք անդրադարձ չէինք արել. 11-14 անցողիկ տեղերում են քաղծառայության խորհրդի անդամ Արեւիկ Պետրոսյանը, Հ 2-ի «Լրաբերի» նախկին պատասխանատու Արամ Սաֆարյանը, նախագահ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հայրը` Էռնեստ Սողոմոնյանը, Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Շամիրամ Աղաբեկյանը` 23-րդ, գործարար Արմեն Աբրահամյանը` 25-րդ, Նաիրա Զոհրաբյանը (լրագրող)` 28-րդ տեղերում: Ցուցակի առաջին 2 տասնյակի անունների մեջ շատ են այնպիսիք, որոնք ամենայն հավանականությամբ խորհրդարան անցնելուց հետո իրենց մանդատները կզիջեն եւ կշարունակեն աշխատել իրենց պաշտոններում, այդ դեպքում ցուցակի երեք տասնյակից էլ ավելի անուններ անցողիկ են դիտվում: Ճիշտ է, թերեւս դա չի հասնի 57-րդ տեղում հայտնված մի ուրիշ լրագրողի` Բաղդասար Մհերյանին եւ նրանից անմիջապես հետո «ցուցակագրված» Գեորգի Օկոեւին եւ Վիլեն Հակոբյանին:
ԿԸՀ-ի կայքում են նաեւ 20 հոգուց կազմված ցուցակով սոցիալ-դեմոկրատ հնչակները` Լյուդմիլա Սարգսյանի առաջնորդությամբ, 7 հոգով 5 տոկոսի հավակնող Հայաստանի առաջադիմական կուսակցությունը` Սարգիս Ուրիխանյանի առաջատարությամբ, մարքսիստական կուսակցությունն ու Դավիթ Հակոբյանը` բոլորը միասին` 8 հոգի, 28 հոգանոց Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցությունն` անծանոթ անուններով եւ հասարակությանը հայտնի առաջնորդով` Հովհաննես Հովհաննիսյանով: ԱԺԿ համամասնական ցուցակի առաջին երկու տեղում են Շավարշ Քոչարյանն ու Հրանուշ Խառատյանը, ցուցակն էլ կազմված է 77 հոգուց:
Մեծամասնական առաջադրումների մեջ էլ նորություններ կան. թիվ 1 ընտրատարածքում, ինչպես եւ նախորդ ընտրություններին, առաջադրվել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, թիվ 2-ում` նոր առաջադրումներից են Ռաֆիկ Պետրոսյանը, Սամվել Ֆարմանյանը (ՕԵԿ), Գարեգին Կոստանդյանը (ԱՄ):
Հիշեցնենք` մենք նոր առաջադրումների մասին ենք խոսում, եւ ոչ թե տվյալ ընտրատարածքի բոլոր առաջադրումների, այլ ներկայացնում ենք մի քանի հետաքրքրականները: Օրինակ` թիվ 11-ում իրար հետ մրցելու են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանն ու ԱԺ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ): Թիվ 37-ում (Տեղ գյուղ, Գորիս)ՙ անկուսակցական Սամվել Հարությունյանը երրորդվել է Սամվել Բաբայանի («Դաշինք») եւ Սաշիկ Սարգսյանի (պաշտպանության նախարարի եղբոր) հետ: Թիվ 13 ընտրատարածքում 5 թեկնածուի մրցույթ է առայժմ` այդ թվումՙ Էդվարդ Մադաթյան (Խուճուճ Էդո), «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյան, ԱԺ պատգամավոր Արմեն Պուրտոյան: «Ուժեղ» ընտրատարածք է թիվ 40-ը` գործարարներ Միքայել Վարդանյան, Արման Ամիրաղյան, գրողների միության նախագահ Լեւոն Անանյան եւ անկուսակցական Հարություն Ղազինյան: Թիվ 17-ում Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ մրցակցելու է վերջերս հանրահայտ դարձած Գրիշա Վիրաբյանը:
Երեկ իր ընտրական ցուցակն էր տարածել նաեւ «Ժառանգությունը», որն, ի վերջո, որոշեց գնալ ընտրությունների: Ցուցակի առաջին տասնյակում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Լարիսա Ալավերդյանը, Վարդան Խաչատրյանը, Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Մովսես Արիստակեսյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը, որի նախագահը նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն է, չի մասնակցելու մայիսի 12-ի ընտրություններին: