Վաշինգտոնում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Օսկանյանը
Երեկ թուրքական հանրային հեռուստատեսությունը կայքէջում այս վերնագրով նշել է. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը առաջ քաշեց այն տեսակետը, թե Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձեւի առնչությամբ որոշել է պատժել Մ. Նահանգներին»:
Վաշինգտոնում գտնվող Վարդան Օսկանյանը, ըստ նույն աղբյուրի, ասել է, որ թեեւ Հայաստանը դեմ է նման կարգի խնդիրներին կառավարությունների միջամտությանը, սակայն, երբ Թուրքիան կառավարության մակարդակով ձեռնամուխ եղավ լոբբիստական գործունեություն ծավալել բանաձեւի դեմ, ստիպված մենք էլ սկսեցինք այդ հարցով զբաղվել: Օսկանյանը միաժամանակ նշել է, որ քրեական օրենսգրքի միջոցով երկրի ներսում ցեղասպանության մասին արտահայտվողներին լռեցնող Թուրքիան հիմա էլ ձեռնարկել է պատժել ԱՄՆ-ին, եթե Կոնգրեսը հանդգնի խոսել ցեղասպանությունից:
CNN-Turk-ի տվյալներով ՀՀ արտգործնախարար Օսկանյանը նշել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ հանդիպմանը քննարկվել է ցեղասպանության բանաձեւի հարցը: Աղբյուրը այլ մանրամասներ չի նշել:
Հ. Չ.