«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2007-03-03 | #41, 2007-03-06 | #42, 2007-03-07


ԱՄՆ-ԻՐԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԵՐՋ ԿԴՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅԱՆԸ

Հարեւանների միջեւ պատերազմը մեր գլխին պատուհաս կդառնա

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ինչ էլ Թեհրանն այսօր առաջարկի, Միացյալ Նահանգները որոշել է հարվածել եւ բավականին տրամաբանորեն ձգտում է դեպի այդ նպատակը: Պատերազմը գրեթե անխուսափելի է, քանի որ ԱՄՆ-ը մեծ միջոցներ է ներդրել: Եթե գործողություններ սկսվեն, ապա դա թերեւս կլինի այս գարնանը, քանի որ պետք է անցնի իրանական ձմեռը: Երեկ «Փաստարկ» ակումբում նման կանխատեսումներ ներկայացրեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա, Միացյալ Նահանգներում քննարկվում է երեք տարբերակ:

Առաջին տարբերակը կետային հարվածներն են տարբեր կարեւորության ռազմական կետերին, որ մոտ է նրան, ինչ ԱՄՆ-ն արեց Հարավսլավիայում: ԱՄՆ-ում լուրջ քննարկվող երկրորդ տարբերակը բանակով ներխուժելն է Իրանի տարածք, օկուպացնելը` փորձելով հասնել իշխանափոխության, այսինքն` իրաքյան տարբերակը: Դա մեծ զոհերի հետ է կապված, առաջին հերթին` Նահանգների համար, եւ երեւի թե ամենաքիչ հավանականն է:

Երրորդ տարբերակն աֆղանականն է, այսինքն` փորձել կռվեցնել Իրանում բնակվող ժողովուրդներին իրար հետ, օգնելով մի կողմին եւ այդ կերպ քիչ արյուն կորցնելով հասնել նպատակին: Տվյալ դեպքում այդ ժողովուրդը Իրանի թուրքալեզու բնակչությունն է, որ ադրբեջանցի չէ հիմնականում, որի թվաքանակը բավականին մեծ է` 12-16 մլն: Նրանք բնակվում են բավականին խիտ, սահմանամերձ են Ադրբեջանին եւ վատ տրամադրված Իրանի դեմ: Այս տարբերակն ավելի հավանական է: Թե երեք տարբերակներից որը կկիրառվի, դժվար է ասել, բայց առավել հավանական են կետային հարվածները կամ թուրքալեզու ժողովրդին օգտագործելը:

ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, Մելիք-Շահնազարյանի խոսքերով, այս ամսի վերջին Վաշինգտոն է կանչել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, որտեղ Միացյալ Նահանգները բնականաբար պետք է պնդի, ձեռք բերի Ադրբեջանի դաշնակցությունը եւ տարածքն օգտագործի որպես հենարան Իրանին հարվածելու համար: Ադրբեջանը դրա դիմաց պահանջելու է փոխհատուցումներ, քանի որ հայտնվում է վտանգի տակ: «Իմ տվյալներով, Իրանը քննարկում է տարբերակ, որ այդ երկրի կողմից Իրանի դեմ հարձակվելու համար տարածք տրամադրելու դեպքում կհարձակվի եւ գրավի Բաքուն, որը ԱՄՆ-ը կխուսափի ռմբակոծելուց նավթի պատճառով: Ադրբեջանն այդ սակարկություններում գուցե ավելի շատ շեշտադրում անի Ղարաբաղի վրա, բայց Միացյալ Նահանգներն աշխատում է փոխհատուցման դեպքում խոսել հյուսիսային Իրանի մասին, քանի որ ԱՄՆ-ը զգուշանում է հայկական լոբբիից», նշեց քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանի ներկայացմամբ, վերջերս հրապարակվեց ամերիկյան փորձագետի մի քարտեզ, թե ինչպիսին է ուզում տեսնել Մերձավոր Արեւելքն ԱՄՆ-ը: («Ազգը» ամիսներ առաջ հրապարակել է այդ քարտեզը եւ դրան կցված մեկնաբանությունը) Ըստ այդմ, մասնատվում են Իրանն ու Իրաքը, ծնվում է նոր պետություն` Քուրդիստանը, մեծանում է Ադրբեջանը` շնորհիվ Իրանի հյուսիսային տարածքների եւ այլն: Փաստորեն ԱՄՆ նպատակն է ստեղծել մի տարածաշրջան, որտեղ բոլոր երկրների հույսը կլինի Միացյալ Նահանգները:

«Այդ խաղի մեջ Հայաստանի վիճակը ոչ մի դեպքում չի բարելավվում: Եթե հարվածներ լինեն միայն որոշակի կետերի, ապա մենք մեծ հավանականությամբ ուղղակի կճառագայթվենք, այսինքն` մեր հարեւանությամբ նոր Չեռնոբիլ է սարքվելու: Մյուս երկու տարբերակները հղի են մեծաթիվ փախստականներով եւ մարդասիրական ճգնաժամով Հայաստանում եւ Ադրբեջանում: Պահել այդ փախստականների մեծ հոսքը մենք չենք կարողանալու, իսկ Հայաստանն էլ հայտնվելու է բացառիկ շրջափակման մեջ: Եվ դա այն պատճառով, որ իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ հարձակման դեպքում հակահարձակում տեղի կունենա ԱՄՆ դաշնակիցների` Իսրայելի, Ադրբեջանի եւ Վրաստանի ուղղությամբ: Այս պարագայում պարզ է, որ մեկ-երկու հարված Վրաստանին, եւ Հայաստանը կհայտնվի ամբողջական շրջափակման մեջ», կանխատեսում է Մելիք-Շահնազարյանը:

Փաստացի, չկա Իրան-ԱՄՆ պատերազմի որեւէ տարբերակ, որից Հայաստանը չտուժի: «Եվ դեռ չենք ասում, որ Իրանը մեր հարեւանն է, բարեկամ ժողովուրդ է, չեմ խոսում զուտ բարոյական կողմի մասին: Միացյալ Նահանգները, փորձելով լուծել իր հորինած խնդիրները մեր տարածաշրջանում, Հայաստանին կբերի անելանելի վիճակի: Հայաստանը շատ քիչ հնարավորություն ունի ազդելու այդ գործընթացի վրա, բայց գոնե նախապատրաստական աշխատանքներ պետք է տարվեն Հայաստանում եւ Հայաստանի կողմից, պետք է արվի հնարավորը կանխելու նման զարգացումները, թեեւ դա գրեթե անհնարին է: Վառոդի հոտն արդեն օդում է, եւ կրկնվում է Աֆղանստանի, Իրաքի պատմությունը: Իրանը գրեթե 80 մլն բնակչություն ունի, եւ խառնելուց հետո շատ դժվար կլինի կարգավորել, այն ժամանակ, երբ 20 մլն-անոց Իրաքում չեն կարողանում», այսպիսին են Մելիք-Շահնազարյանի դիտարկումները:

Այն հարցադրմանը, թե արդյոք Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո պարտադրված կլինենք շնորհակալ լինել ԱՄՆ-ից, Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ ճշմարտության համար շնորհակալություն չեն ասում: «Ազգի» այն հարցին, թե արդյոք նույն այդ բանաձեւի չընդունումը կարո՞ղ է Թուրքիային փոխհատուցում լինել Իրանի վրա հարձակվելու պարագայում տարածքներ օգտագործելու դիմաց, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այդ բանաձեւին մեծ նշանակություն չի տալիս, քանի որ դա վերքը չի բուժելու, թեեւ կարեւոր է բարոյական, Հայաստանի անվտանգության առումով: Իսկ «Ազգի» այն հարցին, թե ինչ կարող էր քննարկման առարկա դառնալ Վարդան Օսկանյանի վաշինգտոնյան այցելության եւ Կոնդոլիզա Ռայսի հետ հանդիպման ընթացքում Իրանի առնչությամբ, քաղաքագետը պատասխանեց, որ Հայաստանն այսօր միակ երկիրն է, որին «թույլատրվում է» ազատ առեւտուր անել Իրանի հետ` հաշվի առնելով Հայաստանի տնտեսական, աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական վիճակը: «Իրանի առնչությամբ փոխհատուցման մասին խոսք կարող է գնալ, եթե Հայաստանը զրկվի այդ ճանապարհից: Բայց Հայաստանի մասնակցությունը այդ հարցում ուղղակի բացառված է ոչ միայն ժողովրդի, այլեւ իշխանության կողմից, քանի որ մենք չունենք ինքնասպան իշխանություն»: Ամեն դեպքում, Իրանի վրա հարձակման դեպքում վերջ կդրվի Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4