«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2007-03-03 | #41, 2007-03-06 | #42, 2007-03-07


ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ, ՈՐԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ

Օրերի հեւքի ու անվերջանալի հոգսերի մեջ թաղված կանայք դեռ չէի հասցրել ապրել տոնական շնորհավորանքների սպասումը, երբ «առավոտ, բարի լույսով» նրանց դռները ծեծեցին Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները: Նրանք շենքի հարեւանների ուղեկցությամբ փոխանցում են Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի եւ ՀՀԿ կուսակցության «Կենտրոն» տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ռուբեն Սադոյանի շնորհավորանքները` կանանց գալիք տոնի կապակցությամբ: Հարցնում են տանտիրուհու ազգանունը, մուտքի մոտ, հենց ոտքի վրա լրացնում եւ մեկնում երկու շնորհավորական բացիկները: Շատերն ուշ են գլխի ընկնում, հարցեր են տալիս, շնորհակալություն են հայտնում ու զարմանում` այ քեզ նրբանկատ թաղապետ: Ոմանք էլ արագ են հասկանում շնորհավորանքի բուն նպատակը եւ թաղապետարանի աշխատակցուհուն կեսկատակ-կեսլուրջ հարցնում են` միայն այս բացիկնե՞րն են, իսկ բրինձ-մրինձ չկա՞, չէ՞, իյա~...

Այստեղ է, որ խառնվում են հակասական զգացողություններ` տխուր ու հեգնական: Իրականում շնորհավորանքն ու ուշադրությունը կանանց ու աղջիկների համար սիրո նշաններ են` սպասված, շոյիչ ու գուրգուրանքի զգացողություն արթնացնող: Գարնան արեւի առաջին շողերի հետ հոգեւոր ջերմության սպասումն է նրանց առավոտները զարդարում, ու ամեն մեկը սուրճի սեղանի շուրջը կամ նույնիսկ լվացք անելիս սկսում է ենթադրել` ինչպե՞ս կշնորհավորի սիրելին, իսկ նոր հասակ առնող ու շնորհավորելու փորձառությունն ամրապնդող որդի՞ն, իսկ տարին մեկ-երկու անգամ հյուր եկող եղբայրը տեսնես կհիշի՞: Ամեն դեպքում սպասում կա, թեեւ հաճախ չի բարձրաձայնվում:

Թաղապետի անունով առաջին անակնկալ շնորհավորանքն էլ իր հերթին ժպիտ է առաջացնում, զարմացախառն ժպիտ: Ու ծնվում է միակողմանի մի զրույց: Ախր, այ թաղապետ, որ իմ տեղը գիտես, ինձ շնորհավորելու ձեւը գիտես, բա ինչո՞ւ չես պաշտպանում ինձ ու իմ կանացիությունը ԲՇՏ-ական քաշքշուկներից, աղբահանության ամառվա գարշահոտ ցավից, ձմեռվա սառցակոլոլ ու վտանգավոր փողոցներից: Եթե շնորհավորում ես, ուրեմն պիտի ենթադրելի լինի, որ նաեւ մտածում ես մայրերի ու աղջիկների մասին, ովքեր ջրի գրաֆիկով են իրենց կյանքը կառուցում: Բա վերելակի վիճա՞կը, բա մեր աչքի առջեւ ամեն օր ծաղկող անարդարությո՞ւնը, երբ հենց քո աչքակապությամբ թիզ առ թիզ փողոց ու բակ շենքի ձեղնահարկ ու մառան վերածվում են կասկածելի «օբյեկտների», ո՞րն ասեմ, ո՞րը թողնեմ: Հիմա էլ քո շնորհավորանքն ու նրան կից եւս մեկ բացիկ` ՀՀԿ կուսակցության «Կենտրոն» տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ոմն Ռուբեն Սադոյանի անունից: Այստեղ են ասել` տնազ, տնազ ո՞ւր ես գնում: Գնում եմ տնազ անելու...

Քեզ էլ շնորհակալություն, Ռուբեն Սադոյան, շատ զգացված ենք ու երախտապարտ: Բայց տխուր է, չէ՞, երախտապարտ լինել կուսակցության խորհրդի մի նախագահի, որի անուն-ազգանունն իմանում ես իր իսկ ուղարկած շնորհավորական բացիկից: Լավ չէ՞ր լինի, այդ բացիկի փողը տայիք մի հավաքարարի, գար մեր շենքերի աստիճանավանդակներն ավլեր: Ախր դա մեկ-երկու հարկ չէ, որ 15 րոպեում ես ավլեմ, իսկ 10 րոպե հետո էլ ինձնից մի քանի հարկ վերեւ ապրողի աղբը նույն իմ աստիճանավանդակում հայտնաբերելով սրտի դեղ խմեմ: Չէ՞ որ կուսակցական ճառից ու դրանից ենթադրվող ձայնահավաքից առաջ կարելի էր զանգ կախելու մասին էլ մտածել, ա՛յ, նախընտրական քարոզարշավը տոնի առթիվ շնորհավորանքով նուբար անող քաղաքական եւ կուսակցական գործիչներ: Թե չէ, բացիկով ի՞նչ:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Կենտրոն համայնքի եւ ՀՀԿ-ի ուշադրությունից զարմացած բնակչուհի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4