«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2007-03-03 | #41, 2007-03-06 | #42, 2007-03-07


ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՈՒՅՆ ԳԵՏԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՄՏՆԵԼ

Նրանք միանում են ընտրությունները բոյկոտող կուսակցություններին

Երեկ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները բոյկոտելու մասին հայտարարություն հրապարակեցին քաղաքական այն միությունները, որոնք իրենց անվանում են Հայաստանի ազգայնական ուժեր` «Հայ արիական միաբանությունը», «Հայրենիք-Սփյուռքը», «Հանուն հայրենիք»-ը, Աբովյանի ազգային ուժերի միացյալ դաշինքը:

«Այժմ էլ իշխանական վերնախավը որոշ «ընդդիմադիր» ուժերի (իրենց իսկ կողմից սատարվող) ղեկավարների հետ փոխհամագործակցելով, նախապատրաստում է նոր «ընտրություններ», որտեղ ընտրաձայներն արդեն բաժանված են, ըստ այդմ, կանխավ կեղծված: ...Մարդկանց անձնագրային տվյալները, մահացած ու երկրից բացակա անձանց ցուցակներն արդեն վաղուց են կազմված ու բաշխված: Ամիսներ առաջ ու հիմա էլ կազմակերպված ընթանում է ընտրակաշառքների (բնամթերքի, փողի կամ այլ տեսքով) բաժանում ու ձայների հավաքում...», գրված է հայտարարության մեջ:

2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ազգայնականները կարողացան համախմբվել` ստեղծելով «Հայ արիական բռունցք» դաշինքը, բայց ոչնչի չհասան: Ավելին, «Հայ արիների միություն» կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանի ասելով, կեղծիքներն ու նկարչությունն այնպիսի մակարդակի հասան, որ Քանաքեռի բնակիչ, ստեղծված դաշինքի անդամ Ռազմիկ Վասիլյանը հայրենի համայնքում 0 ձայն ստացավ, այսինքն, նույնիսկ իր ընտանիքի անդամներն իր օգտին չէին քվեարկել:

Հիմա, երբ նախընտրական միջավայրի գույներն ավելի են խտացել, նրանք առավել եւս չեն ուզում ընտրական բեմականացման ստատիստներ լինել: Այդ ներկայացման սցենարը բաց է հասարակության համար` գլխավոր դերակատարներ Բարգավաճ Հայաստանն ու Հանրապետական կուսակցությունը ցուցադրական հակամարտություն են խաղում, բայց հրաշալի հասկանում են իրար: Նրանք արդեն հաստատել են եւ պալատական ընդդիմության կազմը` ՀԺԿ, Ժողովրդական կուսակցություն, Ազգային միաբանություն, որոնց ներկայությունն արդեն ապահովված է ԱԺ-ում:

Հայ ազգայնականները դեմ են կանխորոշված ընտրություններին: Նրանք առավել հիասթափված են ազգայնական իշխանություններից, որոնց «ազգայնականությունն ամենեւին էլ նժդեհական» չէ այլեւս: Նժդեհն ասում էր` «ծառայիր հայրենիքին ամեն ինչով, բայց ոչ ստորությամբ», իսկ այդ հատկանիշը հիմա արժանիք է դարձել:

Արմեն Ավետիսյանը համաձայն է, որ ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ իրական հակակշիռ դառնալ իշխանություններին, ոչ միայն չկարողացավ, այլեւ ավելի կտրտված է ու անմիաբան, քան էր նախորդ ընտրություններից առաջ: Ընդդիմադիրների առաջնորդական հովերն ու հավակնությունները ավելի սրված են հիմա, եւ եթե իշխանությանը հաջողվեց վերջնականապես ջլատել նրանց, ուրեմն արժանին այդ էր:

Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընդդիմությունը միասնական բոյկոտի դիմեց, որը գործնականում արդյունք չունեցավ: Միանալով մյուս կուսակցությունների` ԱԺՄ-ի, ԱԻՄ-ի, կոմունիստների բոյկոտին, ազգայնականները որեւէ ակնկալիք ունե՞ն այս նոր «օպերացիայից»: Պարզվում է, ոչինչ, ոչ մի սպասելիք: Այլ բան է, եթե հակաիշխանական ուժերը բոլորը միասին հրաժարվեին ընտրություններին մասնակցությունից: Բայց բոյկոտելու հարցում էլ ընդդիմությունն անմիաբան է, ինչպես համախմբման:

Իրողությունն այլ է, եւ պարզ ու հստակ նույնիսկ ամենաանփորձ աչքի համար` երբ պայքարի են ելնում դինոզավրերը, ամենապակասը առյուծ պիտի լինես նրանց կռվին մասնակցելու իրավունք ստանալու համար: Եթե առյուծ էլ չես, հանդիսատեսի համեստ կարգավիճակը ամենահարմարն էՙ իբր թե բոյկոտ ես անում:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4