«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2007-03-03 | #41, 2007-03-06 | #42, 2007-03-07


«ՈՒՐԻՇՆԵՐԻ ՊԵՍ ԱՌԱՍՏԱՂՆԵՐԻՆ ՉԵՄ ԿՐԱԿԵԼ, ԵՎ ՄԱԿԱՆՈՒՆՍ ԷԼ «ԿՐԱԿԵՄ ԺԻՐՈ» ՉԻ ԵՂԵԼ», Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ

Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալության իրական պատճառները ուսումնասիրող պատգամավորական խմբի խնդրանքով երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնը կազմակերպել էր կլոր սեղան: Պատգամավորական խմբի անդամներ Արամ Գասպարի Սարգսյանը, Հմայակ Հովհաննիսյանը եւ Ստեփան Զաքարյանը եզրակացրեցին, որ ձերբակալությունը բացառապես քաղաքական պատճառներ ունի: Հրապարակվեցին Ժիրայր Սեֆիլյանի պատասխանները պատգամավորական խմբի հարցերին: Պատասխաններից մեջբերումներն առավել քան խոսուն են. «Տարածքների հանձնմանը խոչընդոտող ուժը հանրային գիտակցության մեջ նույնացվում է անվանս հետ: Ուստի որոշ մարդկանց կարող է թվալ, որ ինձ ձերբակալելով հնարավոր է ազգադավ այդ քայլին ընդդիմացողների կամքը կոտրել: Ժողովուրդը այնքան է ատում այդ մի քանի անձերին (իշխանավորներին-Ս. Մ.), որ բավարար է մի քիչ կազմակերպել նրան, եւ այս վարչախումբը կհեռանա: Մյուս կողմից զենքը ներքին պայքարում արդյունավետ միջոց չէ: Բավարար կազմակերպվածության դեպքում ծայրահեղ քայլերի դիմելու որեւէ անհրաժեշտություն չի լինի, որովհետեւ երբ ժողովուրդը կազմակերպված է, երբ բոլոր տեղամասերում կարողանում է բռնել կեղծարարի ձեռքը, իսկ հետո էլ իր վրա մահակ բարձրացնող ձեռքը, պետությունը չի համարձակվի ավելի ուժային միջոցների դիմել: Դրա համար ընդդիմությունը պետք է միասնական լինի: Ցավոք, դա դժվար է ստացվում»:

Ի դեպ, Վարդան Մալխասյանին համանման հարցեր չեն ուղղվել, որովհետեւ, ի տարբերություն Սեֆիլյանի, նա պատասխանել է քննության մի քանի հարցերին, որից հետո, ըստ էության, նրա նկատմամբ քննչական գործողությունները դադարել են:

Խոսեցին նաեւ հավաքին մասնակցող պատգամավորներ Հրանտ Խաչատրյանը, Ալբերտ Բազեյանը, մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, գրող Հրաչյա Մաթեւոսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Գարեգին Ղազարյանը, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: «Ջավախք» խորհրդի անդամ Սարգիս Զորանյանն էլ որպես Ժիրայրի ձերբակալության կարեւոր պատճառ առանձնացրեց նրա աջակցությունը Ջավախքի ազգային ուժերին:

Վերջում ցուցադրվեց Ժիրայր Սեֆիլյանի «Հայ կամավորականների համախմբման» դեկտեմբերյան հավաքում ունեցած ելույթի տեսագրությունը, որը առիթ է հանդիսացել նրան հետապնդելու համար: Հնչեց ժիրայրի ելույթի կոչերին միանալու ստորագրահավաքի առաջարկություն:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4