Կալանավայրերը հասարակության աչքից հեռու
Թերասնման, վատ կենսապայմանների ծնունդ տուբերկուլյոզի վտանգը միշտ էլ իրական է, քանի մեր հասարակության մեջ աղքատներ ու աղբանոցներից սնունդ հայթայթողներ կան: Այս ախտի կայուն օջախներից մեկը, բնականաբար, կալանավայրերն են: Հիվանդությանՙ բանտի պատերից դուրս գալու եւ հասարակության մեջ անարգել տարածվելու միանգամայն իրական վտանգ է առկա այսօր, խնդիր, որի լուծումը, չգիտես ինչու, դրան առնչվող որեւէ գերատեսչության ուշադրությանը չի արժանանում: Շատ կալանավորների ազատազրկման ժամկետն ավարտվում է մինչեւ նրանց բուժման կուրսի ավարտը, եւ ազատության հնարավորություն ստանալով, բնականաբար, նրանք անմիջապես նետվում են դուրս, դեպի ընտանիքն ու մերձավորները: Նրանցից շատերը բուժումն ազատության մեջ շարունակելու հնարավորություն չունեն կամ չեն ուզում, կամ էլ եթե ուզում են` մինչեւ ստուգվեն, հաշվառվեն, արդեն վարակը փոխանցած կլինեն: Խնդիրը ոչ միայն չի վերահսկվում, այլեւ, ինչպես ասացինք, որեւէ լուծում չի էլ առաջարկվում: Մինչդեռ կարելի է կենտրոնացված մի կետ ստեղծել, որտեղ նախապես կստուգվեր կալանավայրից դուրս եկածը, եւ եթե նա վտանգավոր է ընտանիքի համար, միջոցներ ձեռք կառնվեին:
2005 թվականին 120 կալանավոր այդպիսի հիվանդ կալանավորներ են ազատվել, որոնցից 30-ի որտեղ գտնվելու տեղն անհայտ էր ե՛ւ առողջապահության, ե՛ւ արդարադատության նախարարություններին, հայտնի չէր նաեւ, նրանք բուժումը շարունակո՞ւմ են, թե՞ ոչ: Ահա այս խնդիրն է այսօր բարձրաձայնում «Սուրբ Սանդուխտ» կազմակերպության նախագահ Արտեմիս Լեփեջյանը, ում նախաձեռնությամբ հաճախակի այցեր են կազմակերպվում քրեակատարողական հիմնարկներ` հասու լինելու հասարակության կողմից մերժված ու բնականաբար, աչքից հեռու այս հաստատությունների խնդիրներին:
Այսօր, Աբովյանի կանանց եւ անչափահասների գաղութում, պաշտոնական տվյալներով, 66 կին կա, ովքեր բժշկական բոլոր ծառայություններից օգտվելու, օրինակ (մամոգրաֆիկ ստուգումներ, ակնաբուժական, գինեկոլոգիական, ստոմատոլոգիական հետազոտություններ եւ այլն), հնարավորություն չունեն, որովհետեւ նեղ մասնագետներ չկան: Հույսը մնում են այս կամ այն մարդասիրական միջոցառումները:
Քրեակատարողականի մոտ 5 տասնյակ անչափահասները դպրոցում ուսանելու հնարավորություն չունեն: Արդեն 2 տարի 4-11 դասարաններով դպրոցը չի գործում: Հարցը բարձրացվել է, տիկին Լեփեջյանն ասում է, որ արդարադատության նախարարը խոստացել է, թե հավանաբար, նոր ուսումնական տարում դպրոցը կվերաբացվի: Անչափահասները նաեւ սպորտով զբաղվելու հնարավորություն չունեն, դաշտը կա, գնդակներ ու համազգեստներ` ոչ: Այս տարիքի երեխաների համար խաղը կենսաբանական պահանջ է, որի պակասը լուրջ առողջական խնդիրներ կարող է առաջացնել:
Պարզվել է, որ այստեղի ոչ միայն «բնակիչները», այլեւ աշխատողներն էլ խնդիրներ ունեն: Քրեակատարողական հիմնարկը միայն մի հոգեբան ունի, որը պետք է 8-10 ժամ աշխատի, հաճախ այնքան շատ, որ ինքն էլ, իր բնորոշմամբ, հոգեբանի դիմելու անհրաժեշտություն է զգում: Նման դժվար հիմնարկներում աշխատողները, խորհրդային տարիներին ե՛ւ սոցիալական, ե՛ւ առողջապահական բազմաթիվ արտոնություններ ունեին, որոնք հիմա չկան:
«Սուրբ Սանդուխտ»-ի եւ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի համագործակցությամբ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների շնորհիվ լուծվել է մի խնդիր եւս: Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց անմիջապես հետո ազատազրկվածները կարող են միանգամից, այսպես ասած` փաստացի գրանցում ստանալ: Մինչ օրս նրանք շուրջ 1 տարի մնում էին օդի մեջ: 1 տարի նրանք մնում են տվյալ համայնքի հսկողության տակ, պարբերաբար պիտի ներկայանան ոստիկանություն եւ իրավունք չունեն տվյալ վայրից հեռանալու: Դե, մտածում էին, որ գրանցում էլ պետք չէ նրանց, եւ ստացվում էր կալանքի այլ տարբերակ` եւս 1 տարի ժամկետով, այս անգամ` պատիժը կրելուց հետո, ազատության մեջ:
Կ. Դ.