Այդ մասին տեղեկանում ենք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: Նախ հանձնաժողով է դիմել «Արմենտելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը: Բողոքելով «Ղ-Տելեկոմ» («Վիվասել») ընկերության դեմ, նա նշել է, որ բջջային կապի շուկայում մրցակից «Ղ-Տելեկոմի» կողմից կատարվում են «որոշ գործողություններ, որոնցով խախտվում է ազատ եւ առողջ մրցակցությունը տվյալ շուկայում»: Ըստ Օլեգ Բլիզնյուկի, «Ղ-Տելեկոմի» կողմից որոշ կորպորատիվ հաճախորդներին, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց առաջարկվում են բաժանորդային վարձերի եւ զանգերի այնպիսի սակագներ, որոնք դուրս են այդ ընկերության կողմից պաշտոնապես հրապարակված սակագնային փաթեթներից: Այդ կապակցությամբ «Արմենտելի» գլխավոր տնօրենը հանձնաժողովին խնդրել է համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Այնուհետեւ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանին է դիմել նաեւ «Ղ-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, բողոքելով «Արմենտել» ընկերության կողմից «հակաօրինական սակագների կիրառման փաստի» կապակցությամբ: Որպես այդպիսիք, Ռալֆ Յիրիկյանը նշում է մարտի 1-ից կորպորատիվ փաթեթներից մեկի բաժանորդներին առաջարկվող «դեմպինգային սակագները», որոնք կիրառվում են նաեւ դեպի ֆիքսված ցանց կատարվող զանգերի նկատմամբ: Դրանով, ըստ «Ղ-Տելեկոմի» ղեկավարի, «Արմենտելն», անշուշտ, խախտում է իր մենաշնորհային դիրքը»:
Հանձնաժողովի տեղեկատվության մեջ նշվում է, որ «Արմենտելի» դիմումի հիման վրա արդեն հարուցվել է վարույթ, իսկ «Ղ-Տելեկոմի» դիմումը դեռ քննարկվում է:
Ա. Մ.