2007 թ. ակնկալվում է օտարերկրյա ներդրումների ծավալի զգալի աճ, որն, ըստ նախնական գնահատականների, կկազմի մոտ 300-330 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին երեկ տեղի ունեցած «Զարգացման հայկական գործակալություն» (ԶՀԳ) ՓԲԸ խորհրդի նիստի ժամանակ հայտնել է գործակալության գլխավոր տնօրեն Վահագն Մովսիսյանը: Նշելով, որ գործակալության 2006 թ.-ի գործունեությունն ուղղված է եղել օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, Վահագն Մովսիսյանը, սակայն, անցյալ տարվա ընթացքում կատարված ներդրումների մասին տվյալներ չի հաղորդել:
Ներկայացնելով 2006 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությունը, ԶՀԳ գլխավոր տնօրենը միայն տեղեկացրեց, որ միջազգային կառույցների գնահատմամբ, 2006 թ.-ին տնտեսական ազատականացման ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 27-րդ տեղը, նախորդ տարվա 42-ի փոխարեն, իսկ «համաշխարհային ներդրումների ներգրավմամբ զբաղվող 147 գործակալությունների շարքում ճանաչվել է 5 լավագույններից մեկը»: Ըստ Վահագն Մովսիսյանի, գործակալության գործունեությունը դրական ազդեցություն է ունեցել մի շարք հեղինակավոր ընկերություններիՙ «Մայքրոսոֆթի», «Լյուֆթանզայի», «Սոնիի» Հայաստանում ներդրումեր իրականացնելու որոշման վրա: Հաշվետվության համաձայն, 2006 թ.-ին ԶՀԳ-ն կազմակերպել եւ մասնակցություն է ցուցաբերել հայ-իտալական, հայ-բելառուսական, հայ-ճապոնական եւ մի շարք այլ միջազգային ցուցահանդեսներին եւ գործարար համաժողովներին: Արտահանման 3,1 տոկոս աճն անգամ կապվեց գործակալության գործունեության հետ:
ԶՀԳ խորհուրդը քննարկեց եւ որոշումներ ընդունեց 2007 թ. մարտի 25-30-ը Լոս Անջելեսում կայանալիք մեքենաշինութան ոլորտին նվիրված «WESTEC 2007» միջազգային ցուցահանդես-համաժողովին, ապա հուլիսի 4-7-ը Սան Ֆրանցիսկոյում կայանալիք առաջին համահայկական տեխնոլոգիական կոնգրեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ:
Ա. Մ.