«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2007-03-03 | #41, 2007-03-06 | #42, 2007-03-07


300 ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ԳՐՔՈՒՄ

«Նշանավոր հայուհիներ» կենսագրական բառարանը հեղինակել է Սերգեյ Ավագյանը: Գիրքը տնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում վաստակ ունեցող երեք հարյուր հայուհիների ամփոփ կենսագրության հավաքածու է: Ժամանակագրությունը ընդգրկուն է` Հայաստանում քրիստոնեության հաստատումից մինչեւ մեր օրերը: Հայության եւ Հայաստանի բարգավաճմանն իրենց գործունեությամբ նպաստած 300 հայուհիների կենսագրությունները բառարանում զետեղված են ըստ ժամանակագրության, իսկ ցանկը կազմված է ըստ այբբենական կարգի: Հրատարակված գիրքը հանրագիտարանային բնույթի է եւ սխալ կլիներ դիտարկել հայկական հանրագիտարանի կրկնություն, քանի որ ներառում է շատերի կենսագրությունները ում հանրագիտարանը չի անդրադարձել: Պարզապես նշանավոր շատ հայուհիների գործունեությունը ծավալվել է խորհրդային ժամանակների անցյալ դառնալուց հետո: «Նշանավոր հայուհիներ» կենսագրական բառարանը կարեւորվում է հենց նրանով, որ հիմնականում անդրադառնում է մեր ժամանակակիցներինՙ Վերժինե Սվազլյան, Վերա Հակոբյան եւ այլք, իհարկե նաեւ ավելի վաղ ապրած անձանցՙ Արաքսյա Գյուրզադյան, Մարիամ Ասլամազյան:

Գարեգին Նժդեհի «Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգերի ազատությունը» գաղափարը կարգախոսն է կենսագրական հավաքածուի, որի բովանդակությունը ապացուցում է, որ հայ հասարակությունում իրոք կանանց դերակատարությունը ամենատարբեր ոլորտներում ծանրակշիռ է եղել եւ մնում: Վերջինը ընդգծեց հեղինակըՙ Սերգեյ Ավագյանը, կարեւորելով այսօր էլ հայ հասարակության մեջ կնոջ ակտիվ գործունեությունը եւ համապատասխան դաշտ ստեղծելը:

Համակարծություն արտահայտեցին Հայաստանի ազգային գրադարանում «Նշանավոր հայուհիներ» կենսագրական բառարանի շնորհանդեսի ներկաներից շատերը, ովքեր գիրքը կարեւորելով ընդգծեցին այն հատկապես կանանց մեկամսյակի ընթացքում լայն ընթերցողներին ներկայացնելը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4