Լոնդոնի «Կոմիտաս ինստիտուտը» մամլո հաղորդագրությամբ անդրադառնում է Աղթամարի Սբ. խաչ եկեղեցու վերանորոգմանը:
«Վերջին երկու տարում թուրքական իշխանությունները մեծ աղմուկ են բարձրացրել Աղթամար կղզում 10-րդ դարի հայկական եկեղեցու վերանորոգման առթիվ: Մինչ օրս հստակ չէր, թե այդ վերանորոգման ծրագիրը հայերին ուղղված խաղաղ ժե՞ստ էր, թե՞ հայոց եղեռնը եւ հայկական մշակութային կառույցների անխնա քայքայումը կոծկելու միջոց: Այսօր (մարտի 3-ին) «Թուրքական պատմական ընկերության» նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն մեկնաբանելով Սբ. Խաչ եկեղեցու բացման արարողությունը, ըստ «Նյու Անատոլյըն» թերթի, ասել է հետեւյալը. «Մենք (թուրքերս) ոչինչ չունենք թաքցնելու... Աղթամարի եկեղեցու բացումը ժեստ է լինելու ուղղված հայերին եւ ամբողջ աշխարհին: Անատոլիայի գրավումից հետո թուրքերը չքանդեցին օտարերկրացիների ունեցվածքները... Ոչինչ չի քայքայվել, եւ այդ ձեւով պահպանվել են մինչեւ մեր օրերը»:
Հալաչօղլուի խոսքերը վստահաբար շփոթմունք կառաջացնեն այն բոլոր հյուրերի շրջանակում, ովքեր հրավիրված են բացման արարողությանը: Նրանք շրջագայելով կտեսնեն, որ Աղթամարը բացառություն է: Առաջին աշխարհամարտից առաջ Աղթամար կղզում միայն մեծ քանակությամբ հայկական եկեղեցիներ կային Սբ. Խաչից ընդամենը 20 կմ հեռավորության վրա: Դրանցից ոչ մեկն այսօր կանգուն չէ: Դրանց մեծ մասը քանդված է եւ գերեզմանափորներին ազատություն է տրված թալանելու տեղանքը, մինչ իշխանությունները աչք են փակում վանդալիզմի եւ սրբապղծության այդ փաստերի առջեւ», ասված է «Կոմիտաս ինստիտուտի» հաղորդագրության մեջ:
Հ. Ծ.