Ֆուտբոլային նոր մրցաշրջանի մեկնարկը հեռու չէ: Ինչպես տեղեկացանք ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի պետ Ռոբերտ Դալլաքյանից, ինչպես եւ անցյալ տարի, նոր մրցաշրջանում էլ բարձրագույն խմբի առաջնությունը կանցկացվի ութ թիմերի մասնակցությամբ, չորս շրջանով: Անցյալ տարի բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Լեռնային Արցախից» ֆեդերացիան այդպես էլ առաջնության մասնակցության հայտ չստացավ: Առաջնության մեկնարկը նախատեսված է ապրիլի կեսերին: Շուտով կհաստատվի խաղացանկը:
Ինչպես միշտ, ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում կսկսվի գավաթի մրցաշարով: Այս տարի Հայաստանից գավաթի խաղարկությանը մասնակցելու հայտ են ներկայացրել հետեւյալ 14 թիմերը. «Փյունիկ», «Բանանց», «Միկա», «Արարատ», «Գանձասար», «Կիլիկիա», «Շիրակ», «Ուլիս», «Փյունիկ-2», «Բանանց-2», «Արարատ-2», «Դինամո», «Միկա-2», «Բենտոնիտ»: Գավաթի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 21-ին, պատասխան խաղերը կկայանան ապրիլի 1-ին:
Մարտի 9-ին կայանալիք վիճակահանությամբ թիմերը կբաշխվեն գավաթի ցանկում: Երկրի գավաթակիր «Միկան» եւ եզրափակիչի մասնակից «Փյունիկն» առաջին փուլում ազատ են եւ գավաթային մրցավեճին կներգրավվեն քառորդ եզրափակիչից: Վիճակահանության ժամանակ բարձրագույն խմբի թիմերը բաշխվում են զույգերի` ըստ 2006 թ. առաջնությունում գրաված տեղերի: Առաջին փուլում որոշվում է բարձրագույն խմբի թիմերի տեղը գավաթի ցանկում: Առաջին զույգը կկազմեն «Փյունիկը» եւ «Բանանցը», որոնք վիճակահանությամբ կբաշխվեն 1 եւ 9 թվերի տակ: 2-րդ զույգը կազմել են «Միկան» եւ «Արարատը» (7 եւ 15 թվերի միջեւ): 3-րդ զույգը` «Գանձասարն» ու «Կիլիկիան», վիճակահանությամբ կորոշեն ցանկի 3-րդ եւ 11-րդ դիրքերը: 4-րդ զույգը` «Շիրակն» ու «Ուլիսը», կբաշխվեն 5 եւ 13 թվերի տակ:
Բարձրագույն խմբի թիմերը ցանկում գրանցվում են ըստ վերը նշված զույգերի թվերի` նկատի ունենալով, որ ակումբների զույգից դուրս եկած առաջինը գրանցվում է գավաթի ցանկի ձախ, մյուսը` համապատասխանաբար աջ կողմում: Առաջին խմբի թիմերը տեղադրվում են մեկ զամբյուղում եւ առաջին հերթին վիճակահանությամբ որոշվում են բարձրագույն խմբի այն թիմերի մրցակիցները, որոնց դուստր թիմերը մասնակցում են գավաթի խաղարկությանը: Եթե առաջին խմբի թիմը վիճակահանությամբ դուրս է գալիս իր ակումբի բարձրագույն խմբի թիմի մրցակից, ապա վիճակահանությունը կրկնվում է: Մնացած թիմերի մրցակիցները որոշվում են վիճակահանությամբ, ըստ հերթականության: Գավաթի ցանկը լրացնելուց հետո յուրաքանչյուր մրցափուլի համար (բացի եզրափակիչից) վիճակահանությամբ որոշվում է այդ փուլի առաջին խաղում դաշտի տեր հանդիսացող ակումբը: Վիճակահանությանը մասնակցում են յուրաքանչյուր ակումբից մեկական ներկայացուցիչ: Վերջիններիս բացակայության դեպքում վիճակահանությունը կատարվում է առանց նրանց:
Մինչեւ մարտի 15-ը գավաթի եւ առաջնության մասնակից թիմերը նախապես կազմված գրաֆիկի համաձայն պետք է ֆեդերացիա ներկայացնեն հիմնական հայտերը: Ուշացման դեպքում ակումբները կենթարկվեն դրամական տուգանքի: Թիմերի վերջնական հայտավորման ժամկետն ավարտվում է առաջնության մեկնարկից 5 օր առաջ: Յուրաքանչյուր թիմում թույլատրվում է հայտավորել առավելագույնը 30 ֆուտբոլիստ եւ 10 պաշտոնյա: Ֆուտբոլիստների վերահայտավորումը թույլատրվում է միայն առաջնության երկրորդ շրջանի ավարտից հետո, հուլիս-օգոստոս ժամանակահատվածում նախատեսված ընդմիջման ժամանակ: Բացառություն են կազմում լեգեոնականները եւ զինծառայության ժամկետը լրացած ֆուտբոլիստները, որոնք կարող են թիմերում հայտավորվել ցանկացած պահի: