«Բամբուկից ու կավից շինված մի երկու տասնյակ խրճիթներով փոքրիկ ավան էր այդ տարիների Մակոնդոն, որ ծվարել էր ճերմակ, հղկված, նախապատմական ձվերի չափ հսկայական քարերով հուն ու թափանցիկ ջրեր ունեցող գետակի ափին: Աշխարհն այնպես նորաթուխ էր, որ շատ իրեր դեռ անվանում չունեին, եւ մարդիկ ստիպված էին մատով ցույց տալ... »:
Ահա այսպես, անանուն իրերի աշխարհում` Արակատակայում (որը հետո վեպում պիտի կոչվեր Մակոնդո) 1928 թվականին ծնվեց Գաբրիել Գարսիա Մարկեսը, որը պիտի դառնար ոչ միայն իսպանալեզու, այլեւ ընդհանրապես համաշխարհային գրականության մեծերից մեկը: Գաբրիելի մանկության տարիներին (նրա իսկ նկարագրությամբ) իրերն ու առարկաները անընդհատ շարժման մեջ էին, հրաշալի ու սարսափելի էին սերն ու ատելությունը, եւ մանկան հզոր աչքի պատճառով սեղանին դրված ափսեն ու բաժակը գալիս, ընկնում էին սեղանից:
Հետո պիտի Մակոնդոն լցվեր թափառական գնչուներով, որոնց պիտի գրողը գնչու հայ կոչի, աշխարհի բոլոր ծայրերից այստեղ պիտի գան մարդիկ, որ վագոններ պիտի դնեն փողոցներում ու նախնական-աշխարհաստեղծ պահի սքանչացումը պիտի դառնար առօրեական, ճղճիմ: Հետո պիտի պատերազմներ սկսվեին, գնդապետ Աուրելիանո Բուենդան գնդակահարվեր պատի տակ: Թավ մորուքով, բարակ, թռչնաթաթի նման կոկված մատներով մարմնեղ մի գնչու, ով իրեն Մելքիադես էր կոչում, պիտի «իրագործեր աշխարհի ութերորդ հրաշալիքի փայլուն ցուցադրումը»:
... 1945 թվականին մայրը խնդրում է որդուն իր հետ մեկնել Արակատա` վաճառելու Մարկեսների տունը: Պատանու երեւակայությունը բորբոքվում է կորած մանկության աշխարհի հետ հանդիպումից: Մեռած, ոչնչով կենդանության նշան ցույց չտվող քաղաքի փոշոտ փողոցներից մեկում գտնվող դեղատանը Գաբրիելի մայրը բարեւում է լուռ ասեղնագործող մի կնոջ` «Ո՞նց ես խնամի»,- հարցնում է մայրը: Կինը բարձրացնում է աչքերը, ճանաչում է եկվորին եւ նրանք գրկախառնվում են, երկար լալիս:
«Այդ պահին, ահա, գլխումս միտք ծագեց գրել այդ դիպվածի ողջ նախապատմությունը»,- հետագայում հիշելու է Մարկեսը: Նա նույնիսկ սկսում է գրել, բայց շատ շուտով գլխի է ընկնում, որ իր ուժերից վեր գործ է ձեռնարկել: Նա միայն մեկ պարբերություն է գրում, որը հետո դառնալու էր նրա հրաշալի վեպի` «Հարյուր տարվա մենության» առաջին պարբերությունը:
«Ամենամեծ դժվարությունը վեպի լեզվի հարցն էր: Էլի քսան տարի ապրելուց եւ աշակերտական չորս գիրք գրելուց հետո միայն ես պիտի հասկանայի, որ լեզվի հարցի լուծումն էր ամենակարեւորը: Անհրաժեշտ էր պատմել այնպես, ինչպես պատմում էին իմ պապերը, այսինքն` անկիրք, բացարձակ հանգստությամբ, ինչը չպիտի խախտվեր, եթե, նույնիսկ, աշխարհը շուռ գար»:
... Կարդում ես Մարկես, կարդում ես նրա «Հարյուր տարվա մենություն», «Նահապետի աշունը», «Գնդապետին ոչ ոք չէր գրում», «Չարաբաստիկ ժամը» վեպերը, նրա «Մեծ մոր հուղարկավորությունը» եւ այլ պատմվածքներ ու զգում ես, որ թեեւ ժամանակը ուժգին բաբախում է ձեր արյան մեջ, սակայն ամեն ինչ հարթ, անշտապ է ընթանում: Իրադարձությունների շտապողականություն կամ համառոտում չկա (ինչպես Խորխե Լուիս Բորխեսի շատ ու շատ հրաշալի էսսեներում): Ամեն դեպքում Մարկեսի գիրը, ինչպես վայել է համամարդկային եւ համաժամանակյա արժեքներ կրողներին, պատմության հանդարտությունը փոխհատուցում է կրքերի ուժգին բախումներով, մեր երազանքներով ու դաժան հուսախաբություններով:
Չիլիացի նշանավոր բանաստեղծ Պաբլո Ներուդան Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» լավագույնն է համարել իսպանալեզու գրականության մեջ «Դոն Կիխոտից» հետո: Գուցե չափազանցությո՞ւն է: Չգիտեմ: Ամեն դեպքում աշխարհն ու մարդկային բնավորությունը բազմաթիվ խորքեր ունի: Եվ հանճարեղության հասնող տքնանք է պետք բոլոր շերտերը ոչ միայն պեղելու, այլեւ նույնքան հանճարեղ ձեւով ներկայացնելու համար: Եվ միայն այս դեպքում գիրդ ու դու կմնաս անմեռ: Ինչպես Գաբրիել Գարսիա Մարկեսը, մեր մեջ ապրած ամենագեղեցիկ աշխարհը (նաեւ սարսափելին) հայտնագործողը:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ