Արցախի պետհամալսարանում աստղադիտարան բացելու կապակցությամբ պրոֆեսորադասախոսական կազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հերթական անգամ վերահաստատել է երրորդ ժամկետով չառաջադրվելու իր մտադրությունը: Պատասխանելով այս առթիվ տրված հարցին, Ա. Ղուկասյանը հավելել է, որ ինքը քաղաքակիրթ իշխանափոխության կողմնակից է եւ ցանկանում է այդ ավանդույթը ձեւավորել Արցախում: Ընդ որում, նախագահի խոսքով, նման որոշում ինքը կայացրել է վաղուց, նախքան այս թեմայի հանրային շրջանառությունները:
Իր լիազորությունների ավարտից հետո անպայման մնալով Ղարաբաղումՙ ունեցած փորձն ի նպաստ կբերի Ղարաբաղին, հարկ եղած դեպքում նաեւ օգնելով ապագա նախագահին, որովհետեւ վերջինիս կայացման համար ժամանակ է պետք: Նշելով այս մասին, Արկադի Ղուկասյանը, սակայն, ձեռնպահ մնաց նախընտրած թեկնածու անձի անունը նշելուց, թեպետ կա այն անձը, որին նախագահը համակրում է: Արցախի ժողովուրդն ինքը պիտի ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ընտրի երկրի նախագահին, եւ այս պարագայում իր կողմից ճիշտ չէր լինի որեւէ անձի իրավաժառանգորդ հայտարարելը: «Իրավաժառանգ չի լինի, կլինի իրավաժառանգություն», շեշտել է Ա. Ղուկասյանը:
Նա գոհունակություն է հայտնել, որ գործող իշխանություններին հաջողվել է երկրում չեզոքացնել «բեսպրեդելը»ՙ նկատի ունենալով 1999-2000 թվականների ներքաղաքական ճգնաժամը: Բռնապետական պետություն դառնալը կործանարար կլիներ Ղարաբաղի համար, ընդգծել է նախագահը: Ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի, քանզի միջազգային հանրությունը կարող է ճանաչել միայն ժողովրդավարական ԼՂՀ-ն: Այս հիմամբ Արկադի Ղուկասյանը նաեւ նշել է, որ հետխորհրդային մի շարք պետությունների համեմատ ԼՂՀ-ն առաջատար դիրքում է, ինչ մնում է Ադրբեջանին, ապա համեմատությունն այս դեպքում նույնիսկ անպատվաբեր է Ղարաբաղի համար:
ԼՂՀ նախագահին ուղղված այլ հարցերի թվումՙ ԱրՊՀ պրոֆեսոր Սոկրատ Խանյանը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը հեռակա կարգով երկարաժամկետ բանտարկության է դատապարտել իրեն եւ համալսարանի ռեկտոր Համլետ Գրիգորյանին, եւ որի կապակցությամբ էլ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել երկուսի նկատմամբ:
Բացասաբար արձագանքելով արցախյան շարժման ակտիվիստների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին, Արկադի Ղուկասյանն ասաց, որ իր տվյալներով շուրջ 70 ղարաբաղցիներ կան Ինտերպոլի ցուցակում: Նման վերաբերմունք դրսեւորող Ադրբեջանի հետ լեզու գտնելը դժվար է: Հենց շարժման սկզբից հակառակորդ կողմը որդեգրել էր այդպիսի քաղաքականություն, ինչն էլ հանգեցրել էր պատերազմի: Հիմա էլ, դարձյալ, հետապնդումների քաղաքականությունը կբերի պատերազմի, եւ Ադրբեջանն ինչքան շուտ ձերբազատվի նման մոտեցումներից, այնքան շահեկան կլինի հակամարտության լուծման համար: Նա հիշեցրել է, որ ինքն էլ ժամանակին եղել է հետապնդումների զոհՙ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների ու Ադրբեջանի հանցավոր համագործակցության արդյունքում մեկամսյա բանտարկության ենթարկվելով Նովոչերկասկի բանտում:
Ուսանողներին հետաքրքրում էր, թե ԼՂՀ նախագահը ղարաբաղյան կարգավորման բանակցություններում փոխզիջումների ինչպիսի տարբերակ է տեսնում: Հարցի կապակցությամբ Ա. Ղուկասյանն ասաց, որ առանց փոխզիջման հնարավոր չի լինի հարցի լուծումը, բայց դա չի նշանակում, թե ԼՂՀ-ն կարող է հետ կանգնել սկզբունքային հարցերից, այսինքնՙ անկախությունից չենք հրաժարվի: «Փոխզիջումը աբստրակտ հասկացողություն է. մենք ունենք մի նշաձող, որից իջնել չենք կարող», հավաստիացրել է նախագահը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ