«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2007-03-07 | #43, 2007-03-08 | #44, 2007-03-10


ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 14-Ի ԺՆԵՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ, ԱԼԻԵՎԸ ԿՐԿՆՈՒՄ Է ԱՆԳԻՐ ԱՐԱԾԸ

Օրերս տարածաշրջան այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Ղարաբաղ փախստականների վերադարձի առումով անհրաժեշտ է ապահովել մի շարք պայմաններ: Այդ թվումՙ «Թրենդ» գործակալության ներկայացմամբ, Ադրբեջանը պետք է իր վարչական ներկայացուցչությունը կազմակերպի «գրավյալ տարածքներում»: Ֆասիեն ափսոսանք է հայտնել, թե գոյություն ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի հանրություններին համակեցության գաղափար ներշնչելու խնդիրներ:

Եվ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից լիազորված Բեռնար Ֆասիեն հանդիպումներ է անցկացնում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետՙ նպատակ ունենալով թերեւս ապահովել այդ համակեցությունը, ադրբեջանական կողմը շարունակում է արդեն հոգնեցնելու աստիճան կրկնված արտահայտությունների վերամատուցումը: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այսպես կոչված, սփյուռքյան կառույցների առաջին ֆորումում ելույթ ունենալիս հայտարարում է, թե Հայաստանը պետք է փոխի իր քաղաքականությունը, «ազատի ադրբեջանական գրավյալ հողերը եւ հրաժարվի իր պահանջներից մտացածին Հայոց ցեղասպանության առումով»:

Թերեւս եզակի անգամ կանխատեսելու ցանկությունից դրդված Ալիեւը նաեւ հայտարարել է, որ այս պայմանների չբավարարման դեպքում հարցականի տակ կլինի հենց Հայաստանի ապագան: Նույն այդ թուրք-ադրբեջանական հավաքույթին ներկա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարում է, թե ղարաբաղյան խնդիրը Թուրքիայի «արնահոսող վերքն» է: Հետաքրքրական է, որ Բաքվում հավաքված թուրքերն ու ադրբեջանցիները համաժողովի ողջ ընթացքում քննարկել են հայերի եւ Հայաստանի հետ կապված հարցեր, կարծես ամբողջ մոլորակի ամբողջ թուրքալեզու բնակչության միակ խնդիրը եղել եւ մնում է Հայաստանը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4