Երեկ Շվեյցարիայի Լոզան քաղաքում ավարտվել է Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու մեջ մեղադրվող Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի դատավարությունը: Թեեւ դատարանը որոշել է Փերինչեքին դատապարտել 90 օր ազատազրկման կամ նշանակել 9 հազար շվեյցարական ֆրանկի չափով տուգանք նրա համար, բայց եւ այնպես 2 տարով հետաձգել է որոշումը:
Այսինքնՙ Փերինչեքը պայմանական է դատապարտվել: Սա նշանակում է, որ դատարանի որոշումը ուժի մեջ կմտնի, եթե Փերինչեքը առաջիկա երկու տարում կրկին խախտի այն օրենքը, ինչը Շվեյցարիայում պատիժ է նախատեսում ցեղասպանության ուրացման համար: Լոզանի դատարանը վճռել է նաեւ Փերինչեքից գանձել դատավարության 5 հազար 873 ֆրանկ կազմող ծախսը, միաժամանակ որոշել է, որ նա Շվեյցարիայի հայերի միությանը վճարի 1000 ֆրանկ խորհրդանշական գումար, ինչպես նաեւ 10 հազար ֆրանկ` համայնքի ղեկավարներից Սարգիս Շահինյանին, որը նրա դեմ դատական հայց էր ներկայացրել:
Այս ամենից բացի դատարանը 3 հազար ֆրանկի չափով տուգանք է նշանակել Փերինչեքի համար, վճռելով տուգանքն իսկույն չվճարելու դեպքում 30 օր կալանել նրան: Այլ կերպՙ Փերինչեքը տանուլ է տվել դատավարությունը: Թերեւս այդ առումով պատահական չէ դատավարության ավարտին նրա արած հայտարարությունը. «Դատարանի այս որոշումը շվեյցարացի դատավորի ատելության բացահայտ դրսեւորումն է Թուրքիայի եւ թուրք ազգի նկատմամբ: Դատավճիռը կողմնակալ է եւ ատելությամբ լի: Դիմելու ենք Շվեյցարիայի վճռաբեկ դատարան, իսկ արդյունքի չհանգելու դեպքում` գործը հանձնելու ենք Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի հայեցողությանը»:
Թեեւ Ռաուֆ Դենքթաշի գլխավորած «Թալեաթ փաշա» կոմիտեն դեռեւս հայտարարություն չէր արել, սակայն կատարյալ պետք է լինի նաեւ Փերինչեքի դատավարությունից դրա հիասթափությունը, որովհետեւ շվեյցարական դատարանը ի չիք է դարձրել Մեծ եղեռնը ծաղրուծանակի ենթարկելու միջոցով թուրք ազգին փառաբանելու սրանց նկրտումը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ