Փետրվարի 23-ի համարում «Թուրք եւ հայ պատմաբանները հանդիպելու են» վերնագրով «Ազգը» տեղեկացրել էր, որ Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը արձագանքել է Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի համագործակցության կոչին: Տեղեկության համար հիմք էին ծառայել Հալաչօղլուի «Սաբահ» թերթին արած հայտարարությունները:
Մարտի 9-ին, շնորհիվ թուրքական հանրային հեռուստատեսության, տեղեկացանք, որ Սարաֆյանը այնուամենայնիվ հրաժարվել է «ցեղասպանության հայկական պնդումներն, առանց նախապայմանի ուսումնասիրելու» իր առաջարկից, որը նա արել է ի պատասխան Թուրքական պատմական ընկերության համագործակցության առաջարկի:
Արա Սարաֆյանի հետքայլի մասին Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսում նշել է Հալաչօղլուն: Նա միաժամանակ ընդգծել է, որ համատեղ նախագծերից հրաժարվելու առնչությամբ Սարաֆյանն անձամբ ափսոսանք է հայտնել իրեն, թեեւ ինքը չի կասկածում համագործակցելու նրա անկեղծությանը, սակայն չպետք է աչքաթող անել հայկական սփյուռքի ճնշումները անգլիացի պատմաբանի վրա:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ