«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2007-03-07 | #43, 2007-03-08 | #44, 2007-03-10


ՉԷ... ՉԷ... ՉԷ

- Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը: Ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես կար եւ ինչպես իրենք են ուզում: Մենակ էս խեղճ ժողովուրդն է միամիտի պես տուժելու:

Վլադիմիր Չոբանյան, 72 տարեկան

- Ես ընտրությունների մասին չեմ ուզում լսել, ոչինչ էլ չի փոխվելու, իզուր հույսեր են փայփայում:

Մարի Էլչյան, 70 տարեկան

- Իսկ ես հավատում եմ, ընտրություններից հետո անպայման դրական արդյունք կգրանցվի:

Վալերի Ղարսլյան, 50 տարեկան

- Վերջացրեք: Ի՞նչ պետք է անեն, ոչինչ: Հերթական անգամ մարդկանց կհուսադրեն, թե լավ է լինելու, դուք էլ էսպես չեք ապրի, չեք սառչի սեղանիկի հետեւում, ժամանակները փոխվում են: Նույնը չե՞մ: Քանի տարի նույն սեղանիկի մոտ սառչում եմ: Ո՞վ է մտածում իմ նման շատ-շատ մարդկանց մասին, ոչ ոք:

Անուշ Ղազարյան, 50 տարեկան

- Այնպիսի բան ասացիք, որ եփած հավի ծիծաղը կգար: Ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենամ: Կարծում եք այդ ուղղությամբ արժե՞ մտածել:

Վոլոդյա Պողոսյան, 45 տարեկան

- Քաղաքական պայքար, արդար ընտրություններ, դրանք բոլորը խաղ են, ամեն ինչ իրենցով են անելու:

Սլավիկ Աբրահամյան, 63 տարեկան

- Ցավալին գիտե՞ք որն է, երբ ամեն ընտրությունների ժամանակ մի փոքր հույս է առաջանում, ոգեւորվում ես, ուրախանում, մտածում ես լավ կլինի: Բայց հետո, երբ տեսնում ես նույն կոտրած տաշտակի առաջ ես, ինքդ էլ ես կոտրվում ու հավատդ կորցնում ես ղեկավարության նկատմամբ:

- Այ բալես, ինչ իմանամ, պետք է, որ լավ լինի: Էսքան խոսում, խոսում են, դե, մի բան կանեն էլի:

Գրետա Բալանյան, 80 տարեկան

«...Ոչ մի լավ բան էլ չեմ ակնկալում», այսպես էր պատասխանում մայրաքաղաքի փողոցներով անցնող պատահական մարդկանց որոշ մասը, որոնց փորձում էինք հարցնել, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն առաջիկա ընտրություններից: Ինչու փորձում էինք, որովհետեւ, երբ մարդիկ լսում էին ընտրության մասին, անմիջապես շրջվում եւ հեռանում էին: Իսկ այն անցորդներն, ովքեր, այնուամենայնիվ, համաձայնում էին պատասխանել, բարկացած տեսք էին ընդունում եւ սկսում էին «... չէ... չէ... չէ»- ները: Հարցումից պարզ դարձավ, որ շատերն են անտարբեր դարձել ոչ միայն ղեկավարության նկատմամբ, այլեւ ընտրությունների: Ավելին, նրանցից շատերը հրաժարվում են գնալ քվեարկության մտածելով, որ ով էլ անցնի, նույնն է լինելու: Ավելացնենք, որ հարցմանը մասնակցած 20 հոգուց միայն Վալերի Ղարսլյանն էր հավատում, որ դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, կլինեն: Ինչ վերաբերում է անտարբերությանը, ապա ցանկալի կլիներ, որ մարդիկ տեր կանգնեին իրենց ձայներին: Այլապես, ինչպես ասում է Ալեքսանդր Բելյաեւի հերոսներից մեկըՙ «Անտարբերությունն ինձ հասցրեց կործանման»:

ԱՆՆԱ ԳԶԻՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4