Սակայն ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն անտրամադիր էր
Վարդան Խաչատրյանը ընտրություններից հետո կազմավորվելիք նոր կառավարության կազմում հավանաբար այլեւս իրեն չի տեսնում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, ինչով էլ, թերեւս, պայմանավորված էին նրա երեկվա հոգնածությունն ու անտրամադիր լինելը: Ինչ վերաբերում է վարկերին, ապա դրանցից առաջինը Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը Հայաստանին է տրամադրել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին (ԱՀՌԾ) օժանդակելու նպատակով: Աղքատության հաղթահարման աջակցության վարկը կազմում է 28 մլն դոլար:
Երկրորդը դատաիրավական համակարգի բարեփոխման վարկն էՙ 22,5 մլն դոլար գումարով, երրորդըՙ առողջապահական համակարգի արդիականացման վարկըՙ 22 մլն դոլար: Դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրին 3 մլն դոլար դրամաշնորհ օժանդակություն է տրամադրել Ճապոնիայի կառավարությունը:
Պայմանագրերը ստորագրեցին Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանը:
Ստորագրման արարողությունից հետո ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ 2005-2008 թթ. համար նախատեսված էր Հայաստանին տրամադրել 170 մլն դոլարից մինչեւ 230 մլն դոլար վարկային միջոցներ: Քանի որ Հայաստանը կատարել է իր պարտավորությունները, ապա Համաշխարհային բանկը համաձայնեց, որ Հայաստանը կստանա առավելագույն գումարըՙ 230 մլն դոլար: Դա, ըստ նախարարի, նշանակում է, որ մինչեւ տարեվերջ դեռ 38,5 մլն դոլարի վարկ ստանալու հնարավորություններ ունենք: Այդ թվումՙ 20 մլն դոլարը միայն ԱՀՌԾ աջակցման ծրագրով, որով կհատկացվեն ավտոճանապարհների եւ ոռոգման համակարգերի նորոգմանը:
Տեղեկացվեց, որ ստացված վարկային միջոցներից 8 մլն դոլարը կհատկացվի հարկային եւ մաքսային բարեփոխումների համար: Մաքսատանը կտեղադրվեն նոր սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան, որպեսզի բեռնավորված ավտոմեքենաները սահմանն անցնեն առանց բեռնաթափվելու, դրանով իսկ նվազեցնելով շփումը մաքսային աշխատակցի եւ ներկրողի միջեւ: 1 մլն դոլար էլ կտրամադրվի հարկային ծառայությանը սարքավորումները ձեռքբերման, հարկային եւ մաքսային կառույցների միջեւ տեղեկատվության փոխանակման համար:
Վերոնշյալ վարկերը տրամադրվելու են 20 տարի ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամկետն է:
Վարկեր կստանանք նաեւ Ասիական զարգացման բանկից եւ Եվրոբանկից
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը երեկ հայտնեց նաեւ, որ Ասիական զարգացման բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանին 66 մլն դոլարի վարկ տրամադրելու վերաբերյալ: Այդ գումարից 30 մլն դոլարը կուղղվի 230 կմ գյուղական ճանապարհների նորոգման, 36 մլն դոլարըՙ խմելու ջրի համակարգին: Վարդան Խաչատրյանը հույս հայտնեց, որ բանկի տնօրենների խորհուրդը այս ծրագիրը կհաստատի մինչեւ տարեվերջ:
Բացի այդ, 14,5 մլն դոլար ստանալու պայմանավորվածություն էլ ձեռք է բերվել Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկի հետ: Այդ գումարը կհատկացվի Սեւանի շրջակայքում գտնվող 5 քաղաքների կոյուղատարների կառուցմանը, որպեսզի արտանետումները չթափվեն լիճ:
Նշանակվել է ՀԲ երեւանյան գրասենյակի նոր ղեկավար
Ինչպես երեկ հայտնեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանը, որը ժամանակավորապես փոխարինում է նախկին տնօրեն Ռոջեր Ռոբինսոնին նրա պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, ապրիլի 2-ից Հայաստանում կսկսի աշխատել գրասենյակի նոր տնօրենը: Այդ պաշտոնում նշանակվել է ազգությամբ հույն Արիստոմենե Վարուդակիսը: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է: Սովորել է Աթենքի (բակալավր) եւ Ստրասբուրգի (մագիստրոս, ապաՙ դոկտոր) համալսարաններում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ