«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2007-03-07 | #43, 2007-03-08 | #44, 2007-03-10


ՀԱՅԿԱԿԱՆ 3 ՖԻՐՄԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԾ «ՋԵՐՄՈՒԿԸ» ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ԱՄՆ ՎԱՃԱՌԱԿԵՏԵՐԻՑ

Այն, ինչ նորմալ է հայերի առողջության համար, ամերիկացիները մահացու են համարում. գուցե իսկապե՞ս այդպես է

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԱՄՆ կառավարության դեղի եւ սննդի գործակալության հայտարարության պատճառով արդեն 2 օր հայ սպառողներն ու հանքային ջուր արտադրողները անհանգիստ վիճակում են: Ինտերնետում սփռված պաշտոնական հաղորդագրության համաձայն, 1 լիտր «Ջերմուկի» մեջ ամերիկացիները հայտնաբերել են 500-600 միկրոգրամ (շուրջ 0,6 միլիլիտր) մկնդեղ, մինչդեռ ամերիկյան չափանիշները 10 միկրոգրամից ավելին անթույլատրելի են համարում: Գործակալությունը զգուշացնում է, որ «Ջերմուկի» պարբերական օգտագործումը ոչ միայն կարող է վնասել լյարդին ու երիկամներին, այլեւ նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Նաեւ հայտարարվում է, որ ամեն ինչ անելու են, որ հայկական «Ջերմուկը» հանվի ամերիկյան շուկայից:

Հայաստանից ԱՄՆ «Ջերմուկ» արտահանում են 6-7 ընկերություններ, բայց թե նրանցից կոնկրետ ում է ուղղված մեղադրանքը, հայտարարությունից չի հասկացվում: Համենայն դեպս, մարտի 7-ին տարածած հաղորդագրության մեջ ամերիկյան Սննդի եւ դեղի գործակալությունը նշում է այն կազմակերպությունների անունները, որոնք ներկրել են «Ջերմուկը»: Թվարկում է նաեւ հայկական այն ընկերությունների անունները, որոնց արտադրանքը հետ է կանչվել վաճառակետերից: Այսպես. խանութներից հավաքվել են Կալիֆոռնիայում գործող «Զեթլյան հացաբուլկեղեն» կազմակերպության ներկրածՙ «Ջերմուկի մայր գործարանի» արտադրանքը, Լոս Անջելեսում գործող Մեծածախ ներկրողների ընկերության կողմից ԱՄՆ հասցվածՙ «Արփի» գործարանի արտադրանքը, «Գրաջյան» ընկերության կողմից ներկրված «Ջերմուկ գրուպ» ֆիրմայի արտադրանքը:

Մենք փորձեցինք իմանալ «Ջերմուկ» արտադրողների կարծիքը:

«Ջերմուկի մայր գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Հովսեփյան.-Ամերիկյան կողմը նախ թող հստակեցնի, թե կոնկրետ ում արտադրանքն է փորձաքննության ենթարկել, եւ եզրակացությունը չտարածի բոլորի վրա: Հայաստանում «Ջերմուկ» արտադրող 16-17 կազմակերպություն կա, որոնցից գոնե 4-5-ի արտադրությունը լիովին համապատասխանում է տեխնոլոգիական ստանդարտներին, եւ արտադրական ողջ ցիկլը խիստ վերահսկվում է: Իրենք գոնե 7 տարի առանց դժգոհելու ընդունել են մեր արտադրանքը»:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ իսկապես շատ բարձր լինի մկնդեղի պարունակությունը 1 լիտրի մեջ, Հայկ Հովսեփյանը պատասխանեց. «Ես ոչինչ հավանական չեմ համարում, մինչեւ չասեն, թե ով է արտադրողը: Այսօր Ջերմուկ քաղաքում շահագործվում են հանքային ջրի 3 հորեր, հնարավոր է, որ մի հորում հանքայնացումն իսկապես ավելի բարձր լինի»:

«Ջերմուկ գրուպ»-ի տնօրենի խորհրդական Էդգար Ղազարյան-Ամերիկյան կառավարության դեղի եւ սննդի գործակալությունը իր հայտարարության մեջ նաեւ նշում է, որ իրենք դեռ ուսումնասիրություններ են կատարում եւ վերջնական եզրակացությունը միայն առաջիկայում կհրապարակեն: Պարզապես նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկում: Կոնկրետ մեր ընկերությունը 2000 թվականից ԱՄՆ արտահանում է հանքային ջուր, եւ ոչ մի անգամ պրոբլեմներ չենք ունեցել: Եվ կոնկրետ այս դեպքի հետ կապված ո՛չ մեր գործընկեր կազմակերպությունից, ո՛չ գործակալությունից որեւէ նամակ կամ նախազգուշացում չենք ստացել:

Իհարկե, հայկական շուկայի չափանիշներից ելնելով, կարելի է կատարվածի հիմքում քաղաքական ենթատեքստեր եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներ տեսնել: Այնուամենայնիվ, ի մի բերելով բոլոր հանգամանքները, այլ հետեւության կարելի է հանգել:

Հիշենք, որ 4-5 տարի առաջ նման մի պատմություն էլ եղավ Գերմանիայում: Գերմանացի համաճարակաբանները աղմուկ էին բարձրացրել դարձյալ մեր «Ջերմուկի» մեջ արսենիումի բարձր պարունակության պատճառով, ինչի մասին առաջինը մեր թերթում տեղեկացրել էր Անահիտ Հովսեփյանըՙ Գերմանիայից: Պարզվում է, տարբեր երկրներ արսենիումի կամ մկնդեղի թույլատրելի քանակի կամ ընդհանրապես այլ պարունակությունների տարբեր թույլատրելի նորմաներ ունեն: Ոմանք հետեւում են Եվրոմիության համապատասխանության սերտիֆիկատներին, ոմանք` Ռուսաստանի, ոմանք այլ կամ սեփական, ազգային ստանդարտներն ունեն: Ի՞նչ ստանդարտների են հետեւում հայերը կոնկրետ պարագայում: Այս խնդիրը փորձեցինք պարզել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ստանդարտների, չափագիտության վարչության պետ Ռոբերտ Դայանից: Նրա հավաստմամբ, մեր ստանդարտների համաձայն, սեղանի բուժիչ ջրերի մեջ մկնդեղի թույլատրելի պարունակությունը 1 լիտր ջերմուկի մեջ չպետք է գերազանցի 0,7 միլիգրամը: Ամերիկյան ստանդարտներով այս թիվը համապատասխանում է 700 միկրոգրամին: Եվ` պարադոքս. այն, ինչ նորմալ ենք համարում մեր առողջության համար, մահացու է ամերիկացիների տեսանկյունից:

Անհասկանալին տվյալ դեպքում նաեւ այն է, թե առ այսօր ինչպե՞ս է թույլատրվել հայկական հանքային ջրի ներմուծումը, եթե իրենց եզրահանգմամբ, այդքան վտանգավոր է այն առողջության համար:

Այնքանով, որ մեր հանքային ջուրը արտահանման տեսականու մեջ պատվավոր բաժին ունի, անկասկած, խնդիրը ճշտման կարիք ունի: Գերմանացիների բողոքից հետո ոչինչ չարվեց, եւ պատմությունը նորից կրկնվում է: Բայց ամերիկացիների ահազանգը նախազգուշացում պիտի լինի նաեւ այլ առումով: Մեր բժիշկ մասնագետներից շատ հաճախ եմ լսել, որ Հայաստանում չափազանց շատ են տարածված լեղաքարային հիվանդությունները, նաեւ երիկամներում քարային կուտակումները, շատ ավելի շատ, քան կարելի է բնական համարել: Մասնագետներն իրողությունը սովորաբար բացատրում են մեր սննդային ռեժիմի առանձնահատկություններով: Այն, որ մենք շատ չենք սիրում ապուրներ, ինչը, օրինակ, ռուսների համար պարտադիր է: Եվ գուցե նշված հիվանդությունների տարածվածության բարձր մակարդակը պատճառաբանվում է նաեւ ազգային ստանդարտների մեր չափանիշներո՞վ: Գուցե դրանք իրոք վերանայման կարիք ունեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4