Արվեստի սկիզբն ազատությունն է
«Ինձ համար կա երկու ազգային գրողՙ Վիլյամ Սարոյան եւ Եղիշե Չարենց, իսկ Ալեքսանդր Թամանյանը չափանիշ է, հայ մարդու կատարյալ չափանիշ: Ես ուրախ ու հպարտ եմ, որ հայ եմ»:
Գրչի եւ վրձնի վարպետ Աղասի Այվազյանի համար ամենակարեւորը հայրենիքում ապրելն էՙ կապույտ երկնքի տակ, առանց հոգեկան տառապանքի: «Հայրս էրզրումցի դարբին էր: Մանկությունս ու պատանեկությունս անցել են Ախալցխայում: Շատ դժվար օրեր եմ ունեցել: Հայրս ամբողջ օրն աշխատում էր մի կտոր հաց վաստակելու համար»:
Տարիներ անց Աղասի Այվազյանը եկավ Հայաստան: Այստեղ նրան սպասում էին նոր դժվարություններ, հիասթափություններ ու ծանոթություններ: «Ցավոք, իմ կյանքում խանգարող մարդիկ շատ են եղել: Իմ հոգում կուտակված սպիները շատ խորն են: Ես փորձում եմ սպեղանի դնել ցավը մեղմացնելու համար, բայց անցյալը չի մոռացվում: Եղել են օրեր, երբ քաղցած եմ գիշերել, բայց դա ինձ ուժ է տվել: Բարեբախտաբար, եղել են մարդիկ, որոնք օգնության ձեռք են մեկնել: Յուրաքանչյուրիս մեջ էլ ապրում է նախանձը, բայց այն կարելի է փոքրացնել: Միայն միմյանց օգնելով կարելի է հասնել հաղթանակի»:
Կան գործեր, որոնք ստեղծվում են ոչ թե վարպետության շնորհիվ, այլ ներշնչանքի արտահայտություն են: «Իմ ստեղծագործական կյանքում կարեւոր դեր է խաղում «Եռանկյունի» վիպակը: Դեռ մանկուց իմ հիշողության մեջ տպավորվել է հորս դարբնոցըՙ եռանկյունում տեսքով փոքրիկ շինություն: Վիպակը գրել եմ շատ արագՙ մի քանի օրում: Ինձ ծանոթ ու հարազատ էր Մկրտիչների դամրչնոցը, իսկ հերոսները զարմանալիորեն սիրելի ու համակրելի: Վիպակում Հովիկի կերպարի մեջ դրել եմ իմ էությունը: Դա կարծես փոքրիկ ինքնակենսագրական լինի»:
Մարդը սխալական է: Մեզանից յուրաքանչյուրն էլ կյանքում կատարում է արարքներ, գործողություններ, որոնց համար հետագայում զղջում է: Իսկ եթե ժամանակին հասկանում ես կատարած սխալի մեծությունն ու այն կանխում, քեզ բարոյապես ավելի մաքուր ես զգում:
«Ապրում էի ծայրաստիճան աղքատության մեջ, երբ գրեցի «Խոսում է Կոչկոչյանը» պիեսը (պիեսը գովերգում էր խորհրդային կյանքը): Ես ունեի շատ ընկերներ, որոնք նմանատիպ ձեւով գումար էին վաստակում: Երբ պիեսն ընդունեցին ու պետք է բեմադրվեր Սունդուկյանի անվան թատրոնում, իմ մեջ կարծես ինչ-որ բան կոտրվեց: Թվում էր, թե վաճառել եմ ինքս ինձ, իմ ամենաթանկ բանըՙ գրիչը: Սա իմ կայնքի ամենամեծ սխալն էր: Երջանիկ եմ, որ այդ սխալը կանխեցի ու թույլ չտվեցի բեմադրել: Այլապես ինձ չէի ների, չէի կարողանա հայելու մեջ նայել ու չամաչել»:
Հաճախ երջանկությունն անցնում է մեր կողքով, իսկ մենք այն չենք նկատում: Յուրաքանչյուրը երջանկությունը յուրովի է հասկանում, սակայն մի բան փաստ է, յուրաքանչյուրն էլ ունեցել է կատարյալ, իսկական երջանկության հաճելի պահեր:
«Անհրաժեշտ է երկար ապրելՙ երջանկության իմաստը հասկանալու համար: Ես երջանկություն եմ փնտրում գրականության, նկարչության ու թատրոնի մեջ: Արժանացել եմ բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, ՀՍՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիրն եմ, սակայն դրանք ինձ երբեւէ երջանկություն չեն բերել: Երբեւէ չեմ ձգտել պաշտոնի եւ գիտեմ, որ այն ինձ չի երջանկացնի: Ինձ համար լիակատար երջանկությունն աշխատանքիս պահն է: Ես ամբողջովին ընկղմվում ու նվիրվում եմ իմ գործին: Շատ ուժեղ է իմ ստեղծագործական գրգիռը: Եթե մի օր այն հանգչի, ես կդժբախտանամ»:
Սերունդները փոխվում են, նրանց հետ փոխվում է նաեւ մտածելակերպը: «Ժամանակակից սերունդն ավելի լայն հնարավորություններ ունի ստեղծագործելու, իրեն արտահայտելու համար: Արվեստի սկիզբն ազատությունն է: Նախկինում արվեստը պատված էր սեւով, այսօր այդ մթության մեջ մի փոքրիկ կրակ է առկայծում: Ես լավատես եմ ու համոզված եմ, որ սերունդների ջանքերի շնորհիվ այդ փոքրիկ կրակը կմեծանա, կլուսավորի ու կջերմացնի: Համոզված եմ, որ կունենանք նոր տաղանդներՙ Թամանյաններ, Չարենցներ, Սարոյաններ, եւ դա կլինի մեր մեծ բարոյական հաղթանակը»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ