«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2007-03-08 | #44, 2007-03-10 | #45, 2007-03-13


ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ժ. ՖՈՒՐՆԵՆ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ IPAP-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Լրացավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» (IPAP) մեկ տարին: ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը «Ազգին» տեղեկացրեց, որ հուվարի վերջին-փետրվարի սկզբին ՆԱՏՕ-ի փորձագետներից կազմված խումբը Հայաստանում մեկ շաբաթ ուսումնասիրել է ծրագրի կատարման ընթացքը եւ շուտով մեզ կներկայացնի դիտարկման գրավոր գնահատականը: Այնուհետեւ Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կկայանա Հյուսիսատլանտյան խորհուրդ-Հայաստան հանդիպում-քննարկումը, որին կմասնակցեն մեր բարձրաստիճան ներկայացուցիչները: Ծրագիրն ընդհանրապես երկամյա է, վերջնական գնահատումը երկու տարի հետո է` նոր խնդիրներն ուրվագծելով: Սակայն այս միջանկյալ գնահատումն էլ կարեւոր է, որը Երեւան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` հասարակական դիվանագիտության հարցերով օգնական Ժան Ֆուրնեի տպավորությամբ ծրագրի կատարման բաղկացուցիչների վերաբերյալ դրական առաջընթաց է արձանագրելու, քանի որ նա արդեն ծանոթ էր փորձագետների անհատական զեկուցագրերի շատ լավատեսական գնահատականներին: Երեկ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ ՆԱՏՕ-ի երեւանյան տեղեկատվական գրասենյակում հանդիպելով լրագրողների հետ Ֆուրնեն ուրախ էր ողջունելու այդպիսի գրասենյակի գոյությունը, քանի որ կարեւոր է հասարակությանն իրազեկ պահել Հյուսիսատլանտյան դաշինքի օրակարգային հարցերին: Նա առիթից օգտվեց` իրազեկելու հայ հասարակությանը, թե ՆԱՏՕ-ն մի կուռ կառույց է, որտեղ աշխատում են ռեալ մարդիկ, այն ստեղծման օրից անընդհատ վերափոխվում է, որպեսզի դիմակայի նոր մարտահրավերներին եւ նոր կոնֆլիկտներին, որտեղ էլ դրանք ծագեն: Տեղեկատվական գրասենյակի կարեւորման հարցում Վ. Օսկանյանն էլ երկրորդեց Ժ. Ֆուրնեին. «Այսօր մեր հասարակության մեջ ՆԱՏՕ-ի վերաբերյալ տեղեկատվությունը չեմ կարող ասել, որ ամբողջությամբ համապատասխանում է արդեն նոր, փոփոխված ՆԱՏՕ-ին, որովհետեւ ՆԱՏՕ-ն այսօր սառը պատերազմի ՆԱՏՕ-ն չէ... եւ այդ մասին մեր հասարակությունը պետք է իրազեկված լինի»:

«Մեր արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը» հիմնական կարգավորող փաստաթուղթն է մեր հարաբերություններում, որը ծավալուն-ընդգրկուն փաստաթուղթ է. եւ դրա ամբողջական կիրառումը մեզանից դեռեւս շատ ժամանակ է խլում: Այնպես որ մենք կենտրոնանում ենք այդ փաստաթղթի վրա` մեր հարաբերությունները զարգացնելու», նկատեց Վ. Օսկանյանը` պատասխանելով ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ լրագրողի հարցին: Պատասխանելով «Ազգի» հարցին` ինչպե՞ս է գնահատում Հայաստանի մասնակցությունն այդ ծրագրին, Ժ. Ֆուրնեն նկատեց, որ 1 տարվա ընթացքում Հայաստանը շատ բանի է հասել եւ ողջ ծրագրում, եւ առանձին տարրերում. միջանկյալ գնահատումը ցույց է տալիս, որ երկու կողմից էլ պատրաստակամություն կա:

Լրագրողներին հետաքրքրում էր ՆԱՏՕ-ի մասնակցության խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին. «Բանակցությունները գնում են այլ շրջանակներում, ՆԱՏՕ-ն կողմ է այդպիսի հարցի խաղաղ լուծմանը», սահմանափակվեց Ֆուրնեն` գնահատելի համարելով այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են տեղեկացնելու ՆԱՏՕ-ին` հարցի զարգացման վերաբերյալ:

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում Հայաստանի կողմից Ադրբեջանի յոթ շրջանների շրջափակման ձեւակերպումը այս հանդիպմանը Վ. Օսկանյանը մի անգամ եւս սխալի արդյունք գնահատեց. «Ես մամուլի ասուլիսում ասացի, որ սխալներ կան, անմիջապես այդ սխալը հանձնվել է պետդեպի ուշադրությանը: ԱՄՆ-ի մոտեցումներն այդ հարցում շատ հստակ են, հենց դրա համար էլ կարելի է ասել, որ դա փաստացի սխալ է: Իհարկե, փաստաթուղթն այլեւս չի փոխվի, բայց տարբեր առիթներով ԱՄՆ-ն այդ հարցում իր մոտեցումները կվերահաստատի: Հաջորդ զեկույցում այդ սխալը, կարծում եմ կվերացվի», հույս հայտնեց նա:

Ի դեպ, Ժ. Ֆուրնեի այցը մարտի 12-16-ը Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթի շրջանակներում է, որի ընթացքում ՆԱՏՕ-ի այլ բարձրաստիճանների այցեր էլի կլինեն:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4