Բջջային կապի երկու օպերատորներըՙ «Արմենտելն» ու «Վիվասելը» հերթական անգամ դժգոհել են միմյանցից եւ դիմել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Այդ մասին տեղեկացրել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում: Երկու ընկերություններն էլ միմյանց մեղադրել են անարդար մրցակցության եւ դեմպինգային գներ կիրառելու մեջ: Մասնավորապես «Արմենտելի» դժգոհությունը հարուցել է «Վիվասելի»ՙ այս օրերին կիրառվող խոսակցության 2-րդ րոպեից 1 րոպեն 40 դրամ «Վիվասելի» ցանցում արշավը, իսկ «Վիվասելին»ՙ «Արմենտելի» GO փաթեթի բաժանորդներին առաջարկվող «խոսիր ինչ ուզում ես եւ ինչքան ուզում ես» արշավը, որտեղ խոսվում է 1 րոպեն 55 դրամ խոսակցության գնի մասին:
Որքանով են երկու ընկերությունների կողմից կիրառվող այս սակագները դեմպինգային, այսինքնՙ ավելի ցածր, քան դրանց ինքնարժեքն է, առանց ընկերությունների տրամադրած տվյալների լրացուցիչ ուսումնասիրությունների եւ հաշվարկների, անհնար է ասել: Սակայն անարդար մրցակցության այլ տարրեր կարելի է հայտնաբերելՙ հետեւելով ընկերությունների վերոնշյալ գովազդային արշավներին:
«Արմենտելի» գովազդում GO փաթեթի բաժանորդներին առաջարկվում է խոսել ինչ ուզում են եւ որքան ուզում ենՙ 1 րոպեն 55 դրամով: Տպավորությունն այնպիսին է, որ ձեռք բերելով այդ փաթեթը եւ զանգահարելով ցանկացած ուղղությամբ, կարող ես խոսել այդ սակագնով: Մինչդեռ իրականում այդ սակագինը գործում է GO փաթեթի ներսում եւ «Իզի» քարտ ունեցողների համար: GO-ից դեպի «Արմենտելի» բաժանորդային քարտ ունեցողներ, քաղաքային լարային հեռախոսացանց, դեպի Լեռնային Ղարաբաղ, դեպի «Վիվասելի» ցանց գործում է բոլորովին այլՙ շատ ավելի բարձր սակագին: Մինչդեռ այս մասին հեռուստատեսային գովազդում ոչինչ չի ասվում, շփոթություն առաջացնելով սպառողների մոտ: Որ այդ դեպքերում գործում են ավելի բարձր սակագներ, բաժանորդները կարող են տեղեկանալ միայն այցելելով «Արմենտելի» ինտերնետային էջ: Իսկ ինտերնետն այսօր հասանելի է բնակչության ընդամենը 10 տոկոսին:
«Վիվասելի» գովազդում, երբ խոսվում է 2-րդ րոպեից 1 րոպեն 40 դրամ խոսելավճարի մասին, միաժամանակ նշվում է «միայն «Վիվասելի» ցանցում» արտահայտությունը, բացառելով որեւէ շփոթություն սպառողների համար: Այսինքն, կարելի է արձանագրել, որ «Արմենտելի» գովազդը որոշակի շփոթություն է առաջացնում սպառողների մոտ եւ պարունակում է անարդար մրցակցության տարրեր, ինչը փաստորեն բացակայում է «Վիվասելի» գովազդում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ