Այսօր լրանում է Եղիշե Չարենցի ծննդյան 110-ամյակը: Այդ առիթով հանրապետությունում եւ սփյուռքում կազմակերպվում են միջոցառումներՙ դասախոսություններ, երեկույթներ, ցերեկույթներ: Այսօր շատերն են խոսելու մեծ բանաստեղծի մասին: Կարծում ենք, որ մեր ընթերցողին կհետաքրքրի Վիլյամ Սարոյանի հուշերից մի հատված:
Առաջնորդս զիս վերելակով տարավ պանդոկին երրորդ կամ չորրորդ հարկը, հետո նրբանցքե մը անցնելով, մենք կանգ առինք բաց դռան մը առջեւ: Չհասկցա, թե ուրկե հանկարծ երեւաց Չարենց` ժպիտը դեմքին, մենք իրարու ձեռք սեղմեցինք եւ հայերեն խոսեցանք:
Հետո ան ռուսերենով աղջկան բան մը ըսավ, եւ աղջիկը անգլերեն ինձ հայտնեց, թե ինք պիտի հեռանա եւ մեզի մենակ ձգե` մեկ ժամեն վերադառնալու պայմանով:
Հունիսյան օր մըն էր, ցերեկեն վերջ` 1935 թվականին: Եվ այդ օրեն Չարենց մնաց իմ խոհերուս մեջ:
Միշտ նպատակ ունեի գրել Չարենցի մասին: Սակայն չեմ գրած շարք մը պատճառներով: Առաջին` որովհետեւ գրելիքս կրնար սխալ հասկցվիլ եւ Չարենցը մատնել անել կացության կամ անոր պատճառել մտահոգություն, անձնական դժվարություն, թերեւս, նույնիսկ դժբախտություն:
Ես կարող չէի նման պատասխանատվություն մը կրել խղճիս վրա:
Ես կարող էի միայն տարվետարի աղոթել, որպեսզի Չարենց, ուր որ ալ ըլլա` իր ճակատագիրն ու բախտը շատ ծանր չկշռեն իրեն:
Խորապես գոհ էի, որ կարողացա հանդիպիլ իրեն ու, թեեւ, ինքը երբեք չխնդրեց ինձմե, որ չգրեմ իրեն, սակայն ես զգացի, որ այդ հետեւանք էր ներքին արիության ու հպարտության, զգացի նաեւ, որ իր անկեղծ, ջերմ ու ազնվական վերաբերմունքը ինձի հանդեպ արտահայտությունն էր իր կատարյալ վստահության, որ ես կըլլամ զգույշ ու զուսպ:
Երկրորդ, չգրեցի Չարենցի մասին, որովհետեւ ան բանաստեղծ է, որուն բանաստեղծությունը գրված է հայերենով, որ ես չեմ կարդացած:
Երրորդ, չգրեցի, որովհետեւ ես Չարենցին հանդիպեցա երեք, թե չորս անգամ միայն:
Սակայն Չարենցի մասին կան որոշ բաներ, որ կարծես կարող եմ ըսել: Նախ, կվախենամ, որ չկրցա ցույց չտալ, թե առաջին իսկ վայրկյանին նկատեր էի, որ Չարենց հասակով շատ փոքր մարդ էր եւ շատ տգեղ: Ես վստահ եմ, որ Չարենց տեսավ, թե ես նկատեցի այս պարագան: Սակայն, նույնիսկ եթե տեսավ, հայտնի չըրավ ու բան մը չըսավ:
Սակայն կես րոպե իսկ չանցած` Չարենցի հասակը փոքր չէր այլեւս... Անոր հասակը դարձավ կատարելապես անտեղի խնդիր մը, եւ փոխանակ տգեղ մարդ ըլլալու, ան դարձավ գեղեցկագույններեն մին: Անոր ձայնը ջերմ էր, եւ անոր աչքերը շիտակ էին, արթուն ու խելացի:
Փոքր մարմնով, խոշոր անձեւ գլխով եւ մեծ ու ծուռ քթով մարդ չէր Չարենց, այլ կենդանի անհատականություն մը, որու բնակավայրը` մարմինը, արկածով էր, ան էր, ինչ որ էր:
Անկարող էի հպարտ չզգալ, որ իրեն հետ եմ: Եվ փոխադարձաբար ան զգացուց, որ հպարտ է, որ ինձի հետ է:
Ասով չեմ ուզեր լսել, որ մեր խոսակցությունը ջերմ տափակություններե կամ զիրար շնորհավորելե անդին չանցավ: Ճիշտ հակառակը: Ըլլալով հայրենակից, ըլլալով գրչի մարդ` մենք շուտով մեկ կողմ դրինք քաղաքավարական կանոնները եւ խոսեցանք այնպես, կարծես շատ հին բարեկամներ ըլլայինք, որոնք պատեհություն չեն ունեցած իրարու հանդիպելու:
Կարճ խոսքով, ես անմիջապես սիրեցի Չարենցը, բայց ինչ որ ավելի կարեւոր է, ունեցա այն տպավորությունը, որ ան ճշմարտորեն մեծ մարդ է:
Շատ դժվար է բացատրել մարդկային մեծությունը, հաճախ մարդ կսխալի, երբ, մեր վեցերորդ զգայարանքի վրա հիմնվելով, այսինչի կամ այնինչի մասին կարծիք կկազմե:
Կարծեմ, Չարենց ինձի մեծ թվեցավ, որովհետեւ իր էության մաս կը կազմեին որոշ ապշեցուցիչ առաքինություններ եւ քանի մը զվարճալի թերություններ:
Անոր հոգեկան անկախության դեմ կար աշխարհ տեսած մարդու ժպիտը, անոր սուր մտքին հետ կար այնպիսի մանկական հետաքրքրություն մը, որ կտանի միամտության, անոր չափազանց քնքուշ վարվելակերպին կողքին կար ծաղրական չարաճճիություն մը, որ կարելի էր դյուրությամբ կոպտության տեղ դնել:
Սակայն երբեք կոպիտ չէր Չարենց: Սրամիտ էր, եւ իր սրամտության պաշտոնն էր հսկել ինքն իր վրա, որ փքուն չդառնա:
Արագ էր ամեն բանի մեջ, եւ անոր մեջ կար թե՛ կիրք, թե՛ վճռականություն. վճռականությունը ստեղծագործ մարդու մեջ, որուն ունեցած կիրքը ճշմարտության հանդեպ եղծված ու խարդախված էր դեպքերու բերումով, որոնցմե խուսափիլ կարելի չէր:
Այս դեպքերը, ըստ երեւույթին, պարտադիր էին. թեեւ իմաստուն, սակայն կարգադրություն մը, որ բարոյապես անհանգիստ կդարձնե մարդս:
Ես արդեն հանդիպեր էի շարք մը ականավոր հայերու, որոնք շատ զգույշ էին ինձի հետ ունեցած իրենց խոսակցության ժամանակ: Օրինակ, ինձի համար շատ անմեղ հարցում մը կընեի հայերու մասին, եւ պատասխանը կըլլար խուսափողական, զգույշ, անորոշ եւ նույնիսկ կասկածելի...
Չարենց, սակայն, գործ չուներ զգուշության հետ: Ան կըսեր ճշգրտորեն այն, ինչ որ կուզեր ըսել այդ վայրկյանին եւ որ խոսակցությունը կպահանջեր: Իսկ իր խոսքերուն մեջ կային հակասություններ, որոնք ցույց կուտային, թե Չարենցի հոգին ազատ էր տակավին եւ վճռած էր չկորսնցնել ազատությունը:
Նույն ատեն, սակայն, ան երբեմն բոլորովին արտառոց կամ անընդունելի բան մը կըսեր, բայց կծիծաղեր իր քթին տակեն ու կարծես ինքնիրենը բաներ մը կմրթմրթար:
Իր հայերենը կամ ոճը դժվար չեկավ ինձի, որովհետեւ կխոսեր զարմանալի պարզությամբ: Ոչ ալ իմ հայերենը դժվար եկավ իրեն. իրողությունը այն է, որ որեւէ խոսք չկրկնեցի եւ ստիպված չեղա որեւէ միտք երկրորդ անգամ բացատրելու:
Չարենց ինձի ըսավ.
- Դուն կգրես անգլերեն, այսուհանդերձ, դուն հայ գրող ես:
Ես համաձայն գտնվեցա ու նկատեցի, որ թեեւ ծանոթ չեմ իր գրություններուն, սակայն կկարծեմ, որ ինք, հակառակ որ հայերեն կգրե, այսուհանդերձ ու էապես համաշխարհային գրող է:
Չարենց պատասխանեց.
- Թերեւս. կամ հուսանք, որ այդպես է, թեեւ ինքնին բավարար է նաեւ հայ գրող ըլլալը:
Այս ամենը վերհիշելով չեմ ուզեր ըսել, թե բառացի կերպով կուտամ այն, ինչ որ խոսեցանք Չարենցի հետ, ասկե 20 տարի առաջ: Իհարկե, բառացի չեմ հիշեր: Մեր խոսածի իմաստը կհիշեմ ու պիտի հիշեմ միշտ, բայց բառերը թռեր են իմ հիշողութենես: