«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2007-03-08 | #44, 2007-03-10 | #45, 2007-03-13


ԿՈՐՍՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՏԱՐԱԾՔ

Տարածք եմ ասում, որովհետեւ երբեմնի Հայաստանից մնացել է մի տարածք, որտեղ մի բուռ ժողովուրդ օրվա հացի խնդիր է լուծում: Սա իմիջիայլոց...

Անդառնալի կորուստների ու մեծ աղետի կանխազգացումն ունեմ: Հայ մարդու իմ դիրքերից, իմ դիտակետից լռելն այլեւս դավաճանություն է, չխոսելն այլեւս ջայլամախաղ է անջրդի ավազուտներում, 15 տարի շունչներս պահած սպասում ենքՙ ինչի՞... ո՞ւմ... Հազարավոր տարիներ այս ժողովուրդը մաքառել է, վիթխարի լարումների, վիթխարի կորուստների գնով հասել է տիեզերական նվաճումների դարաշրջան, որ այսօր աղբամանները փորփրող մուրացիկի տեսքով մեռնի՞ մայթերին, որ հոգեւոր նախճիրի զո՞հ դառնա, որ օտար աշխարհներից բերված անճոռնի ու այլանդակ կենսաձեւերի հնազանդ կրողն ու հլու սպասավո՞րը լինի, որ մշակութային կորուստների անդունդից ու ահավոր անկումներից այլեւս հետդարձ չունենա՞: Միայն այն, թե ամեն օր ինչ աղբ է թափվում մեր գլխին հեռուստաէկրաններից, բավարար է, որ ամեն վայրկյան հայտնվես վերակենդանացման բաժանմունքում: Միայն «գովազդները» բավական են, որ հասցնեն սրտի կաթվածի: Այդքան անիմաստ, անճաշակ, ապաշնորհ, տգեղ արտադրանք եթե դիտմամբ ուզենաս էլ ստեղծել, չես կարողանա: Եվ իրոք, կարծես սկսվել է տգիտության մի մեծ մրցավազքՙ որքան տգետ այնքան լավ: Հիշեցի Չարենցին, որ Մահարու հետ Աստաֆյանով իջնելիս հանդիպում է որբերի խմբի ու շուռ գալով Գուրգենին, ձեռքը խփում է ձեռքին. «Ա՛յ տղա, էս որբերին ո՞վ հնարեց»: Հիմա ես եմ ուզում հարցնելՙ այս ամենը ո՞վ հնարեց: Եվ ո՞ւր են մեր մշակույթի պարոնայք հսկիչները, ովքե՞ր են վերահսկում այս դաշտը: Մի Հենրիկ Հովհաննիսյան, մի Տիգրան Մանսուրյան, մի Սոս Սարգսյան, մի Արթուր Մեսչյան, մի Ռոբերտ Սահակյանց, մի Աղասի Այվազյան ի՞նչ կարող են փոխել: Մարդիկ տարիներով բան են ասում. ինչո՞ւ լսող չկա: Ինչո՞ւ ձեռնտու չէ նրանց լսելը: Ժամանակին չէինք լսում նաեւ մեր մյուս մեծերին, վերջիններիցՙ Հրանտ Մաթեւոսյանին: Տարիներ կանցնեն եւ մենք շատ ենք ափսոսալու, որ մերսեդեսաջիպային այս ժամանակներում չենք լսել նրանց, առաջնորդ չենք կարգել, աշխարհայացք ու բարձր կենսաձեւ բերող նրանց հոգիներին հաղորդակից չենք եղել, աշխարհներ բացող նրանց երկնային ձիրքն արհամարհել ենք:

Ուսուցիչ ու ուսուցչապետ չսիրեցինք, անբասիրն ու ազնիվը չփնտրեցինք եւ նյութի տաճարում այժմ էլ հանձնված ենք խելահեղ օրգիայի ու անվերջ պիտի քաղցենք ճոխ սեղանի մոտ, անվերջՙ բաժան-բաժան, ցաքուցրիվ պիտի մտածել կարողանանք միայն մեր ոտնամանի ու ոտնամանի տակ եղած մի հատիկ հողակտորի մասին միայն, անվերջ դժբախտ պիտի լինենք, եթե նույնիսկ ապրենք հոյակերտ ապարանքներում: Կասեցնել է հարկավոր այս վայրի, բարբարոսական անկումը: Ո՞ւմ դիմես. իշխանությունների՞ն, իշխանավորների՞ն, բայց իշխանավորն ինքը պիտի մշակույթ կրող, մշակույթ դավանող ու մշակույթ խթանող մարդ լինի: Իսկ այդպիսիք մենք ունեցել ենքՙ Ալեքսանդր Մյասնիկյան, Աղասի Խանջյան:

Հիշենք Խանջյանի եւ Չարենցի մեծ բարեկամությունը: Ամեն մի նոր գրված բանաստեղծություն նաեւ հայտնվում էր Խանջյանի սեղանին, նրանք գիշերներ էին լուսացնում քննարկելով երկի այս կամ այն հատվածը ու մեծ պոետը նույնիսկ փոփոխություններ էր անումՙ վստահելով Խանջյանի գրական նուրբ հոտառությանը: Այսպիսին պիտի լինի այսօրվա հայ իշխանավորը, պետք է խորապես գիտակցի, որ հայ ժողովուրդը ուրիշ հարստություն չունի, բացի իր հզոր մտավոր ներուժից, որ մենք աշխարհին այլ կերպ չենք կարող ներկայանալ, քան որպես գիտության, արվեստի ու գրականության հանրություն: Ինչո՞ւ արդեն 15 տարի այս հասարակ, աքսիոմատիկ ճշմարտությունը չի ընկալվում, չի խրախուսվում: Ես գիտեմ, որ մենք երբեւէ կդառնանք այս անանց արժեքներին, բայց դա երբ կլինի ու երբ լինիՙ շատ ուշ չի՞ լինի արդյոք...

Դարձյալ ուզում եմ հիշել Եղիշե Չարենցին եւ ավարտել իր իսկ խոսքով.

- Ա՛յ տղա, ամբողջ գիշերն աշխատել եմ, ու շարունակ մտածել, եթե աստված ոչ անի, Աղասին թողնի, հեռանա Հայաստանից, ո՞ւմ ընտրենք առաջին քարտուղար, ի՞նչ ես կարծում... (Գ. Մահարի, Չարենցի մեկ օրը):

.. Եվ աստված ոչ անի, որ հայ մարդն ուզենա որեւէ իշխանավորի հեռանալը Հայաստանից:

ՀՈՎԻԿ ԱՂԵԿՅԱՆ, (նկարիչ)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4