Փարիզի «Լ՚արմատան» հրատարակչությունն անցյալ տարի «Հինգ մայրցամաքի պոեզիա» մատենաշարով լույս է ընծայել «Սայաթ-Նովա, 18-րդ դարի բանաստեղծ, հայերեն խաղեր» («Sayat-Nova, poete du XVIIIe siecle, Odes armeniennes») երկլեզու ժողովածուն: Այն ընդգրկում է հայ միջնադարյան մեծանուն աշուղ-բանաստեղծի 47 բանաստեղծություններըՙ բնագրով եւ ֆրանսերեն թարգմանություններով, որոնք կատարել են փարիզաբնակ ամուսիններ Էլիզաբեթ Մուրադյանը եւ Սերժ Վենտուրինին: Թարգմանիչները գիրքը նվիրել են «խորունկ կինոբեմադրիչ եւ մեծ սայաթ-նովյան Սերգեյ Փարաջանովի» հիշատակին: Գիրքը կազմված է առաջաբանից, վերջաբանից, ծանոթագրություններից, փոքր բառարանից եւ հատուկ անունների ցանկից:
Ծնունդով երեւանցի թարգմանչուհի եւ ուսուցչուհի Էլիզաբեթ Մուրադյանն ուսանել է Երեւանի պետական համալսարանում եւ Սորբոնում: Ամուսինըՙ բանաստեղծ եւ գրականության դասախոս Սերժ Վենտուրինին, երեք գրքի հեղինակ է: Ճանապարհորդել է Լիբանանում, Մարոկկոյում, Ռուսաստանում, Հայաստանում եւ Լեհաստանում, ուսումնասիրել այդ երկրների գրականությունը: Նրա հաջորդ գիրքը նվիրված է լինելու Մարինա Ցվետաեւային:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ