«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2007-03-08 | #44, 2007-03-10 | #45, 2007-03-13


ԾՈՎԱԳՅՈՒՂՈՒՄ ՏՈՒԼԱՐԵՄԻԱ (ԿԵՂԾ ԺԱՆՏԱԽՏ) Է ԲՌՆԿՎԵԼ

Արդեն 3 օր Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում արտակարգ իրավիճակ է: Հաստատվել է, որ գյուղացիներից 6 մարդ միաժամանակ վարակվել է տուլարեմիա կամ ինչպես կոչում են` կեղծ ժանտախտ սուր վարակիչ հիվանդությամբ: Ենթադրվում է, որ եւս 10 մարդու մոտ կհաստատվի նույն ախտորոշումը: Այժմ գյուղում զանգվածային կանխարգելիչ պատվաստումներ են իրականացվում: Երեկ 4,5 հազար ծովագյուղցիներից 2 հազար 280-ն (7 տարեկանից բարձր) արդեն պատվաստվել էր: Լայնածավալ դեռատիզացիոն աշխատանքներ են իրականացվում նաեւ կրծողների դեմ: Միաժամանակ հետազոտվում են վարակի փոխանցման բոլոր հավանական ուղիները, իրականացվում են ամենօրյա բակային համայցեր նոր դեպքերի բացահայտման համար:

Պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանը առողջապահության նախարարության մյուս համաճարակաբանների հետ դեպքի առաջին օրից գյուղում է: Նրանից տեղեկացանք, որ դեռեւս վարակի իրական աղբյուրը չի բացահայտվել: Տուլարեմիան մարդուն կարող է փոխանցվել կրծողների, սննդի, ջրի, հողի միջոցով: Ջրային ճանապարհով փոխանցումը համաճարակաբանները բացառում են, որովհետեւ ըստ նրանց, դա կարող էր շատ ավելի մեծ բռնկում առաջացնել: Հայաստանում նման բան արձանագրվել է 2003 թվականին Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում, երբ այստեղ խմելու ջրից տուլարեմիայի հարյուրավոր դեպքեր արձանագրվեցին:

Ծովագյուղի հիվանդները չեն հոսպիտալացվել, ծանր դեպքեր չկան, բարեբախտաբար: Սա տուլարեմիայի ոչ թե թոքային` անհամեմատ վտանգավոր, այլ մաշկային տարբերակն է: Վերջին դեպքում հիվանդությունն արտահայտվում է ավշային հանգույցների բորբոքումներով, բարձր ջերմաստիճանով, ընդհանուր թուլությամբ: Տուլարեմիան կամ կեղծ ժանտախտը մարդուց մարդուն չի փոխանցվում:

Ծովագյուղում նման բան առաջին անգամ է տեղի ունենում:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4