Հարցազրույց «Հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ նախագահ Էլդար Իսմայլովի հետ
- Ադրբեջանում ձեւավորվե՞լ է իրական բազմակուսակցական համակարգ, որո՞նք է գործող քաղաքական կուսակցությունների հիմնական տարբերությունները, նրանց ազդեցության չափը: Արդյոք ստեղծվել են պայմաններ նրանց գործունեության համար:
- Զուտ իրավաբանական տեսանկյունիցՙ կարելի է ասել, որ Ադրբեջանում ձեւավորվել է բազմակուսակցական համակարգ: Բայց մեր երկրի կուսակցությունները գտնվում են անհավասար պայմաններում: Անկասկած, առավել նպաստավոր պայմաններ ստեղծված են իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության եւ շատ ավելի նվազ պայմաններՙ մնացած կուսակցությունների համար: Բացի այդ, խիստ թույլ է բազմակուսակցական համակարգի սատարման մեխանիզմը: Կարելի է վստահորեն պնդել, որ փոքրամասնություն կազմող կուսակցությունները, որոնք «Յենի Ազերբայջանի» «կրտսեր եղբայրներն են», իրենց լավագույն օրերը չեն ապրում: Դրա պատճառն այն է, որ կուսակցություններն ի վիճակի չեն իրենց նյութապես ապահովել: Ուստիՙ ո՛չ այդպիսի կուսակցությունների քանակն է ավելանում, ո՛չ էլ դրանց անդամների քանակը: Այսօրվա դրությամբ, բացի իշխող եւ ընդդիմադիր կուսակցություններից, Ադրբեջանում կա կուսակցությունների մի երրորդ խումբ, որը հստակ կեցվածք չունի երկրի առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ: Այդ խումբն ունի բավական մեծաթիվ անդամներ, բայց ինձ համար մեծ գաղտնիք է մնում, թե նրանք ի՞նչ գաղափարներով են առաջնորդվում: Ձեւականորեն հանդես գալով որպես ընդդիմադիրՙ դրանք, ըստ էության, իշխանամետ կուսակցություններ են: Իմ կարծիքով, հենց այս կուսակցություններն են կոչվածՙ Ադրբեջանում ստեղծելու բազմակուսակցականության պատրանք: Կա եւս մի հանգամանք, որի մասին հարկ է խոսել: Ինձ թվում է, որ հնացել է կուսակցությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան: Ժամանակին ընդունված «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը կարիք ունի վերամշակման եւ ներկա պայմաններին հարմարեցման: Բայց այս հնացած օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու մասին միտքն անգամ հարուցում է հայրենի ընդդիմության ներկայացուցիչների անթաքույց վրդովմունքը: Եվ դա բնական է: Չէ՞ որ ընդդիմադիրները ենթադրում են, որ օրենքում որոշակի փոփոխություններ մտցնելուց հետո, իրենցՙ առանց այդ էլ ոչ նախանձելի վիճակը էլ ավելի կվատանա: Իհարկե, ներկա իրողությունների պայմաններում իրադարձությունների նման ընթացքը չի բացառվում, քանզի երկրի ներքաղաքական կյանքի ամենամեծ խնդիրներից մեկը չափից շատ թշնամանքն է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների եւ իշխող «Յենի Ազերբայջանի» միջեւ: Ցավոք, երկու կողմերն էլ չափից շատ ժամանակ են վատնում խոսքակռվի եւ հրապարակային անվանարկումների վրա: Ավելին, հաճախ ընդդիմության ներկայացուցիչներն անհաշտ բանավեճի մեջ են մտնում հակաիշխանական ճամբարիՙ իրենց, իբրեւ թե, բնական դաշնակցի հետ: Ցավոք, ստիպված ենք նաեւ արձանագրել, որ ընդդիմադիր կուսակցությունները չեն ստեղծել իրենց կայունությունն ապահովող մեխանիզմներ: Ուստիՙ այսօր Ադրբեջանում գործող բազմակուսակցական համակարգը մեծ չափով արդյունք է արհեստական ջանքերի: Այո՛, իշխանության ներկայացուցիչները շահագրգռված չեն, որ ընդդիմադիր կուսակցություններն ասպարեզից դուրս գան: Այո՛, իշխանությունը որոշակի ջանքեր է թափում, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները շարունակեն գոյություն ունենալ, բայց ոչինչ չի անում դրանց ամրապնդման համար, եւ դա միանգամայն բնական է: Չէ՞ որ իշխանությանն առաջին հերթին մտահոգում է իր դիրքերի ամրապնդումը, եւ այն շահագրգռված չէ իրոք ուժեղ ընդդիմախոսի առաջացմամբ: Բայց ընդդիմադիր կուսակցությունների եւ, մյուս կողմից, իշխող ու իշխանամետ կուսակցությունների ծրագրերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց միջեւ առկա տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Սա խոսում է այն մասին, որ հայրենի կուսակցությունները չունեն լուրջ գաղափարաբանական հիմք: Համենայն դեպս, ես չեմ կարող Ադրբեջանում գործող կուսակցությունները դասակարգել «ձախերի», «աջերի» եւ «կենտրոնամետների»: Այս պայմաններում նույնիսկ Կոմունիստական կուսակցությունը, որը կարծես թե անհետացել էր, հռչակելով անցյալի զինանոցից փոխ առած սկզբունքներ, կարող է հայտնվել ավելի շահեկան դիրքում, քան իրարից ոչնչով չտարբերվող կուսակցությունները, որոնց գաղափարախոսական հիմքը մնում է խիստ աղոտ:
- Իրականում ի՞նչ նշանակություն ունեն ընտրությունները քաղաքական կուսակցությունների եւ հասարակության համար:
- Ցանկացած ընտրության հետ մարդիկ կապում են առկա իրադրության փոփոխության հույսեր: Մինչդեռ հասարակության կյանքի համար Ադրբեջանում անցկացվող ընտրություններն իրական նշանակություն չունեն: Եվ դա հասկանալի է, քանի որ Ադրբեջանում ընտրությունների արդյունքները հայտնի են նախօրոք: Հետեւաբար, մնացած կուսակցությունների պարտությունը եւս կանխորոշված է: Արդյունքում ընտրազանգվածի այն մասը, որը նախկինում հույս ուներ, թե երկրում տեղի կունենան քաղաքական փոփոխություններ, այժմ արդեն կորցրել է հույսը, թե նման փոփոխությունների կարելի է հասնել ընդդիմության միջոցով: Վերջինս ի ցույց է դրել իր կատարյալ անօգնականությունը ներկա իշխանության հետ պայքարում եւ գործնականում կորցրել իր նշանակությունը: Ցավոք, հայրենի ընդդիմությունը, դասեր չքաղելով նախկին պարտություններից, նախանձելի համառությամբ շարունակում է օգտագործել քաղաքական պայքարի նույն մեխանիզմները, որոնք նախկինում նրան հաջողության չեն հասցրել: Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այն արդեն գտել է ստատուս քվոն պահելու հստակ մեխանիզմներ եւ հանգիստ գործադրում է դրանքՙ ստեղծելով սեփական դիրքերի անսասանության երեւութականություն, թեեւ ես համաձայն եմ, որ հաճախ այդ ստատուս քվոն պահպանելու մեթոդները չեն համապատասխանում ներկա իրողություններին եւ վերցված են անցյալի զինանոցից:
- Ի՞նչ ակտիվությամբ են քաղաքացիները մասնակցում ընտրություններին, ինչպե՞ս են օգտագործում իրենց ձայնի իրավունքը:
- Ես համաձայն եմ, որ տեղական ընտրություններում բնակչության ակտիվությունը լինում է խիստ ցածր: Բայց դա ունի իր բացատրությունը. մեր քաղաքացիները տեղական իշխանությունների հետ հատուկ հույսեր չեն կապում: Մինչդեռ, որքան էլ տարօրինակ թվա, հակառակ նշված բացասական գործոններին, խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում Ադրբեջանի քաղաքացիների ակտիվությունը բավական բարձր է: Այո՛, ընտրողների մասնակցության տոկոսների մասին ԿԸՀ-ի հայտարարած տվյալները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, բայց ընտրողների 45-50% մասնակցությունը, ժամանակակից եվրոպական չափանիշների համաձայն, միանգամայն նորմալ արդյունք է: Իսկ Ադրբեջանի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում առկա է ակտիվության այդպիսի մակարդակ: Շատ փորձագետների համար զարմանալի այս երեւույթը, իմ կարծիքով, ունի մի քանի պատճառ: Օրինակՙ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում մեծամասնական համակարգով, որը նախատեսում է կոնկրետ թեկնածուի ընտրություն, այլ ոչ թե ինչ-որ կուսակցության ներկայացուցչի: Եվ բնակչության յուրաքանչյուր հատված կենտրոնանում է մի թեկնածուի վրաՙ առաջնորդվելով անձնական շահերով եւ համակրանքով, հույս ունենալով խորհրդարանում ունենալ սեփական ներկայացուցիչը: Իսկ նախագահական ընտրությունների ժամանակ բնակչության բավական բարձր ակտիվությունն ինքնին հասկանալի է, քանի որ ընտրվում է երկրի ղեկավարը, այսինքնՙ որոշվում է երկրի ապագան:
- Արդյոք ընտրությունները ժողովրդավարակա՞ն են, եւ ի՞նչ դեր են խաղում արտաքին ուժերն ընտրություններում:
- Անկեղծ լինելու դեպքում, չենք կարող Ադրբեջանում անցկացվող ընտրություններն անվանել ժողովրդավարական: Բանը միայն այն չէ, որ մենք չենք վստահում ԿԸՀ-ի հայտարարած թվերին, այլ այն, որ ընտրություններում չափից շատ են պատահում բացահայտ կեղծարարություններ, որոնք կատարվում են գործադիր իշխանության ակտիվ միջամտությամբ: Դա կոպիտ եւ անթաքույց ձեւով կատարվում է մեր քաղաքացիների եւ ընտրությունների ընթացքին հետեւող տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների աչքի առաջ: Ինչ վերաբերում է արտաքին գործոնին, ապա այն ազդեցություն չի թողնում Ադրբեջանում անցկացվող ընտրությունների վերջնական արդյունքների վրա, ինչպես նաեւ չի նկատվում արտաքին ուժերի ակտիվ աշխատանքըՙ երկրում առկա վիճակը փոխելու ուղղությամբ: Այդուհանդերձ, կասկածից վեր է, որ Ադրբեջանի քաղաքական իրադրության կայունությունը կախված է արտասահմանյան երկրներից: Շատ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես խոշոր տերությունների ներկայացուցիչները ընտրությունների նախնական կամ վերջնական արդյունքների ամփոփման ժամանակ անում են հայտարարություններ, որոնք դժվար է համարել կոռեկտ:
- Այս առնչությամբ, խիստ տեղին է հարցն այն մասին, թե, Ձեր կարծիքով, երկրում ինչպե՞ս են վերաբերվում ընտրություններին միջազգային դիտորդների տված գնահատականներին, եւ առհասարակ Ադրբեջանում անցկացվող ընտրություններում ի՞նչ դեր է խաղում միջազգային դիտորդների ինստիտուտը:
- Սկսած 1998 թ. նախագահական ընտրություններից, միջազգային դիտորդներիՙ Ադրբեջանում անցկացվող ընտրությունների մոնիտորինգի որակն ավելի ու ավելի է ընկնում: Նրանց մեծամասնությունն ի ցույց է դնում իրենց ոչ կոմպետենտությունը ընտրությունների մոնիտորինգի եւ գնահատման հարցում, իսկ հաճախ պարզապես խուսափում իր վրա դրված պարտականությունները կատարելուց: Ուստիՙ բնակչության մեծ մասը, մեղմ ասած, զգուշավորությամբ է վերաբերվում մեր ընտրություններին միջազգային կազմակերպությունների տված գնահատականներին: Մեր ընտրությունների նկատմամբ միջազգային դիտորդների այդպիսի վերաբերմունքը ձեւավորվել է աստիճանաբար, ընտրությունից ընտրություն: Բայց վերջին տարիներին մեր ընտրությունների նկատմամբ նրանց բացահայտ արհամարհական վերաբերմունքն ուղղակի վրդովեցուցիչ է:
Հարցազրույցը` ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎԻ