«Կանադահայերի համագումարը», որին մաս են կազմում ՀԲԸՄ-Ալեք Մանուկյան դպրոցը, ՀԲԸՄ-ի Մոնրեալի մասնաճյուղը, ՌԱԿ-ը եւ Ս.Դ. Հնչակյան կուսակցությունները, Թեքեյան մշակութային միությունը, Լավալի Սբ. Խաչ եկեղեցին, Մոնրեալի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ Ստամբուլի հայերի ընկերակցությունը, մարտի 6-ին պատվել է կանադացի Ազատական կուսակցության նորընտիր առաջնորդ Ստեֆան Դիոնին, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանն ուղարկված հաղորդագրությունը: Ներկա են եղել 100-ից ավելի ճանաչված հասարակական գործիչներ եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երեկոյի ընթացքում պրն Դիոնը պարգեւատրվել է «պատվավոր հայ» հուշատախտակով, որին նա արժանացել է երկար տարիներ հայ համայնքի հետ սերտ կապեր հաստատելու եւ Հայ դատի ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերում իր անխոնջ աջակցության համար:
Իր պատասխան ելույթում շնորհակալություն հայտնելով պատվասիրության համարՙ նա կողմ է արտահայտվել Հայաստանում կանադական դեսպանության բացմանը, ինչպես նաեւ Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում հայ պատգամավորների առաջադրմանը:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ