Ֆուտբոլի աշխարհի ներկայիս չեմպիոն Իտալիայի հավաքականին ընդամենը մեկ ամիս էր վիճակված գլխավորելու ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակը: Մարտի 14-ին հրապարակված դասակարգման նոր ցուցակի առաջատարի դերն ստանձնել է Արգենտինայի հավաքականը, որին հաջողվել է նախորդ ամսվա համեմատ երկու հորիզոնական վեր բարձրանալՙ շրջանցելով Բրազիլիայի եւ Իտալիայի ընտրանիներին: Իսկ աշխարհի հնգակի չեմպիոններ բրազիլացիները, որ երկար տարիներ գլխավորում էին ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակը, եւս մեկ հորիզոնականով նահանջեցին եւ այժմ 3-րդ տեղում են:
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա մեր ընտրանին պահպանել է դիրքը ցուցակումՙ զբաղեցնելով 119-րդ հորիզոնականը: Ընդ որում, մեկ միավորով մեր հավաքականի վարկանիշն աճել է: Ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի առաջիկա մրցակից Լեհաստանի ընտրանին մեկ հորիզոնականով նահանջել է եւ այժմ 24-րդ տեղում է:
Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունեն պորտուգալացիները: Նրանք պահպանել են դիրքը 8-րդ հորիզոնականում: Ամենամեծ առաջընթացն ունեցել են ֆինները, որոնք 15 հորիզոնական բարձրացել են եւ զբաղեցրել 33-րդ տեղը: 7 տեղով առաջադիմել են ադրբեջանցիները (123-րդ տեղ), 2-ովՙ ղազախները (143-րդ), մեկովՙ սերբերը (28-րդ): Միայն բելգիացիներն են նահանջ ապրել 3 հորիզոնականովՙ զբաղեցնելով 56-րդ տեղը:
ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակի 207 երկրների հավաքականներից ամենամեծ առաջընթացն ունեցել է Պանամայի ընտրանին, որը 20 հորիզոնականով վեր է բարձրացել: 11 տեղով առաջադիմել է Նիկարագուայի ընտրանին: Իսկ ահա Կանադայի հավաքականը 16 տեղով նահանջել է: 13 հորիզոնականով նահանջել է Սալվադորի հավաքականը, 11-ովՙ մոլդովացիները: Անփոփոխ է մնացել լավագույն տասնյակի կազմը, որի ներսում տեղաշարժը վերաբերում է միայն առաջին եռյակին:
Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:
1. Արգենտինա | 1616 |
2. Իտալիա | 1592 |
3. Բրազիլիա | 1557 |
4. Ֆրանսիա | 1515 |
5. Գերմանիա | 1390 |
6. Անգլիա | 1339 |
7. Հոլանդիա | 1313 |
8. Պորտուգալիա | 1288 |
9. Չեխիա | 1195 |
10. Իսպանիա | 1161 |
11. Ուկրաինա | 1037 |
23. Ռուսաստան | 854 |
53. Ուզբեկստան | 558 |
66. Բելառուս | 466 |
76. Լիտվա | 425 |
85. Վրաստան | 374 |
94. Մոլդովա | 342 |
98. Լատվիա | 314 |
106. Էստոնիա | 266 |
119. Հայաստան | 210 |
123. Ադրբեջան | 201 |
127. Տաջիկստան | 188 |
143. Ղազախստան | 144 |
145. Կիրգիզիա | 131 |
158. Թուրքմենստան | 88 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ