Խորհրդարանում էկոլոգիայով զբաղվող անգամ մի պատգամավոր չկա
Երեկ Մամուլի ազգային ակումբում բնապահպանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի հետ սովորական հերթական ահազանգն էին հնչեցնում բնապահպանական աղետալի վիճակի մասին: Քննարկման տրամաբանությունից եթե դատենք, Հայաստանում ոչ միայն բնապահպանական անհուսալի վիճակ է առաջացել, այլեւ հուսահատեցնող է դրանց լուծմանը կոչված իշխանությունների վերաբերմունքն այս խնդիրների հանդեպ: Բավական է ասել, որ խորհրդարանում էկոլոգիական հարցերով լրջորեն կամ գոնե (ժամանակ առ ժամանակ) զբաղվող ոչ մի պատգամավոր չկա: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում է, որ օրենք ընդունողների մեծ մասը հենց իրենք ծառ կտրողներն են, եւ այդ պատճառով է, որ ավերված կանաչապատ հատվածների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Եվ բացի այդ, եթե նույնիսկ օրենքը կատարյալ է, կառավարությունը սովորաբար այնպիսի որոշումներ է ընդունում, որ այն շրջանցելու սողանցքներ են լինում: Իսկ այսպիսի խնդիրների համար անկեղծորեն ցավող պատգամավորների անզորության ապացույցը խորհրդարանի դիմացի Պուշկինի այգին է, որ արդեն քանի տարի հոշոտվում է խորհրդարանի դեմ ու դեմ:
Տնտեսագետը կարծում է, որ տնտեսական վայրի մրցակցության զոհ դարձած բնությունը եթե իսկապես ուզում ենք պաշտպանել, հասարակական կազմակերպություններն ու հասարակությունը պահանջատիրական այնպիսի կեցվածք պիտի ցուցաբերեն, ինչպես Շիկահողի փրկության ժամանակ էր: Թե չէ տարանջատ պայքարըՙ մասնագետները մի կողմից, հասարակական կազմակերպությունները` մյուս կողմից կամ բնակիչների տարերային բողոքները ոչ մի արդյունք չեն տա: Իշխանությունների հակասական վարքագծի մասին է շեշտադրում նաեւ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Մի կողմից քաղաքապետարանը ծառատունկերի ծրագրեր է իրականացնում, տարեկան 40-60 հազար ծառեր ու թփեր տնկելով, համաքաղաքային շաբաթօրյակներ կազմակերպելով, մյուս կողմից հանդուրժում է ծառ ու կանաչի հոշոտումը: Իհարկե, հպարտանում ենք Երեւանը համակած կառուցապատման տենդով, բայց ինչպես արդարացի նկատեց ակադեմիկոս Լիա Օսիպյանը, մայրաքաղաքի կենտրոնի կանաչը կլանած «էլիտար» շենքերը մշտական բնակիչներ երբեք չեն ունենա: Դրանց տերերը երեւի կգան միայն կարճ ժամանակով վայելելու իրենց էլիտար բնակարանների ճոխությունը, որովհետեւ հատկապես ամռանը նրանք շնչահեղձ կլինեն թթվածնի պակասից, ասֆալտի, բետոնի տապից, փոխադրամիջոցների աղմուկից ու առատ արտանետումներից:
Կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գոհար Օգանեզովան պսակազերծ է անում քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետի վերջերս արած հայտարարությունը, թե Երեւանի կենտրոնում մեկ բնակչին ընկնող կանաչի մակերեսը հնարավոր կլինի ապահովել ուղղաձիգ կանաչապատման միջոցով, այսինքնՙ շենքերի վրա մագլցող բույսեր աճեցնելով: Մասնագետի բացատրությամբ արմատային թույլ համակարգով, սաղարթներ չտվող մագլցող բույսերը երբեք չեն կարող փոխարինել բնական տարածքում կատարված կանաչապատումներին: Մի խոսքով, կանաչապատման բոլոր ծրագրերը ֆիկցիաներ են, ձեւական ակցիաներ, քանի որ կատարվում են խախտելով ճարտարապետական կանաչապատումների սկզբունքները, հարմարեցնելով դրանք բիզնեսի շահերին եւ ոչ թե հակառակը: Դրա համար էլ այդքան տարածված են Երեւանի պես փակ շնչառությամբ քաղաքներին հատուկ ախտերը` ասթմաներն ու ալերգիաները:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ