«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2007-03-14 | #47, 2007-03-15 | #48, 2007-03-16


ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳԵՐՈՒՄ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ

Համաշխարհային բռնցքամարտի իրադարձությունները լուսաբանող Fightnews.Ru ինտերնետային կայքում հրապարակվել են աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների վարկանիշային ցուցակները: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում գործող քաշային 17 կարգերից յուրաքանչյուրի համար կազմվել է 20 ուժեղագույն բռնցքամարտիկների ցանկը, ինչպես նաեւ այդ ցանկում ընդգրկվելու 6 հավակնորդների ցուցակը:

Ուժեղագույն բռնցքամարտիկների ցանկում ընդգրկված են չորս հայ մարզիկներ` Վախթանգ Դարչինյանը, Արթուր Աբրահամը, Խորեն Գեւորը եւ Մհեր Մկրտչյանը: IBF-ի եւ IBO-ի վարկածներով թեթեւագույն քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որ վեց անգամ հաջողությամբ պաշտպանել է ուժեղագույնի տիտղոսը, քաշային իր կարգում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Թեթեւագույն քաշի վարկանիշային ցուցակը գլխավորում է թաիլանդցի բռնցքամարտիկ Վոնգջոնգկամը: 2-րդ տեղում Վենեսուելան ներկայացնող Լորենցո Պարան է:

Միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը վարկանիշային ցուցակում եւս 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ ուժեղագույնների ցուցակը գլխավորում է WBC-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի ներկայիս չեմպիոն, ամերիկացի բռնցքամարտիկ Ջերմեյն Թեյլորը: Նա 2005 թ. կրում էր IBF-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները:

Ցուցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է ամերիկացի մեկ այլ բռնցքամարտիկ` Ռոնալդ Ռայթը: Հայ բռնցքամարտիկ Խորեն Գեւորն այս ցուցակում 18-րդ տեղում է: Իսկ մինչեւ 76,2 կգ քաշային կարգում գյումրեցի բռնցքամարտիկ Մհեր Մկրտչյանը, որ ներկայում բնակվում է Ռուսաստանում, զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը:

Ինտերնետային կայքը հրապարակել է նաեւ երկրների վարկանիշային ցուցակները: Երկրների վարկանիշները հաշվարկելիս հաշվի են առնում տվյալ պետության բռնցքամարտիկների ցուցանիշները 20 ուժեղագույնների ցանկում: 1-ին տեղը զբաղեցնելու համար տրվում է 20 միավոր, 2-րդ տեղը` 19 եւ այսպես շարունակ: Բնականաբար, ցուցակը եզրափակող բռնցքամարտիկին տրվում է մեկ միավոր: Ինչպես արդեն նշել ենք, վարկանիշային ցուցակներում տեղ են զբաղեցրել չորս հայ բռնցքամարտիկներ, որոնք ընդհանուր առմամբ Հայաստանին հաշվարկային 41 միավոր են պարգեւել (Վախթանգ Դարչինյանն ու Արթուր Աբրահամը` 18-ական միավոր, Խորեն Գեւորը` 3, Մհեր Մկրտչյանը` 2): Այս ցուցանիշով Հայաստանը եզրափակում է 20 ուժեղագույն երկրների ցանկը: Իսկ ցուցակը գլխավորում է Մեքսիկան (577,5 միավոր): Լավագույն տասնյակում են ԱՄՆ-ն (521), Ճապոնիան (203), Թաիլանդը (186), Մեծ Բրիտանիան (161), Ռուսաստանը (143), Արգենտինան (139), Ավստրալիան (137,5), Պուերտո Ռիկոն (125,5) եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (110,5):

Նկատենք, որ նախկին Խորհրդային հանրապետությունների մեջ Հայաստանն իր վարկանիշով զիջում է միայն Ռուսաստանին եւ Ուկրաինային (86,5): Բելառուսը 18 միավորով բաժանում է 35-36-րդ տեղերը, Ուզբեկստանը 38-րդ տեղում է (16): Կիրգիզիան 10 միավորով բաժանում է 46-47-րդ հորիզոնականները: 50-րդ տեղում Վրաստանն է (6 միավոր), 51-52-րդ տեղերն է բաժանում Ղազախստանը (5,5): Մյուս հանրապետությունները միավոր չունեն, քանի որ 20 ուժեղագույնների եւ վեց հավակնորդների ցանկում այդ երկրներից ոչ մի բռնցքամարտիկ ընդգրկված չէ:

Հրապարակվել է նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների բռնցքամարտիկների դասակարգման ցուցակը, որում տեղ են գտել քաշային յուրաքանչյուր կարգում 10 ուժեղագույնները: Բնականաբար, Վախթանգ Դարչինյանն ու Արթուր Աբրահամը քաշային իրենց կարգերում մրցակցությունից դուրս են եւ գլխավորում են դասակարգման ցուցակները: Ընդ որում, միջին քաշում, որտեղ առաջատարն Արթուր Աբրահամն է, 2-րդ տեղը զբաղեցնում է Խորեն Գեւորը, 4-րդ հորիզոնականը` Արսեն Խաչատրյանը: Մինչեւ 76,2 կգ քաշային կարգում ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Վանես Մարտիրոսյանը 5-րդ տեղում է: Նա առայժմ անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում` տոնելով 11 հաղթանակ: Թեթեւ քաշում Արման Սարգսյանն ու Արամ Ռամազյանը զբաղեցնում են համապատասխանաբար 8-րդ եւ 9-րդ հորիզոնականները: Առաջին թեթեւ քաշում Լեւոն Կիրակոսյանը 2-րդն է, իսկ կիսաթեթեւ քաշում Արտյոմ Սիմոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը: Թեթեւագույն քաշում էլ, որի ցուցակը գլխավորում է Վախթանգ Դարչինյանը, 10-րդ տեղում է Կարեն Հարությունյանը: Բերված այս բոլոր ցուցանիշները վկայում են, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում Հայաստանն ու հայ բռնցքամարտիկներն առաջատար դիրքեր են գրավում, ինչն իհարկե ուրախալի է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4