ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի գնահատմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նոր հանգրվան է մտել հատկապես Թուրքիայի հակազդեցության առումովՙ «Թուրքական կողմը գործի է դրել իր առավելագույն հնարավորությունները Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի որդեգրումը կասեցնելու: Տարբեր ատյանների ղեկավարներին Մ. Նահանգներ ուղարկելով, փորձում է ճնշում բանեցնել: Թեեւ ամերիկյան պաշտոնատարներն ասում են, թե Թուրքիան չի սպառնում իրենց, սակայն բանաձեւը մերժելու նրանց բոլոր հիմնավորումները բացահայտում են այդ սպառնալիքըՙ եթե Կոնգրեսը որդեգրի բանաձեւը, Մ. Նահանգների ռազմավարական շահերը կվնասվեն Մերձավոր Արեւելքում»:
Թուրքիայի անհանգստությունն ընդգծված արտահայտվում է ոչ միայն Մ. Նահանգներ կատարվող այցերով, այլեւ միջազգային դատարան դիմելու վերջին ամիսների կոչերով, ինչպես նաեւ մարտի վերջին Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պաշտոնական բացումով: Քարոզչական հնարքների դիմելու Թուրքիայի ճիգերը պարզորոշ ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի դեմն առնելու այլ հնարավորություն այլեւս չունի: «Թուրքիան նախ պետք է հաշտվի իր անցյալի հետ ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո սկսի Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ մշակելու գործընթացը», «Փաստարկ» ակումբում երեկ ասաց Մանոյանը:
Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը մերժելու վերաբերյալ Մանոյանը նշեց, որ Իսրայելի գործադիր իշխանությունը հրաժարվում է քննել Հայոց ցեղասպանության հարցը` հաշվի առնելով Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները. «Իսրայելի հասարակության մեջ կա մեկ շերտ, հատկապես մտավորականությունը, որն անբարոյական է համարում գործադիր իշխանության այդ կեցվածքը: Մի ժողովուրդ, որը ենթարկվել է ցեղասպանության, չի ճանաչում մեկ այլ ժողովրդի ցեղասպանությունը քաղաքական հաշվարկներից, շահերից ելնելով: Ըստ էության, Քնեսեթում մերժվել է ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլ հարցի քննարկումը: Որպես առաջին քայլ պետք չէ մեծ ձախորդություն համարել, մանավանդ որ Լեյբորիստական կուսակցության 3 անդամներ դեմ քվեարկեցին իրենց կուսակցության դիրքորոշմանը: Քննարկումներից հետո Իսրայելի հասարակության մեջ հետզհետե ավելանում է Հայոց ցեղասպանության ժխտողական կեցվածքից հրաժարվելու հասարակության պահանջը»:
Մ. Նահանգների պետքարտուղարության զեկույցում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից օկուպացված համարելը, նրա կարծիքով, խոսում է այն մասին, որ մեր նախընտրական շրջանում ամերիկյան իշխանությունները օգտագործում են ճնշման եւս մեկ լծակ: «Մի քիչ շատ ենք սկսել դասեր լսել ամերիկյան դիվանագետներից, պետքարտուղարությունից, նաեւ Երեւանում: Նրանք աջուձախ ելել են դաս տալու բոլորիս: Այդպիսի կտրուկ կեցվածքը ամերիկյան կողմի անկողմնակալությունը կարող է խնդրո առարկա դարձնել»:
Քարոզչական պատերազմի մասին խոսելիս նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզչության արդյունքները շոշափելի են, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Հայաստանը զիջում է` «Ղարաբաղյան բանակցություններին մոտենալով անկեղծությամբ, քարոզչական ճակատում հայկական կողմն իր դիրքերը զիջել է, իսկ ադրբեջանցիները հարցը տեղափոխելով տարբեր ատյաններ, խոչընդոտում են լուծմանը: Մենք պետք է նախաձեռնող լինենք քարոզչական ճակատում, նկատի ունենալով, որ բանակցությունները դեռ երկար են շարունակվելու թե՛ մեր, թե՛ իրենց ընտրությունների պատճառով»:
Մանոյանը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայ դատի համար զուտ պատմական փաստի հաստատում չէ, այլ ազգային անվտանգության խնդիր: «Եթե ապրելու ենք մի հարեւանի կողքին, որը չի ընդունում իր մեղքի բաժինը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ, ուրեմն մենք բավականին վտանգավոր հարեւանի կողքին ենք: Նախ Թուրքիան պետք է ցույց տա, որ ինքը նույն քայլին չի գնա: Դեռ ցույց չի տվել: Վերջին անգամ, առնվազն 1993-ին, ծրագրել էր Հայաստանի վրա հարձակվել: Ճանաչումից հետո հաջորդ քայլը պետք է լինի Թուրքիայի պատասխանատվությունը շեշտելը: Այս խնդիրը պետք է շեշտենք, հարցը միայն պատմական փաստի արձանագրում չէ: Ցեղասպանությունն այն ոճիրը չէ, որ ճանաչելուց հետո ասեսՙ ներողություն, լավ, հիմա ախպերություն անենք: Դա այնպիսի ոճիր է, որի ճանաչումը նաեւ հետեւանքներ պիտի ունենա: Այդ հետեւանքներն է, որ Թուրքիան պիտի կրի»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ